ՆԱԹՕ-ն պատրաստ է պաշտպանուել «առաջին սանթիմեթրից սկսած»։

Եւրոպան պատրաստւում է պատերազմին։ Եթէ նախկինում ՆԱԹՕ-ի հիմնարար տրամաբանութիւնը պտտւում էր զսպման գաղափարի շուրջ, ապա այսօր այն փոխարինւում է անմիջական դիմադրութեան եւ տարածքային պաշտպանութեան նոր տոքթրինայով՝ «պաշտպանել առաջին սանթիմեթրից» նշանաբանով։ Նման ձեւակերպումը դատարկ քաղաքական արտայայտութիւն չէ. այն արտացոլում է մի ամբողջ աշխարհայեացքային ու պաշտպանական շրջադարձ, որն առաջացել է Ուքրաինայի պատերազմի, ԱՄՆ-ի վստահութեան կորստի եւ Ռուսաստանի կայսերապաշտական վերադարձի համատեքստում։

Այս պահին Հիւսիսային եւ Արեւելեան Եւրոպայում ընթանում է աննախադէպ պաշտպանական վերազինում։ Եթէ մինչեւ Ուքրաինայի դէմ լայնամասշտաբ ներխուժումը ՆԱԹՕ-ի արեւելեան անդամները հիմնականում յենւում էին դաշնակիցների օգնութեան վրայ, ապա այսօր նրանք աքթիւօրէն վերակառուցում են սեփական պաշտպանական ինստիտուտները՝ միաժամանակ ինտեգրուելով համատեղ մուլտազգային համակարգի մէջ։

Ֆինլանտիա. «մենք երբեք չենք դադարել պատրաստուել»։

Ֆինլանտիան, որն անդամակցեց ՆԱԹՕ-ին 2023 թուականին, իր պաշտպանութիւնը կառուցում է ոչ թէ որպէս արձագանք, այլ՝ որպէս յստակ պայմանաւորուածութիւն։ Երկիրը ոչ միայն պահպանում է պարտադիր զինուորական ծառայութիւնը, այլ ունի մօտ 900,000 մարդուց բաղկացած պատրաստ ռեզերվ, ինչը կազմում է բնակչութեան աւելի քան 15%-ը։ Ֆինների մօտ 80 տոկոսը պատրաստ է կռուել։

Բացի այդ, Ֆինլանտիան ունի ռազմական պաշարների եւ ենթակառուցուածքների մի այնպիսի ցանց, որը նոյնիսկ շատ ՆԱԹՕ անդամ երկրներ չունեն․

30 մեթր կրանիթի տակ գտնուող հրամանատարական կենդրոններ եւ կործանիչների պազաներ

Բաւարար պարէն եւ վառելիք՝ մինչեւ 9 ամսուայ համար

Հեռահար հրթիռներ բոլոր ուղղութիւններով (ցամաք, օդ, ծով)

Պաշտպանական մտայղացումներ, որոնք հիմնուած են բնական միջավայրի վրայ՝ անտառներ, ճահիճներ, ցրտային շրջաններ։

Ֆինների ինքնավստահութիւնը գալիս է ոչ միայն պատրաստուածութիւնից, այլև հոգեբանական ընկալումից. պատերազմը հնարաւոր է ոչ թէ «եթե», այլ՝ «երբ»։

Պալթեան երկրները՝ համատեղ դիմադրութիւն՝ ռազմավարական խորութեան բացակայութեան դէմ

Էսթոնիան, Լաթվիան եւ Լիթվան համարւում են ամէնախոցելի պետութիւնները ռուսական հնարաւոր ագրեսիայի դէպքում։

Բնութագրական է, որ նախկինում ՆԱԹՕ-ն նախատեսում էր ռուսական հնարաւոր ներխուժման դէպքում թոյլ տալ այդ պետութիւններին ժամանակաւորապէս ընկնել եւ յետոյ ազատել։ Սակայն Ուքրաինայի քաղաքների աւերումներն ու էթնիք սպանութիւնները փոխեցին խաղի կանոնները։ Այսօր այդ մօտեցումը անընդունելի է։

Պալթեան երկրները՝ կառուցում են սահմանային պատնէշներ, պունքերներ, հակատանկային «վիշապի ատամներ», ստեղծում են համատեղ տարհանման փլաններ, վերականգնում են կամ ընդլայնում զօրակոչը (Լաթվիա), ձեւաւորում են ռազմական նոր միաւորներ՝ Լիթվայում նպատակ ունենալով ունենալ 17,500 զինուորից բաղկացած տիվիզիա։

Գերմանիան նախատեսում է Լիթվայում ունենալ մշտական պրիկատ՝ մօտ 5000 զինուորով։ Միեւնոյն ժամանակ ՆԱԹՕ-ի միջազգային զօրքերը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Քանատա եւ այլ երկրների մասնակցութեամբ, տեղակայւում են նաեւ Էսթոնիայում, Լաթվիայում եւ Լեհաստանում՝ հենց առաջին մարտական գծում։

Բոլոր երեք պետութիւններն էլ հրաժարուել են ականների արգելքի միջազգային պայմանագրից, այսպիսով իրենց իրաւունք վերապահելով պաշտպանական նպատակներով ականապատել սեփական սահմանները։

Լեհաստանը՝ Արեւելեան վահան

Լեհաստանի վերածումն Արեւելեան Եւրոպայի գլխաւոր պաշտպանական ուժի, արդէն փաստ է։ Վարչապետ Տոնալտ Թուսքը յայտարարում է բանակը մինչեւ 500,000 զինծառայողի ընդլայնելու ծրագրի մասին՝ ներառեալ բոլոր չափահաս տղամարդկանց պարտադիր ռազմական պատրաստութիւնը։

Լեհաստանը արդէն կառուցել էր 5.5 մեթր բարձրութեամբ պողպատէ պատ՝ Պելառուսի հետ սահմանի 186 քմ հատուածում, որն ի սկզբանէ արձագանք էր Պելառուսի եւ Ռուսաստանի կողմից կազմակերպուած միգրացիոն ճնշմանը 2021-ին։ Այժմ այդ պաշտպանութիւնը համալրւում է գիշերային եւ ջերմային տեսախցիկներով, նոր ճանապարհներով, իսկ «Արեւելեան վահան» ծրագրի շրջանակում՝ նաեւ հակաօդային համակարգերով, հակատանկային խրամատներով, պայթուցիկ հողերով։

Այս ամէնի ֆինանսաւորման համար Լեհաստանը ոչ միայն յատկացրել է 2.3 միլիարդ եւրօ, այլեւ յաջողութեամբ ներառել ծրագիրը ԵՄ պաշտպանական առաջնահերթութիւնների ցանկում՝ ստանալով եւրոպական աջակցութիւն։ Սա ԵՄ–ՆԱԹՕ փոխգործակցութեան սիմվոլիկ, բայց գործնական օրինակն է։

Ռուսական վտանգի ընկալումը

Թէեւ Փութինը շարունակում է յայտարարել, որ «Ռուսաստանը սպառնալիք չէ» եւ եւրոպական ռազմականացումը «անիմաստ» է, ՆԱԹՕ-ի վերլուծաբանները եւ ռազմական ղեկավարները զգուշացնում են՝ իրական խնդիրը ռուսական ագրեսիայի հաւանականութիւնը չէ, այլ այն, թէ ինչպէս է Ռուսաստանը գնահատում ՆԱԹՕ-ի վճռականութիւնը։

Քանի դեռ Ուքրաինայի պատերազմը շարունակւում է, եւ ԱՄՆ-ում յայտնւում են ձայներ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱԹՕ-ի պարտաւորութիւնները, Մոսկուան կարող է փորձել փորձարկել դաշինքի սահմանները։

Էսթոնացի փորձագէտ Քրիսթի Ռայքը նշում է․

«Եթէ ԱՄՆ-ը Ուքրաինային պարտադրի վատ խաղաղութիւն, Ռուսաստանը իրեն արդարացուած կը զգայ, եւ մեր անվտանգութիւնը լրջօրէն կը վտանգուի»։

Այդ իսկ պատճառով քոլեքտիւ պատասխանի պատրաստակամութիւնը դառնում է գոյաբանական հարց ոչ միայն ՆԱԹՕ-ի, այլեւ՝ եւրոպական քաղաքակրթութեան համար։

Եւրոպան կանգնած է պատմական ընտրութեան առաջ՝ կամ ստեղծել իրական, ինքնաբաւ, ապակենդրոն եւ տեխնոլոգիապէս զինուած անվտանգութեան համակարգ, կամ շարունակել ապաւինել ԱՄՆ-ին՝ անընդհատ տագնապելով Սպիտակ տանից եկող խոստումներից։

ՆԱԹՕ-ի ապագան կախուած է ոչ միայն ռազմական ուժից, այլեւ քաղաքական կամքից, հասարակական վստահութիւնից եւ պատմական յիշողութեան վերակառուցումից։ Իսկ Փութինի հարցը մնում է նոյնը՝

«Իսկ դուք իրականում կը պաշտպանէ՞ք միմիանց։ Թէ՞ կը գերադասէք խաղաղութիւն փրկութեան գնով»։

Եւ այս հարցը թաքուն չի մնայ ոչ մէկի մօտ՝ ո՛չ Հելսինքիում, ո՛չ Թալլինում, ո՛չ Վարշաւայում… եւ եթէ պատասխանը սխալ լինի, յաջորդ պատերազմի սկիզբը կը լինի ոչ թէ Ուքրաինայում, այլ հենց Եւրոպայում։


Արայիկ Մկրտումեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ