
Հայաստանում, բնականաբար, ուշադրութեամբ ու հետաքրքրութեամբ են հետեւում այն լարուածութեանը, որ առաջացել է եւ գոնե առ այս պահը խորանում է Ռուսաստանի ու Ատրպէյճանի միջեւ: Այստեղ, սակայն, թերեւս, հարկ է արձանագրել, որ գործ ունենք բաւականին հակասական մի իրավիճակի հետ: Երբ Ռուսաստանի եւ Ատրպէյճանի յարաբերութիւնը սերտ է, խորը, Հայաստանի համար դրանից առաջանում են ռիսքեր:
Բայց այդ ռիսքերը չեն նուազում ռուս-ատրպէճանական յարաբերութեան լարուածութեան պարագայում: Աւելին, այդ լարուածութիւնն էլ թերեւս պարունակում է Հայաստանի համար ռիսքերի իր չափաբաժինը: Հայաստանն ինչպէս ռուս-ատրպէճանական սիրավէպի շահառու չէ, այդպէս էլ չի կարող լինել ռուս-ատրպէճանական ապահարզանի շահառու:
Իհարկէ, ըստ էութեան չկայ գործնականում հնարաւորութիւն ազդել թէ մէկ, թէ միւս տարբերակի վրայ, ազդել ռուս-ատրպէճանական յարաբերութեան «քիմիայի» կամ «ալքիմիայի» վրայ: Բայց Հայաստանի համար անտեղի է նաեւ «ապահարզանին» երկրպագելը: Առաւել եւս որ առայժմ, կարծես թէ, լռում են որոշիչ սուբյեկտները՝ Փութինն ու Ալիեւը, որոնք հնարաւոր է դիրքաւորւում են որեւէ սակարկութիւնից առաջ:
Ի վերջոյ, որքան էլ վերջին տարիներին հայ-ռուսական յարաբերութիւնը ենթարկւում է ճգնաժամի եւ տրանսֆորմացիայի, այդուհանդերձ, Հայաստանը, ըստ էութեան մի շարք օբյեկտիւ իրողութիւնների բերումով գտնւում է մի դիրքում, որը Ատրպէյճանի համար այսպէս ասած՝ յարմար է Ռուսաստանին հարուածելու տեսանկիւնից: Այս հանգամանքը, իհարկէ, մեզ համար անհրաժեշտ է դարձնում ռուս-ատրպէճանական որեւէ լարուածութեան պարագայում աչալրջութեան ու զգօնութեան բազմապատկումը:
Բնականաբար, խօսքը դիւանագիտական միջոցների մասին է՝ հաշուի առնելով ուժերի ռազմական հաւասարակշռութիւնը: Այդ զգօնութիւնը եւ աչալրջութիւնը բազմապատկելու լրացուցիչ առիթ եւ պատճառ է, անշուշտ, այն, որ Թուրքիայի նախագահը ծրագրում է Յուլիսի 4-ին մեկնել Ատրպէյճան՝ տնտեսական գործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի առիթով, որն, ի դէպ, կարծես թէ ծրագրում են անցկացնել օկուպացուած Ստեփանակերտում: Միաժամանակ յայտնում են, որ Ատրպէյճանում է լինելու Փաքիստանի վարչապետը: Մէկ ամիս առաջ նրանք միասին Լաչինում էին, հաստատելով իրենց ռազմա-քաղաքական եռակողմ դաշնակցութիւնը:
Յակոբ Պատալեան
1in.am
30 Յունիս 2025







Մեկնաբանէ