Ներկայ վիճակը շատ նման է 1941-1943թթ վիճակին, երբ ռուսական քարոզչութիւնը պնդում էր, թէ իբր Սթալինկրատում ռուսների պարտութեան դէպքում թուրքերը յարձակուելու են Հայաստանի վրայ։ Սա բացարձակ սուտ էր, քանի որ Գերմանիան յաղթող կողմ լինելու դէպքում, ինքն էր փլանաւորում յարձակուել Թուրքիայի վրայ ու բացի այդ, եթէ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցը լինէր, ապա գերմանական բանակը ԽՍՀՄ կոչուած Ռուսաստանի վրայ կը գրոհէր նաեւ Թուրքիայի տարածքից, ինչը տեղի չի ունեցել։

Կայ մի կարեւոր ու պարզ տրամաբանութիւն՝ ոչ մի գերտէրութիւն յաղթանակ չի տանում նրա համար, որ իր կողմից պարտութեան մատնուած երկրի հաշուին, նրա հարեւան երկրները տարածքային աճ ու ազդեցութեան աճ ունենան։ Աւելի կոնկրէտ՝ ԱՄՆ-ը Իրանին չի յաղթում, որ դրանից օգտուեն Ատրպէյճանն ու Թուրքիան կամ Փաքիստանն ու Սաուտեան Արաբիան։ ԱՄՆ-ը Իրանին յաղթում է, որպէսզի մեծացնի իր ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքի հիւսիս-արեւելքում ու արեւելքում եւ փակի Չինաստանի ճանապարհը։ Յիշեցնեմ, որ օրեր առաջ Էրտողանը ամբողջ մահմետական աշխարհին կոչ արեց կանգնել Իրանի կողքին։ Օրեր առաջ Փաքիստանը պատրաստակամութիւն յայտնեց օգնել Իրանին, այն դէպքում, որ Փաքիստանն Ատրպէյճանի ու Թուրքիայի շատ մօտ դաշնակիցն է եւ փաստացի Իրանի թշնամին է։ Հետեւաբար, Փաքիստանի բերանով խօսում էր Չինաստանը։ Յիշեցնեմ նաև, որ Իսրայէլ-Իրան պատերազմից առաջ մենք ականատես եղանք Հնդկաստան-Փաքիստան կարճատեւ բախման, որը հաւանաբար Փաքիստանին սաստելու նպատակ էր հետապնդում։

Մի խօսքով, բացարձակ անտրամաբանական եմ համարում այն, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի յաղթանակից կարող են շահել իբր թէ Ատրպէյճանն ու Թուրքիան։ Հակառակը, պարտուած Իրանը աստիճանաբար դառնալու է ԱՄՆ-ի դաշնակիցը, իսկ ռուս-թուրք-չինական կապանքների մէջ յայտնուած Ատրպէյճանը, Իրանի դէմ պայքարի համատեքստում կորցնելու է իր նշանակութիւնը Իսրայէլի համար եւ ինքն է դառնալու թիրախ, որից մենք կարող ենք օգտուել Արցախն ու Նախիջեւանը ետ բերելու համար։

Շղթան հեեւեալն է՝ ռուս-ուքրաինական պատերազմով Ռուսաստանը թուլանում է եւ դուրս է մղւում Անդրկովկասից, Լիպիայից, Սիրիայից։ Ռուսաստանի դէմ գործելու նպատակով ուժեղացուած Թուրքիան աստիճանաբար կորցնում է իր դերն ու նշանակութիւնը ՆԱԹՕ-ի համար, որի ֆոնին ԱՄՆ-ը սկսում է (արդէն սկսել է) զինել Թուրքիայի հարեւան պետութիւններին՝ Յունաստան, Կիպրոս, Սիրիայի քրտեր, Իրաքի քրտեր, Հայաստան։

Իսրայէլ-Իրան պատերազմով թուլանում է Իրանը եւ աստիճանաբար անցնում է ԱՄՆ-ի ազդեցութեան տակ։ Այդպիսով վերանում է Ատրպէյճանի դերը Իսրայէլի համար՝ Իրանի դէմ, քանի որ արդէն չկայ իրանական սպառնալիք։ ԱՄՆ-Չինաստան ճակատը Մերձաւոր Արեւելքում շարժւում է դէպի արեւելք ու արդէն անցնում է Աֆղանիստան, Թուրքմենիա, Կասպից ծով, հիւսիսային Կովկաս գծով։ Իրանի ծովափնեայ շրջանների վրայ վերահսկողութիւն հաստատող ԱՄՆ-ը մուտք է գործում Կասպից ծով, որը Ռուսաստանի ամէնամեծ սարսափն է, քանի որ Ռուսաստանի գլխաւոր յաղթաթղթերից մէկը իր սահմանային ծովերի վրայ լիակատար հսկողութիւնն էր։ Սեւ ծովը ռուսները կորցնում են, Կասպիցը բացւում է Իրանի անկումով, արեւելքում կը սկսի աքթիւանալ Ճափոնիան, հարաւում՝ Հնդկաստան-Իրան զոյգը կը փակի Փաքիստանի ծովափնեայ շրջանները։ Այսքանը բաւարար է, հասկանալու համար, որ Իրանն ԱՄՆ-ին պէտք է ամբողջական, ոչ թէ մաս-մաս եւ Իրանի դէմ ԱՄՆ-ի յաղթանակից չեն կարող օգտուել ոչ թուրքերը, ոչ ատրպէճանցիները։ Աւելին, կարող է կատարուել հակառակը՝ փրոչինական ու փրոռուսական Ատրպէյճանը մի գեղեցիկ օր կարող է ենթարկուել փրոամերիկեան Իրանի յարձակմանը եւ ընկնել։ Սա ԱՄՆ-ին հետագայում շատ է պէտք, քանի որ այդպիսով Կասպից ծովի հարաւ-արեւմտեան ափերը եւս կ՛անցնեն ԱՄՆ-ի հսկողութեան տակ։

Կարծում եմ մօտակայ ամիսներին մենք կը տեսնենք շեշտակի փոփոխութիւն նաեւ ռուս-ուքրաինական ճակատում՝ ի օգուտ Ուքրաինայի, եւ ախոլները ետ կը վերցնեն իրենց բոլոր կորցրած տարածքները եւ անգամ կը մտնեն Ռոստովի մարզ՝ մօտենալով Ղազախստանի սահմանին, քանի որ Ուքրաինա-Ղազախստան հատուածը Ռուսաստանի ամէնանեղ հատուածն է եւ միակ ցամաքային ճանապարհը Վոլկոկրատից դէպի Կովկաս։ Միաժամանակ կը տեսնենք նաեւ Հնդկաստան-Փաքիստան պատերազմի սրում եւ Պելուճիստան նահանգի անկախացում Փաքիստանից, որով Փաքիստանը կը կորցնի իր ծովափնեայ շրջանները։ Այս պրոցէսին կ՛օգնի նաեւ փրոամերիկեան Իրանը, քանի որ Իրանի հարաւ-արեւելքում կայ նահանգ՝ Սիստան եւ Պելուճիստան անունով եւ Փաքիստանից Պելուճիստան նահանգի անկախացումը կարող է շահագրգռել Իրանին՝ ապագայում այդ անկախ կտորն իրեն միացնելու ակնկալիքով։

Մի խօսքով՝ ԱՄՆ-ը ձգտելու է փակել Հնդկաստանից մինչեւ Ուքրաինա ձգուող շղթան՝ ընդդէմ Չինաստանի եւ Ռուսաստանի։ Այս ճանապարհին ԱՄՆ-ի համար կեսնականօրէն կարեւոր են Հնդկաստանի, Իրանի, Փաքիստանի հարաւի, Հայաստանի, Ատրպէյճանի, Վրաստանի, Հիւսիսային Կովկասի եւ Ուքրաինայի տարածքները։ Շղթան փակւում է Պոմպէյից մինչեւ Ղրիմ ու Տոնէցք, որից յետոյ Չինաստանի պարտութիւնը ԱՄՆ-ի դէմ պայքարում կը դառնայ ժամանակի հարց։

Բայց իհարկէ Չինաստանը ձեռքերը ծալած նստած չի եւ այս շղթայի մէջ իր գոյութիւնը հնարաւորինս երկարացնելու համար, ՉԻնաստանին պէտք են առնուազն նաւթակազային մեծ պաշարներ, որը նա կարող է գտնել կամ Միջին Ասիայում, կամ Սիպիրում, ինչը նշանակում է, որ Ուքրաինայում Ռուսաստանի պարտութեան դէպքում Չինաստանն ամէն բան անելու է, որ նուաճի Սիպիրը։

Իրանի դէմ ԱՄՆ յաղթանակից Հայաստանի թշնամիներից եւ ոչ մէկը չեն օգտուելու, այլ հակառակը, մեծապէս տուժելու են։

Քարտէզում կարմիրով Չինաստան-ԱՄՆ ճակատն է այսօր, իսկ կանաչով՝ Չինաստան-ԱՄՆ ճակատը Իրանի պարտուելուց յետոյ։

Մխիթար Յարութիւնեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ