Յունիսի 13-ին Իրանի դէմ զանգուածային յարձակումներով Իսրայէլի սկսած պատերազմի պատրուակը Իսլամական Հանրապետութեան կողմից միջուկային ռումբի ստեղծումը խոչընդոտելը չէ: Այդ յարձակումը տեղի ունեցաւ նախքան ԱՄՆ-ի եւ իրանական ներկայացուցիչների միջեւ իրանական միջուկային հարցի վերաբերեալ բանակցութիւնների վեցերորդ փուլը, որը նախատեսուած էր Յունիսի 15-ին Օմանում: Իսրայէլի յարձակումը ագրեսիայի աքթ է միջազգային իրաւունքի ներքոյ, եւ աւելի զարմանալին այն է, որ այն տեղի ունեցաւ, երբ բարձր մակարդակի բանակցութիւններ էին ընթանում, եւ դիւանագիտութիւնը կարող էր խուսափել պատերազմից, եւ չկայ ապացոյց, որ Իրանը մօտ է միջուկային ռումբի ստեղծմանը:
Յարձակումը սկսուեց մօտ 200 իսրայէլական ռազմական ինքնաթիռների կողմից, որոնք զանգուածային հարուածներ հասցրին Իրանի խորքերում: Հարուածները թիրախաւորեցին իրանական ռազմա-հրամանատարական եւ վերահսկողական կենդրոններ, ՀՕՊ միջոցներ, օդանաւակայաններ եւ միջուկային օբյեկտներ: Իրանի էներգետիկ ենթակառուցուածքները նոյնպէս թիրախաւորուեցին, ինչպիսիք են Պուշեհրի նաւթավերամշակման գործարանը եւ Հարաւային Փարս գազային հանքավայրը, ինչը նշանակում է, որ Իսլամական Հանրապետութեան եկամտի հիմնական աղբիւրը նոյնպէս յարձակման տակ է: Իրանցի հարիւրաւոր քաղաքացիական անձինք սպանուեցին եւ վիրաւորուեցին: Իսրայէլը յաջողութեամբ սպանեց իրանցի բազմաթիւ ռազմական առաջնորդների, այդ թւում՝ բանակի գլխաւոր շտաբի պետ Մոհամմատ Պաղերիին եւ Յեղափոխական Գվարդիայի ղեկավար Հոսէյն Սալամիին, ինչպէս նաեւ մի քանի միջուկային գիտնականների: Սա միայն սկիզբն էր, քանի որ Իսրայէլի նախնական յայտարարութիւններում ասւում էր, որ յարձակումները կը շարունակուեն առնուազն երկու շաբաթ:
Առեղծուած է, թէ ինչպէս իսրայելական ռազմական ինքնաթիռները կարողացան յարձակուել Իրանի վրայ եւ վերադառնալ իրենց բազաներ: Իսրայէլը, թւում է, օգտագործել է իր ամէնաարդիական F-35, ինչպէս նաեւ F-15 եւ F-16 ռազմական ինքնաթիռները, բոլորն էլ ԱՄՆ արտադրութեան: Բայց այդ օդանաւերը չէին կարող յարձակուել Իրանի ներսում գտնուող թիրախների վրայ՝ 2000 քմ-ից աւելի հեռաւորութեան վրայ, որովհետեւ F-35-ը 1093 քմ-ից ոչ աւելի շառաւիղ, իսկ F-16-ը՝ 550 քմ, ինչը նշանակում է, որ Իսրայէլը կա՛մ ստացել է արտաքին աջակցութիւն՝ օդային վերալիցքաւորում (ԱՄՆ-ից), կա՛մ ռազմական պազաներ տարածաշրջանային պետութիւններից: Ցանկացած դէպքում, Իսրայէլը չունի Իրանի դէմ երկարատեւ օդային արշաւի հնարաւորութիւններ առանց ԱՄՆ-ի աջակցութեան՝ զէնքերի, զինամթերքի եւ հետախուզական տեղեկատուութեան տեսքով:
Քաղաքականապէս, Իսրայէլի յարձակումը մեզ յիշեցնում է 2003-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի ներխուժումը՝ «զանգուածային ոչնչացման զէնքերի» որոնման եւ իրաքեան բռնապետ Սատամ Հուսէյնի եւ ահաբեկչական կազմակերպութիւն Ալ-Քայիտայի միջեւ ենթադրեալ համագործակցութեան համար: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ճորճ Պուշը յայտարարեց, որ պայքարում է «չարիքի առանցքի» դէմ, որը, բացի Իրաքից, ներառում էր Իրանը եւ Հիւսիսային Քորէան: Ներխուժումը Իրաք յանգեցրեց հազարաւոր զոհերի, եւ շատ-շատերը խոշտանգուեցին Ապու Ղրէյպի նման բանտերում: Բայց զանգուածային ոչնչացման զէնք այդպէս էլ չգտնուեց: Ինչ վերաբերում է Ալ-Քայիտային՝ «տեռորիզմի դէմ պատերազմից» տարիներ անց՝ այս տարուայ Մայիսի 14-ին, ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը ժպտում էր տեսախցիկների առաջ՝ սեղմելով Ահմատ ալ-Շարաայի ձեռքը, որն այժմ Սիրիայի ղեկավարն է, իսկ ժամանակին Ալ-Քայիտայի հրամանատարներից մէկը: Անկախ նրանից, թէ դա իսլամիստական, ահաբեկչական թէ Ալ-Քայիըա է, գաղափարախոսութիւնները, նոյնիսկ արժէքային համակարգերը եւ դաշինքները, այսօր աւելի քիչ կարեւոր են, քան երբեւէ:
Ռազմականօրէն, Իրանի դէմ ներկայիս պատերազմն աւելի նման է անցեալ տարի Իսրայէլի կողմից Լիբանանում Հըզպոլլահի դէմ սկսուած պատերազմին: Իրականում, Նեթանիահուն յայտարարել է, որ Իրանի վրայ յարձակուելու որոշումը կայացուել է Հըզպոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանութիւնից կարճ ժամանակ անց, որը սպանուեց Հըզպոլլահի կենտրոնակայանի վրայ օդային հզօր հարուածի ժամանակ անցեալ տարուայ Սեպտեմբերի 27-ին: Իսրայէլական ուժերը նաեւ գլխատեցին Հըզպոլլահի ռազմական ղեկավարութիւնը թիրախային ռմբակոծութիւնների միջոցով՝ ցուցադրելով բարձր մակարդակի հետախուզութիւն՝ մարդկային հետախուզութեան բարդ մակարդակներով՝ լրտեսներ Հըզպոլլահի ներսում, ինչպէս այսօր իրանական հիերարխիայի ներսում, համակցուած սենսորներ՝ արհեստական բանականութեան եւ տուեալների հաւաքագրման համադրութեամբ:
Իրանի պատասխանը տեղի է ունենում իսրայէլական հակաօդային պաշտպանութիւնը մաշեցնելու նպատակով անօդաչու թռչող սարքերի շարունակական հարուածների միջոցով, ինչին յաջորդում են պալիսթիք հրթիռները: Թէեւ այդ հրթիռներից որոշները յաջողութեամբ խոցում են իսրայէլական օդային պաշտպանութիւնը եւ տպաւորիչ պատկերներ ստեղծում, դրանց ռազմական նշանակութիւնը սահմանափակ է թւում, քանի որ Իրանը չունի հետախուզութիւն եւ ճշգրիտ հարուածներ հասցնելու ունակ օդուժ:
Իրանի թուլութիւնը ոչ միայն ռազմական է, ինչպէս Իրաքի եւ Սիրիայի դէպքում էր. դա բռնաաճնշիչ վարչակարգի բնոյթն է, որը յաջորդաբար ճնշել է փոփոխութիւն պահանջող սոցիալական շարժումները՝ սկսած 2009-ի բողոքի յետընտրական ցոյցերից, տնտեսական դժուարութիւնների դէմ 2017-18 թուականներին պոռթկումներից մինչեւ վառելիքի թանկացման դէմ 2019-ի եւ 2023-ին Մահսա Ամինիի սպանութեան դէմ ցոյցեր: Իսլամական Հանրապետութեան կոշտ բնոյթը եւ բարեփոխումների մերժումը ստեղծել են ճեղքեր, որոնց միջոցով Մոսատը կարողացել է թափանցել եւ մարդկանց հաւաքագրել:
Իրանի դէմ պատերազմը, հնարաւոր է, Իրանում միջուկային զէնքի ստեղծման կանխարգելման մասին չէ, ինչպէս Իրաքի դէմ պատերազմը չէ՛ր Սատամի «զանգուածային ոչնչացման զէնքերի» մասին: Բայց Նեթանիահուն յստակ շարադրել է Իսրայէլի մտադրութիւնը՝ Իսլամական Հանրապետութեան ոչնչացում եւ դրա փոխարինումը ապակենդրոնացուած կազմաւորումներով, ինչպիսին է այսօրուայ Իրաքը կամ Սիրիան: Եթէ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք առաջացրեց երկու տասնամեակի պատերազմներ եւ աղէտներ ու յանգեցրեց Տահէշի նման հրէշի ստեղծմանը, իրանական պետութեան ոչնչացումը կը լինի ոչ պակաս, քան քաղաքակրթական աղէտ մեծ մասշտաբով:
Իսրայէլի մտասեւեռումը իր (ան)անվտանգութեան վրայ չի աւարտուի Իրանում: Մենք արդէն տեսնում ենք աշխարհաքաղաքական նոր լարուածութիւն Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ, որոնք այժմ առաջին անգամ ունեն ընդհանուր սահման Սիրիայի հարաւում: Կայուն Սիրիան, որը դաշնակցում է տարածաշրջանային ուժի՝ Թուրքիայի հետ, վտանգ է Իսրայելի համար: Թուրքիան ունի նաեւ քաղաքացիական միջուկային ծրագիր, որին աջակցում է Ռուսաստանը, ինչը մէկ այլ անհանգստութեան աղբիւր է Իսրայէլի որոշում կայացնողների համար: Թուրքիան, իր հերթին, անհանգստացած է Իսրայէլի տարածաշրջանային աճող ազդեցութեամբ, այդ թւում՝ քրտական կազմաւորումների նկատմամբ Իրաքում եւ Սիրիայում, որոնք ապագայում կարող են սպառնալիք դառնալ իր տարածքային ամբողջականութեան համար: Իսրայէլի եւ Թուրքիայի առաջնորդների միջեւ այս լարուածութիւնը Պաքւում բանակցութիւնների թեման էին, սակայն հարց է՝ որքան հեռու է Թուրքիան պատրաստ գնալ զիջումների՝ իսրայէլական մտահոգութիւնները բաւարարելու համար:

Վիգէն Չըթըրեան
Սիվիլնէթ
19 Յունիս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ