
Յունիսի 1-ին ՌԴ ռազմական օդանաւակայանների վրայ Ուքրաինայի յարձակումը ռազմական պատմութեան մէջ նոյն դերն ունեցաւ, ինչ 1941 թուականին Ճափոնիայի յարձակումն ԱՄՆ-ի խաղաղովկիանոսեան ռազմածովային ուժերի նաւատորմի կենդրոնական պազայի՝ Փըռլ Հարպըրի վրայ՝ ամբողջութեամբ վերաշարադրելով պատերազմի կանոնները:
Ինչպէս գրում է The Washington Post-ի սիւնակագիր Մաքս Պութը, Փըռլ Հարպըրի վրայ յարձակումը նշանաւորել է աւիակիրների վերելքը՝ որպէս ծովային պատերազմում գերիշխող ուժ։ Իր հերթին ուքրաինական անօդաչու թռչող սարքերի յարձակումը ռուսական կործանիչների վրայ բացայայտեց ամբողջ աշխարհում աւիապազաների խոցելիութիւնը։
«Ուքրաինական անօդաչու թռչող սարքերի խումբը, որի կառուցումը, հաւանաբար, արժէր ընդամէնը տասնեակ հազարաւոր տոլարներ, կարող է 2 միլիարդ տոլարի վնաս պատճառած լինել Ռուսաստանի ամէնաբարդ կառուցուածքն ունեցող ինքնաթիռներին»,- նշում է հեղինակը։
Ըստ Պութի՝ այս յարձակմամբ ուքրաինացիները յայտնաբերել են քրիթիքական խոցելիութիւն, «որը պէտք է գիշերը արթուն պահի աշխարհի իւրաքանչիւր գեներալի»:
«Եթէ ուքրաինացիները կարող էին անօդաչու թռչող սարքերն այդքան մօտ պահել ռազմականացուած պետութեան նման հիմնական աւիապազաներին, ի՞նչը կը խանգարի չինացիներին նոյնն անել ԱՄՆ-ի աւիապազաների, կամ փաքիստանցիներին՝ հնդկական աւիաբազաների, կամ հիւսիսքորէացիներին՝ հարաւքորէական աւիապազաների հետ», – հարցէ յղում յօդուածագիրը:
Արդիւնքում, ՌԴ զինուորականները, որոնք կարծում էին, որ իրենց աւիապազաներն ապահով են էլեկտրիֆիկացուած ցանկապատերի եւ պահակակէտերի միջոցով, այժմ ստիպուած կը լինեն հաշուի առնել երկնքից եկող սպառնալիքը, որը ներկայացնում են էժան, ամէնուր տարածուած անօդաչու թռչող սարքերը:
Ըստ յօդուածագրի՝ այս սպառնալիքի ֆոնին հսկայական ներդրումներ կը պահանջուեն հակատրոնային համակարգերում:
«Սարդոստայն» գործողութիւնը վճռական հարուած չի լինի ռուս զինուորականներին, ինչպէս Փըռլ Հարպըրի վրայ յարձակումը վճռական հարուած չէր ամերիկացի զինուորականներին, նշում է լրագրողը։ Սակայն Կիրակի տեղի ունեցած յարձակումը եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ ուքրաինացիներն ապացուցում են, որ շատ աւելի դիմացկուն եւ յարմարուողական կռուողներ են, քան որեւէ մէկը սպասում էր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսուելուց առաջ:
«Իհարկէ, ռուսները սեփական անօդաչու սարքերն են կառուցում Իրանի օգնութեամբ, բայց անօդաչուների մրցավազքում նրանք անընդհատ մէկ-երկու քայլ ետ են մնում ուքրաինացիներից, ինչպէս նորից ցոյց տուեց կիրակնօրեայ գործողութիւնը»,- ընդգծում է նա։
Բացի այդ, ըստ Պութի, կիրակի տեղի ունեցած յարձակումը կարող է նաեւ խաթարել միջուկային կայունութիւնը, քանի որ նոյն ռմբակոծիչները, որոնք սովորական թեւաւոր հրթիռներ են արձակում Ուքրաինայի դէմ, նախատեսուած են նաեւ միջուկային զէնք գործարկելու համար:
Յիշեցնենք, որ Կիրակի ուքրաինական անօդաչու թռչող սարքերը հարուածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանաւակայանների: Պատերազմից ի վեր ամէնամեծ նման յարձակման հետեւանքով խոցուել է ՌԴ աւիացիայի աւելի քան 40 ինքնաթիռ, այդ թւում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։
Ռուսական իշխանութիւնները դեռ չեն մեկնաբանել պատճառուած վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարուածները 5 մարզերի վրայ, որտեղ տեղակայուած են ռազմական օդանաւակայաններ։
Անօդաչու սարքերը գործարկուել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Յարձակման են ենթարկվել հետեւեալ աւիաբազաները՝ «Օլենեա» (Մուրմանսկի մարզ), «Պելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովօ» (Իվանովոյի շրջան) եւ «Տեագլեւօ» (Ռեազանի շրջան):
Ըստ ուքրաինական լրատուամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատւում է աւելի քան 2 մլրդ տոլար։
Ուքրաինայի նախագահ Վլատիմիր Զելենսքին երկրի Անվտանգութեան ծառայութեան՝ ՌԴ ռազմական օդանաւակայաններում աւելի քան 40 ռազմավարական աւիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողութիւնը որակել է փայլուն արդիւնք, որը կը մնայ պատմութեան գրքերում։
Զելենսքին յայտնել է, որ լսել է Ուքրաինայի Անվտանգութեան ծառայութեան ղեկավար Վասիլ Մալիուկի զեկոյցը այս գործողութեան վերաբերեալ։ Նա գործողութիւնն անուանել է Ուքրաինայի անկախ արդիւնք, որը նախապատրաստւում էր աւելի քան 1,5 տարի։
«Միանգամայն փայլուն արդիւնք: Ուքրաինայի անկախ արդիւնք: Փլանաւորման սկզբից մինչեւ արդիւնաւէտ իրականացում մէկ տարի, վեց ամիս եւ ինը օր: Մեր ամէնաերկար փլանաւորուած գործողութիւնը: Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողութիւնը, ժամանակին դուրս են բերուել Ռուսաստանի տարածքից», – ասել է նա:
Իր երեկոյեան ելոյթում Զելենսքին յայտնել է, որ այս գործողութեան ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործուել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողութեան «գրասենեակը» տեղակայուած է մարզերից մէկում ՌԴ Անվտանգութեան դաշնային ծառայութեան շտաբի կողքին։
Tert.am







Մեկնաբանէ