
Քարտէզում կարմիրով նշուած է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ընդհանուր ճակատը ծովով ու ցամաքով՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի շուրջը։
Հիւսիսում՝ Սառուցեալ ովկիանոսն է, որի հետ սահմանակից են միայն Ռուսաստանը եւ ՆԱԹՕ անդամ երկրները։
Արեւելքում ու հարաւ-արեւելքում՝ ԱՄՆ, Ճափոնիա, Հւ․ Քորէա, Թայուան, Ֆիլիփիններ, Սինկափուր գծով Ռուսաստանն ու Չինաստանը գրեթէ լրիւ զատւում են Խաղաղ ովկիանոսից։ Յամենայնդէպս ռազմական պայմաններում հնարաւոր է ռազմական նաւատորմով փակել այս շղթան։
Հարաւում եւ հարաւ-արեւմուտքում շղթան համեմատաբար աւելի բաց է, այստեղ ԱՄՆ դաշնակիցներ են՝ Աւստրալիան, Հնդկաստանը , Սաուտեան Արաբիան, Իսրայէլը, Յորդանանը, Իրաքեան եւ Սիրիական Քրտստանները։ Թուրքիան՝ պաշտօնապէս դաշնակից է, իսկ տէ ֆաքթօ գործում է Ռուսաստանի հետ համահունչ, ինչի համար յուսով եմ, որ ԱՄՆ-ը կը պատժի Թուրքիային եւ կը ջարդի այդ անպէտք գործիքը։
Արեւմտեան ուղղութեան վրայ շղթան լրիւ փակ է՝ Ֆինլանտիա, Էսթոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ուքրաինա, Մոլտովա, Ռումինիա, Պուլկարիա, Յունաստան։
Ինչպէս նկատում ենք քարտէզին նայելով, Չինաստանն ու Ռուսաստանն աշխարհի հետ կապւում են 3 ուղիներով՝ Հնդկաչին թերակղզով, Փաքիստանով եւ Մերձավոր արեւելքով, այլ ճանապարհներ չկան։
Կարմիր օղակը սեղմելու համար ԱՄՆ-ը պիտի փորձի Մերձաւոր արեւելքից դուրս մղել Չինաստանին ու Ռուսաստանին եւ իր ազդեցութեան տակ առնել տարածաշրջանի երկրները։ Այդ տրամաբանութեամբ է բացատրւում Փաքիստան-Հնդկաստան եւ Իսրայէլ-Իրան սրացումները։ Իրանն ու Անդրկովկասեան տարածաշրջանը առանցքային դեր ունեն այս հարցում, քանի որ այս երկու տարածաշրջանները կարմիր օղակի մաս դարձնելու դէպքում Չինաստանն ու Ռուսաստանը կը զրկուեն դէպի Եւրոպա եւ Աֆրիքա իրենց բոլոր ելքերից։ Փաքիստանով դէպի Արաբական ծով ելքը հանգիստ կարելի է փակել հնդկական եւ իրանական նաւատորմով, բայց նախ պէտք է Իրանը դարձնել շղթայի մաս, որից յետոյ Հայաստան-Վրաստան-Ատրպէյճան եռեակը ուզած-չուզած կ՛ընդգրկուի շղթայի մէջ։
Կարմիր օղակի մէջ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Ուքրաինա հատուածի ընդգրկման դէպքում ԱՄՆ-ի համար նուազելու է Իսրայէլի, Թուրքիայի եւ շատ արաբական երկրների դերը եւ կտրուկ բարձրանալու է շղթային մաս կազմած նոր երկրների դերը, այդ թւում ցաւօք նաեւ Ատրպէյճանի, բայց նաեւ Հայաստանի։ Սրա իրագործումից յետոյ չի բացառւում, որ ԱՄՆ-ը լուրջ ջանքեր կը գործադրի Թուրքիայի մասնակի տրոհման ուղղութեամբ, որից Հայաստանը կարող է մեծապէս շահել։ Թուրքիան յայտնի է իր անկառավարելի վարքագծով եւ ծաւալապաշտական նկրտումներով, հետեւաբար թուրքական ախոժակը զսպելու եւ շղթայի թիկունքն ամրապնդելու համար կարիք կը լինի Թուրքիան թուլացնելու։ Բայց դրանից կը շահենք մենք թէ քրտերը, ժամանակը ցոյց կը տայ։ Շահելու է ուժեղը, վճռականը, քաղաքական կամք եւ ռազմական հզօրութիւն ունեցողը։
Միշտ պէտք է յիշենք, որ ընթացող կլոպալ փրոցէսներն ինչ ելքով էլ աւարտուեն, մենք ոչինչ չենք շահի, եթէ շարունակենք թոյլ մնալ։ Մեզ կարեւորելու են եւ գնահատելու են որպէս դաշնակից, ոչ թէ որպէս փող եւ զէնք մուրացող մէկը։ Հետեւաբար, նախ պիտի ուժեղ լինենք, պիտի երկիրը ռազմականացնենք, պիտի խթանենք զէնքի արտադրութիւնը, պիտի բարձրացնենք բանակի մարտունակութիւնը, պիտի առաւելագոյնս իրացնենք պահեստազօրի ներուժը․․․ Այս արդիւնքներին հասնելու համար պէտք է բոլորիս ջանքերի համատեղում։
Մխիթար Յարութիւնեան







Մեկնաբանէ