Օրեր առաջ լրահոսում յայտնուեց նիւթ, ըստ որի՝ ատրպէճանցի հետազոտող եւ OC Media-ի աշխատակից Պահրուզ Սամատովը փորձել է ինքնասպան լինել բանտում՝ այն բանից յետոյ, երբ դատախազութիւնը պահանջել է նրան դատապարտել 16 տարուայ ազատազրկման՝ պետական դաւաճանութեան մեղադրանքով։

Այս լուրից մէկ օր անց՝ Յունիսի 23-ին, Պաքուի ծանր յանցագործութիւնների դատարանը պետական դաւաճանութեան մեղադրանքով 15 տարուայ ազատազրկման դատապարտեց խաղաղութեան աքթիւիստ Պահրուզ Սամատովին։

Այս անունը հայկական լսարանին կարող է առանձնապէս ոչինչ չասել, բայց մեզ համար հետաքրքրական է այն փաստը, որ Սամատովը մեղադրւում էր Հայաստանի օգտին դաւաճանութեան եւ լրտեսութեան մէջ։ Իսկ Սամադովի միակ իրական մեղքը խաղաղութիւնից ու Հայաստանի հետ բարիդրացիութիւնից խօսելն է եղել։

Սամատովի մեղադրական դատավճռի ընթերցումից յետոյ ատրպէճանցի պատմաբան Ալթայ Կոյուշովը, որն ապրում է Ատրպէճանից դուրս, իր X-ի էջում գրեց․ «Այսօր արդարութեան համար մութ օր է։ Իլհամ Ալիեւը 15 տարուայ ազատազրկման է դատապարտել երիտասարդ ատրպէճանցի գիտնական Պահրուզ Սամատովին։

Ո՞րն է նրա յանցանքը։ Նա համարձակուեց երազել խաղաղութեան մասին։

Նա հաւատում էր, որ հայերն ու ատրպէճանցիները՝ ժողովուրդներ, որոնք տասնամեակներ շարունակ բզկտուած են եղել բռնութեան եւ քարոզչութեան հետեւանքով, կարող են սովորել միմիանց տեսնել ոչ որպէս թշնամի, այլ որպէս մարդիկ՝ համատեղ ապագայով։

Նա հաւատում էր, որ երկխօսութիւնն ուժեղ է ատելութիւնից, որ խաղաղութիւնը հզօր է պատերազմից։

Բայց Ալիեւի համար այդ երազանքը սպառնալիք է։ Սպառնալիք՝ այն համակարգին, որից նա սնւում է՝ վախի, պառակտման եւ անվերջ հակամարտութիւնների վրայ կառուցուած։

Ալիեւն ինքն է բացայայտ յայտարարել, թէ ինչու է Պահրուզը պատժւում՝ որովհետեւ նա «շփուել է» հայերի հետ։ Քանի որ նա մերժել է ատելութիւնը։ Քանի որ նա համարձակուել է սիրել խաղաղութիւնը մի երկրում, որտեղ խաղաղութիւնը դարձել է յանցանք․․․»։

Սամատովը Հայաստանի օգտին լրտեսութեան մէջ մեղադրուող մի շարք աքթիւիստներից մէկն է ընդամէնը։ Այս տարուայ Ապրիլ ամսին Պաքուի ծանր յանցագործութիւնների դատարանը 15 տարուայ ազատազրկման է դատապարտեց Էմին Կասիմզատէին՝ դաւաճանութեան ու Հայաստանի օգտին լրտեսութեան մեղադրանքով: Մեղադրական եզրակացութիւնը պնդում է պարունակում, թէ ատրպէյճանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտօնական կառոյցների հետ եւ նրանց փոխանցել տեղեկութիւններ՝ Ատրպէյճանի պետական անվտանգութեան եւ շահերի դէմ։

Փաստացի, խաղաղութեան մասին զրոյցը կամ հայերի հետ որեւէ շփում, որն ուղիղ չի համակարգւում Ալիեւեան վարչակազմի հետ, համարւում է պետական դաւաճանութիւն։

Սամատովը ձերբակալուել էր 2024 թուականի Օգոստոսի 21-ին։ Նրան հանրային տիրոյթում մեղադրում էին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ատրպէյճանի վարած քաղաքականութեան մասին քննադատական յօդուածներ գրելու եւ հայ աքտիւիստների հետ կապեր ունենալու համար։ Սամատովին հիմնականում մեղադրում էին հայաստանեան ՀԿ-ների հետ կապերի եւ «Ոչ պատերազմին» շարժման անդամ լինելու մէջ։

Ատրպէյճանի պետական լրատուամիջոցները պնդում են, որ «Պահրուզ Սամատովը՝ յայտնի որպես «Ոչ պատերազմին» շարժման անդամ, 2020 թուականից՝ պատերազմի ժամանակաշրջանից սկսած, կապի մէջ է եղել Հայաստանի Հանրապետութեան յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչների եւ այդ երկրի քաղաքացիների հետ, ովքեր համագործակցել են նրանց հետ»։

«Ոչ պատերազմին» շարժումը, որը սկսել են ատրպէճանցի աքթիւիստները 2023 թուականի Յուլիսին, յատկապէս ուշագրաւ է, քանի որ նախորդել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան բռնի տեղահանութեանն ու էթնիկ զտմանը։ Ի պատասխան այդ շարժման՝ այն ժամանակ Ատրպէյճանի խորհրդարանի պատգամաւորները արշաւ էին սկսել աքթիւիստների դէմ։ Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցութեան պատգամաւոր Էլման Մամետովը նշել էր․ «Պատերազմի դէմ արշաւը գործողութիւն է Ատրպէյճանի պետականութեան եւ անվտանգութեան դէմ։ Սա պէտք է հետաքննուի պետական մակարդակով, պէտք է պարզուեն նրանց ինքնութիւնները եւ շատ լուրջ միջոցներ ձեռնարկուեն Ատրպէյճանի օրէնսդրութեան շրջանակներում»։

Մէկ այլ օրէնսդիր՝ Ալիեւի իշխող կուսակցութեան ներկայացուցիչ Այտին Միրզազատէն ասել էր, որ իւրաքանչիւր հասարակութիւնում կան խմբեր, որոնք ընդդիմանում են ազգային շահերին եւ ֆինանսաւորւում են արտերկրից, եւ Ատրպէյճանը բացառութիւն չէ։ Նա «Ոչ պատերազմին» շարժման կողմնակիցներին համարել էր այդպիսի խմբերից մէկը՝ հայկական շահերը սպասարկելու պնդմամբ։

Այս արշաւը եւս մէկ վկայութիւնն էր այն բանի, որ Ալիեւը պատրաստ չէ խաղաղութեան գնալ հայերի հետ։ Բացի այդ, ատրպէճանական պետութիւնը արագօրէն լռեցնում է հաշտութեան հնարաւորութեանը ձգտող սակաւաթիւ ձայներին։

Ես դրա մասին ահազանգել էի դեռ 2024 թուականի Հոկտեմբերին «EVN Report» կայքում հրապարակուած՝ «Լռեցնելով խաղաղութիւնը. Ալիեւը պահպանում է խաղաղութեան խօսոյթի արգելքը Ատրպէյճանում» վերնագրով իմ յօդուածում։ Դրանից յետոյ այս միտումը գնալով աւելի է սրւում։

Սամատովի ձերբակալութիւնից յետոյ, ատրպէճանական իշխանութիւնները կալանաւորեցին խաղաղութեան եւս երկու կողմնակիցների՝ Սամատ Շիխիին եւ Ճաւիտ Աղային, երբ նրանք փորձում էին հեռանալ երկրից։ Շիխին եւ Աղան շուտով ազատ արձակուեցին՝ նշելով, որ իրենց բերման էին ենթարկել Սամատովի դէմ ցուցմունք տալու նպատակով։ Աւելի ուշ Աղան յայտնեց, որ իր նկատմամբ սահմանուել է երկրի սահմանները անորոշ ժամկէտով լքելու արգելք։ Այդ մարդիկ թէեւ բանտում չեն, բայց փաստացի բանտարկուած են իրենց երկրի ներսում՝ հնարաւորութիւն չունենալով լքել Ադրպէյճանը։

Խաղաղութեան շուրջ խօսակցութեան «էմպարկօն» դրուած է հենց Ալիեւի կողմից, քանի որ թշնամանքի ու ատելութեան քարոզչութեան պահպանումը նրա վարչակարգի կարեւոր յենասիւներից մէկն է։

Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը թէ 2020 թուականից առաջ, եւ թէ՛ 2020-ից յետոյ մշտապէս օգտագործել է սադրիչ եւ ատելութեամբ լի բառապաշար՝ հայերին կոչելով «դաւաճան թշնամի», «արիւնարբու թշնամի», «հայ վանտալներ», «հայ վայրենիներ» եւ ասելով, թէ «հայերը ցոյց են տուել իրենց բարբարոսութիւնը»։ Չնայած նման հռետորաբանութիւնը նորութիւն չէ Ալիեւի համար, որը տասնամեակներ շարունակ ատելութեան խօսք է տարածել հայերի նկատմամբ, սակայն եկէք ընդունենք, որ խաղաղութեան մասին առաւօտից երեկոյ չդադարող քննարկումների համատեքստում, որոնք առկայ են մեր հանրային տիրոյթում, Ալիեւի կողմից այս քաղաքականութեան շարունակութիւնը, մեղմ ասած, համահունչ չէ։ Աւելին, այն հրահրում է ագրեսիա, թշնամանք եւ խթանում պատերազմական հռետորաբանութիւնը։

Այն, որ Ալիեւը չի ուզում, որ Հարաւային Կովկասում իրական խաղաղութիւն հաստատուի, ակնյայտ էր ի սկզբանէ։ Նրա գործողութիւնները, ինչպէս օրինակ՝ Արցախի՝ տաս ամիս տեւած շրջափակումը, որի արդիւնքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութիւնը հարկադրուած լքեց իրենց հայրենիքը, նրա մտադրութիւնների յստակ ցուցիչներից էին։ Չնայած դրան՝ շատերը, այդ թւում՝ Հայաստանի որոշում կայացնող շրջանակները, հաւանաբար հաւատում էին, թէ նրա թշնամական տրամադրութիւնները վերաբերում էին միայն Լեռնային Ղարաբաղին ու այնտեղ ապրող հայերին։ Ժամանակը ապացուցեց, որ այդ ենթադրութիւնը սխալ էր. Ալիեւը շարունակաբար աւելի յստակ կերպով ցոյց է տալիս եւ հաստատում իր ծաւալապաշտական ու զաւթողական յաւակնութիւնները։

2024 թուականի Սեպտեմբերի 20-ին, օկուպացուած Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ, Ալիեւը բացայայտ յայտարարեց

«Օկուպացիայի տարիներին տարբեր մայրաքաղաքներից ժամանած հիւրերն անընդհատ կրկնում էին, թէ այս հակամարտութեան համար ռազմական լուծում չկայ։ Դուք գուցէ յիշում էք այդ թէզը. «Ռազմական լուծում չկայ, պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով․․․Իսկ ի՞նչ էին ուզում մեզնից։ Ուզում էին, որ հաշտուենք պարտութեան հետ։ Ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտուի այդ պարտութեան հետ։

Մէկ այլ պնդում էլ կար՝ պէտք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Ոչ կառավարական կազմակերպութիւնների միջոցով անցկացւում էին տարբեր սեմինարներ։ Մեր հասարակութեան որոշ ներկայացուցիչներ վաճառուեցին օտար շրջանակներին, մասնակցեցին այդ դասընթացներին, շփուեցին հայերի հետ, պայմանաւորուածութիւններ ձեռք բերեցին, համատեղ հանդիպումներ կազմակերպեցին նրանց հետ։ Իսկ ինչպիսի՞ շփումներ կարող էինք ունենալ արիւնարբու թշնամու հետ, որը Խոջալուի ցեղասպանութիւնն էր կազմակերպել եւ մեր բոլոր քաղաքներն ու գիւղերը քարուքանդ արել էր Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց նրանց նպատակը, ովքեր ուզում էին պահպանել այդ օկուպացիան, այն էր, որ ապագայ սերունդը, երիտասարդ սերունդը, այլեւս չցանկանար պատերազմ, որ մենք հաշտուէինք Հայաստանի հետ, եւ այդ կերպ օկուպացիան մնար ուժի մէջ։ Բայց մենք՝ ատրպէճանցի ժողովուրդն, այդ բոլոր ծրագրերը խափանեցինք, տապալեցինք դրանք»։

2020 թուականից յետոյ Ալիեւը իր խօսոյթում առաջ է քաշում երկու հիմնական թէզ։ Նախ՝ նա վերահաստատում է, որ չի ցանկացել գնալ փոխզիջման վրայ հիմնուած խաղաղ լուծման տարբերակով։ Յիշենք, օրինակ, 2023 թուականին նրա յայտնի յայտարարութիւնը, որ «պատերազմը կեանքի առաքելութիւն է», այսպիսով ամբողջութեամբ մերժելով ոչ ռազմական լուծումների հնարաւորութիւնը։ Երկրորդ՝ նա փակել է հաշտեցման եւ խաղաղութեան շուրջ ցանկացած քննարկման հնարաւորութիւն, դարձնելով խաղաղ կարգաւորումը անհասանելի։

Ալիեւը կրկին ընդգծում է, որ արգելափակել է խաղաղութեան կամ հաշտեցման վերաբերյալ քննարկումների բոլոր ուղիները ատրպէճանցիների՝ մասնաւորապէս երիտասարդների շրջանում։

«Տարբեր պատրուակներով՝ համագործակցութիւն Հայաստանի հետ, տարբեր ՀԿ-ների միջոցով շփումների հաստատում՝ մարդկանց եւ հասարակութիւններին խաղաղութեան նախապատրաստելու նպատակով, փորձում էին հասնել նրան, որ Ատրպէյճանում մեծացող սերունդը մեծանայ այլ ոգով։ Բայց մեր նպատակն այն էր, որ մեծացող սերունդը լինի հայրենասէր, երբեք չհաշտուի այս անարդարութեան հետ, եւ եթէ մեզ չյաջողուի վերականգնել այս պատմական արդարութիւնը, ապա դա պէտք է անեն ապագայ սերունդները», – յայտարարել էր Ալիեւը 2024 թուականի Յունուարի 10-ի իր ելոյթում։

Այս երկու դիրքորոշումները լրացնում էին միմիանց։ Մի կողմից՝ Ալիեւը մերժում էր դիւանագիտական խաղաղութիւնը՝ նախընտրելով պատերազմ՝ իր նպատակներին հասնելու եւ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայութիւնն իսպառ վերացնելու համար։ Միւս կողմից՝ իր աւթորիթար ռեժիմում նա ճնշում էր եւ շարունակում է ճնշել ցանկացած երկխօսութիւն ատրպէճանական եւ հայկական հասարակութիւնների միջեւ՝ խեղդելով այլընտրանքային տեսակէտներն ու հաշտեցման ցանկացած ջանք։ Այս վտանգաւոր տինամիքան շարունակւում է անգամ այն բանից յետոյ, երբ Ալիեւն արդէն հասել է իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում։ Ինչը նշանակում է, որ Ատրպէյճանի զաւթողական ծրագրերն Արցախով չեն բաւարարուելու։ Աւելին, նա չունի խաղաղութեան կառուցման որեւէ իրական միտում։

Մօտ չորս տարի տեւած խաղաղութեան բանակցութիւններից յետոյ՝ որոնք հիմնականում ուղեկցուել են հայկական կողմի միակողմանի զիջումներով (ներառեալ՝ Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի մաս ճանաչելը եւ Տաւուշում արուած զիջումները՝ «խաղաղութեան համաձայնագրի» հեռանկարով), այժմ Ատրպէյճանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնք համաձայնագրի կնքումը դարձնում են անհնար։ Ալիեւը շարունակ բարձրացնում է իր ստորագրութեան գինը՝ միեւնոյն ժամանակ շարունակում է արգելափակել խաղաղութեան ու բարիդրացիութեան մասին որեւէ հանրային քննարկում։

Նրանք, ովքեր փորձել են նպաստել հայ-ատրպէճանական հնարաւոր հաշտեցմանը, ենթարկւում են ճնշումների եւ ազատազրկման։ Պահրուզ Սամատովը բազմաթիւներից մէկն է ընդամէնը, որը պատժւում է խաղաղութեան մասին խօսելու համար։ Փաստացի, խաղաղութեան մասին խօսելը յանցանք է Ատրպէյճանում։ Մինչդեռ զուգահեռ իրականութեան մէջ ՀՀ իշխանութիւնները հայ հանրութեանը փորձում են համոզել, որ խաղաղութիւնը երբեք այսքան հնարաւոր չի եղել Ատրպէյճանի հետ․․․

Տաթևիկ Հայրապետեան
Առաւօտ
24 Յունիս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ