Ճշմարտութիւնն այն է, որ Սարդարապատի եւ Ապարանի ճակատամարտերում հայոց բանակի յաղթանակի գլխաւոր յենարանը եղել է Արագած լեռը եւ այս երկու ճակատամարտերը մեծ հաշուով մէկը միւսի թիկունքն էին եւ հայկական ուժերի միջեւ կապը խաթարել հնարաւոր չէր։ Հետեւաբար Սարդարապատից Ապարան եւ հակառակ ուղղութեամբ փոխօգնութիւնը գործել է անխափան։ Արագածը Սարդարապատի աջ թեւն էր ամրացնում, իսկ Ապարանի՝ ձախ թեւը։ Այս երկու ճակատամարտերում էլ հայկական զինուժը կռւում էր մէկ ճակատով, քարտէզում կարմիր աղեղով եմ նշել։

Վանաձորում պատկերն այլ էր՝ թուրքական բանակը Վանաձորը գրոհել է 3 ուղղութեամբ՝ Սպիտակ-Ղշլաղ-Վանաձոր, Ստեփանաւան-Բզովդալ-Վանաձոր եւ Ապարան-Մայմեխ-Վանաձոր ուղղութիւններով։ Վերջին ուղղութիւնը՝ Մայմեխ լերան ուղղութիւնը, նպատակ էր հետապնդում կտրել Վանաձորը Դիլիջանից եւ շրջապատել հայկական ուժերը Փամպակի ձորում (Վանաձոր քաղաքի տարածքում), ինչը թշնամուն չյաջողուեց։ Այլ էր պատկերը նաեւ զինուժի թուաքանակի եւ զինամթերքի առումով։

Սարդարապատի ճակատամարտում հայկական զինուժի քանակը մօտ 9000-10 000 զինուոր ու սպայ էր, որը զինուած էր 28 հրանօթներով։ Թուրքական ուժերի ընդհանուր թուաքանակը կազմում էր 7 500 – 10 000 զինուոր ու սպայ՝ ներառեալ քրտական ուժերը։ Թուրքերի տրամադրութեան տակ կար 40 հրանօթ։ Այսինքն Սարդարապատում հայկական մարդուժը առնուազն չէր զիջում թշնամու մարդուժին։

Ապարանի ճակատում հայկական զինուժի քանակը մօտ 6000 է եղել, թշնամու զինուժի քանակը՝ 13 000-ի չափ։ Սարդարապատում հայկական ուժերի վճռորոշ նախայարձակ գործողութիւնից ու յաջողութիւնից յետոյ, Դրոյի մօտ 4000-անոց զօրքը տեղափոխուեց Ապարանի ճակատ, այդպիսով հայկական եւ թշնամական զինուժի քանակական տարբերութիւնը գրեթէ զրոյացնելով։ Որից յետոյ Ապարանի ճակատում եւս յաջողութիւնը հայկական ուժերի կողմն անցաւ։

Այսպիսով, Սարդարապատի ու Ապարանի ճակատամարտերում միասին հաշուած հայկական զինուժի քանակը մօտ 16 000 էր, իսկ թուրքականինը՝ մոտ 23 000։ Ճիշդ ժամանակին կատարած հմուտ նախայարձակ գործողութիւններով հայկական զինուժը կարողացաւ նախ առաւելութիւն ստանալ Սարդարապատի ճակատում, ապա օգտուելով դրանից խոշոր զօրաշարժ կատարել դէպի Ապարանի ճակատ եւ երկու ճակատներում էլ չէզոքացնել թշնամու քանակական փոքր առաւելութիւնը։

Վանաձորի ճակատում հայկական զինուժի քանակը մօտ 6000 էր, որը զինուած էր 70 հրանօթներով եւ մօտ 20 գնդացիրներով։ Թուրքական զինուժի քանակը մօտ 10 000, որը 70 հրանօթ եւ 40 գնդացիր ուներ։ Վանաձորում հայկական զինուժը կռւում էր 3 ճակատով՝ հարաւ-արեւելեան (Մայմեխ լեռ), արեւմտեան (Արջուտ-Ղշլաղ) եւ հիւսիս-արեւմտեան (գիւղ Բազում), ինչը ստիպում է էլ աւելի ցրել առանց այդ էլ փոքրաթիւ պաշտպանական ուժերը։ Անգամ թշնամու հրամանատարութեան մէջ հիացմունք առաջացրած հայ զինուորները, որեւէ ուղղութիւնից օգնութիւն չստանալով, նահանջում են դէպի Լոռու ձոր եւ Դիլիջան։ Ճակատամարտի ողջ ընթացքում Անդրանիկ Օզանեանի մօտ 2000-անոց հայկական առանձին հարուածային զօրամասը Լոռու անառիկ ձորում խաղաղ նստած էր եւ օգնութեան չեկաւ։ Վանաձորի անկումից յետոյ Անդրանիկի զօրքը նահանջեց դէպի Դիլիջան, սակայն այստեղ էլ ճակատամարտ չտուեց ու շարժուեց Գավառ-Վայք-Նախիջեւան-Խոյ յետագծով։

Ամէնազարմանալին ինձ համար այն է, որ 20-րդ դարասկզբի ամէնահռչակաւոր 3 հայ զօրահրամանատարները, 1918թ-ի Մայիսի 24-28-ին գտնուելով աշխարհագրօրէն իրար շատ մօտ եւ ունենալով բաւական յարմար դիրքեր, չեն կարողացել համագործակցել ու յաղթանակ ապահովել Վանաձորի ճակատամարտում։ Անդրանիկը՝ Դսեղում, Դրօն՝ Ապարանում, Նժդեհը՝ Վանաձորում․․․

Ի՞նչ կը կատարուէր թուրքական զօրքերի հետ, եթէ Նժդեհը քաշուէր դէպի Փամպակի լեռները, Անդրանիկը Դսեղից շարժուէր դէպի Բազումի լեռների լանջերը, իսկ Դրօն զարգացնելով Ապարանի ճակատում տարած յաջողութիւնը, Ապարանից անցնէր դէպի Սպիտակ ու Վանաձորի դէմ գրոհող թուրքական զօրքին հարուածէր թիկունքից։ Ինչու՞ չի կայացել այս համագործակցութիւնը։

Վանաձորի քառօրեայ հերոսամարտը ոսկէ ժամանակ շահեց Ապարանի ու Սարդարապատի համար, բայց այստեղ մեր կրած պարտութիւնը եւ թուրքական բանակի անցումը դէպի Ղազա-Գանձակ-Պաքու յաջորդ երկու տարուայ մէջ հայ ժողովրդի համար արժեցաւ շուրջ 100 000 կեանքեր։ Պաքւում, Գանձակում, Շուշիում 1919-1920թթ կոտորուած այդ 100 000 եւ աւելի հայերից քանի՞սն էին հասկանում 1918թ-ի Մայիսի 24-28-ին, թէ ինչ է սպասւում իրենց, եթէ այդ օրերին հայկական զինուժը պարտուի։

«Լեռներիդ վրայ, լեռներիդ մէջ է քո փրկութիւնը» Գ. Նժդեհ

Մխիթար Յարութիւնեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ