Այսօր Պաթումի չարաբաստիկ պայմանագրի օրն է, որը կնքուեց նորաստեղծ 6 օրական Հայաստանի Հանրապետութեան եւ Օսմանեան Թուրքիայի միջեւ, 1918թ֊ի Յունիսի 4֊ին։ Կայ վարկած, որ Պաթումում գտնուող հայկական պատուիրակութիւնը տեղեակ չի եղել 1918թ֊ի մայիսեան հերոսամարտերի ու հայկական յաղթանակների մասին, իսկ թուրքական պատուիրակութիւնը տեղյակ է եղել։ Հետեւաբար, փոքրիկ հողակտորի վրայ հայկական պետութիւն ունենալու մասին թուրքերի հետ ձեռք բերուած համաձայնութիւնը, մեր անտեղեակ պատուիրակութիւնն ընկալել է որպէս յաջողութիւն եւ համաձայնուել է ստորագրել այդ պայմանագիրը։ Թուրքերն օգտուել են իրավիճակից։

Յիշենք այդ օրերին Պաթումի թուրքական պատուիրակութեանը գրուած Վեհիպ փաշայի նամակը․

«Հայերին յաղթելու համար ճակատում այլեւս ուժ չկայ։ Ղարաքիլիսայի եռօրեայ ճակատամարտը ցոյց տուեց, որ քանի դեռ նրանց գոյութիւնը վտանգուած է, նրանք կը նախընտրեն մահանալ կռուելով։ Նրանց մօտ մեծ ազգային վերելք է։ Մենք պէտք է պայմանաւորուենք հայերի հետ։ Այս պատերազմում Տարտանէլիից (Կալիբիոլիից) յետոյ Ղարաքիլիսան ամէնալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Այստեղ հայերն ապացուցեցին, որ կարող են աշխարհի լաւագոյն զինուորները լինել»:

Այսպիսի խոստովանութիւնը եւս վկայում է, որ մայիսեան հերոսամարտերից յետոյ հայկական դիրքերն իրականում շատ աւելի բարենպաստ էին, քան թուրքականը։ Թշնամու զինուժի հրամանատարը փաստացի խոստովանում է, որ հայերին չեն յաղթել եւ չեն էլ կարող այս պահին ունեցած ուժերով յաղթել ու պէտք է պայմանաւորուել․․․

Միւս կողմից թուրքերի գլխաւորը նպատակը Պաքուն էր եւ պէտք էր հնարաւորինս արագ անցնել դէպի Գանձակ, ապա Պաքու։

Ամէն դէպքում Պաթումի պայմանագրի պայմանները չէին արտացոլում մարտի դաշտում եղած իրավիճակը եւ հայկական կողմին պարտադրուեց շատ ծանր պայմաններով պայմանագիր, որը բարեբախտաբար ուժի մէջ մնաց ընդամէնը 6 ամիս։

Սակայն երբ կարդում ենք պայմանագրի յօդուածները, տպաւորութիւն է ստեղծւում, թէ այսօր Ատրպէյճանն է մեզ ուզում պարտադրել Պաթումի պայմանագրի պայմանները հենց նոյն մարտավարութեամբ՝ փորձելով 2020 եւ 2023թթ իր յաջողութիւնները ներկայացնել որպէս Հայաստանի ջախջախիչ պարտութիւն, ինչն ամենեւին էլ այդպէս չէ եւ պահելով վախի մթնոլորտում ու կտրելով իրականութեան զգացումից, Հայաստանին պարտադրել այն, ինչին Ատրպէյճանը չկարողացաւ հասնել զէնքի ուժով։ 1918թ-ի Յունիսի 4-ի սխալը չպիտի կրկնենք այսօր։

Այս հատուածը Ուիքիփետիայից մէջբերում է․

Պաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 յօդուածից։ Առաջին յօդուածով հռչակւում էր «խաղաղութիւն եւ յարատեւ բարեկամութիւն» երկու կառավարութիւնների միջեւ։ 2-րդ յօդուածով որոշւում էր Օսմանեան կայսրութեան եւ Վրաստանի, Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետութեան տարածքը պարփակւում էր Երեւանի գաւառի մի մասով եւ յարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար քիլոմեթր քառակուսի տարածութեամբ։ 4–րդ յօդուածով նախատեսւում էր Թուրքիայի ռազմական օգնութիւնը, եթէ Հայաստանի Հանրապետութիւնը խնդրէր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստութիւնն ապահովելու համար»։ Այս յօդուածը հնարաւորութիւն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զաւթելու համար։ 5-րդ յօդուածով Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պարտաւորւում էր թոյլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինուած խմբերի կազմաւորում։ 6-ից 10-րդ յօդուածները հիմնականում ուղղուած էին Հայաստանում իսլամադաւան բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ յօդուածով Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պարտաւորւում էր պայմանագրի ստորագրումից յետոյ անյապաղ դուրս բերել Պաքուից իր բոլոր զինուած ուժերը։ Պրեսթի հաշտութեան պայմանագրի այն բոլոր յօդուածները, որոնք չէին հակասում Պաթումի պայմանագրին, մնում էին ուժի մէջ (յօդուած 12-րդ)։ Պայմանագրի վաւերացման պայմանները սահմանւում Էին 14-րդ յօդուածով։

Կնքուեցին նաեւ լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անյապաղ զօրացրման եւայլնի վերաբերեալ։ Թուրքական կառավարութեանն իրաւունք էր վերապահւում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետեւելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զօրքերի անարգել փոխադրումներին։ Նոյն օրը թուրքական կառավարութիւնը պայմանագիր կնքեց նաեւ Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդուինը, Արտահանը, Պաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։

Մխիթար Յարութիւնեան
4 Յունիս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ