
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մէջ Թրամփի կատարած ռատիքալ փոփոխութիւնը սկզբունքօրէն նոր ուղիներ է բացում ուժային բնոյթի խորին անհաւասարակշիռ վիճակում գտնուող աշխարհը դէպի որեւէ տեսակի հաւասարակշիռ ռեժիմի վերադարձնելու համար։
Մի անհաւասարակշիռ վիճակ, որը մեծ հաշուով սկսուել էր ՍՍՀՄ-ի փլուզման պատճառով եւ իր փիքին էր հասել 2000-ականներին Արեւմուտքի կողմից կառավարուող ուժային միաբեւեռության տեսքով։
Դեռեւս 1990-ականների սկզբում ամերիկեան քաղաքագէտ Ֆրենսիս Ֆուկույաման հանդէս էր եկել «պատմութեան աւարտի» մասին իր կոնցեպտով, ըստ որի սկսած անցեալ դարի 80-ականների կէսերից արեւմտեան լիպերալիզմը այեւս այլընտրանք չունէր։
Ենթադրւում էր նաեւ, որ բոլոր երկրներներում աստիճանաբար պէտք է հաստատուեն դեմոկրատական կարգեր եւ, որպէս դրա հետեւանք, կը վերանան բոլոր հակասութիւնները պետութիւնների միջեւ ու քոնֆլիքթներ այլեւս չեն լինի։
Չխորանալով «պատմութեան աւարտի» մասին հակապատմական այդ կեղծ կոնցեպտի էութեան մէջ, պէտք է նշել, որ այն հակասութեան մէջ էր մարդկութեան պատմութեան ամբողջ նախկին ընթացքի հետ։
Պատմութեան մէջ որեւէ անգամ, հերթական կլոպալ ուժի կողմից տոմինանթութեան հաստատման հետ միասին պատմութեան աւարտի մասին խօսք անգամ չի եղել։
Բացի դրանից, նման կոնցեպտի առաջ քաշելն ու հասարակական լայն շերտերի կողմից դրան հաւատալը խօսում է այն մասին, որ Ֆուկույամայի ու ուրիշների կողմից զարմանալիօրէն անտեսուել էին աշխարհաքաղաքական տինամիքայի տարրական օրինաչափութիւններն անգամ։
Ըստ այդ օրինաչափութիւնների, պատմութեան մէջ միշտ էլ որեւէ բացարձակ տոմինանթ ուժի տիրապետութեան հաստատումը մի շարք պատճառներով ծնում է դէպի տոմինանթութիւն ձգտող նոր աշխարհաքաղաքական ուժեր։
Այդ պատճառներն են՝
1․ Տոմինանթ ուժի անընդհատ աճող ճնշումը իր քաղաքակրթական ծայրամասերի վրայ։
2․ Քաղաքակրթական արժէքների ու տեխնոլոգիաների հոսքը կենտրոնից դէպի ծայրամասեր, որոնք նպաստում են վերջիններիս քաղաքակրթական եւ ուժային վերելքին։
3․ Միւս կողմից, տոմինանթ ուժի պայմաններում հարստութիւնների ներհոսքը ծայրամասերից դէպեւի կենդրոն բերում է վերջինիս բարեկեցութեան աստիճանական աճին, որի հետեւանքով տոմինանթ ուժի նախկինում փասիոնար ու կռուազան մարդիկ աստիճանաբար կորցնում են իրենց քաղաքակրթական արժէքները, որի հետանքով էլ տեղի է ունենում կենդրոնի ուժային անկում։
4․ Ծայրամասերի ուժային վերելքի ու կենդրոնի ուժային անկման հետեւանքով, որոշ ժամանակ անց, այդ երկու ուժերի միջեւ հաստատւում է հաւասարակշռութիւն, որն էլ անխուսափելիօրթն միաբեւեռ աշխարհակարգը դարձնում է առնուազն երկբեւեռ։
5․ Իրադարձութիւնների հետագայ ընթացքը, կախուած հանգամանքներից, կարող է դարձեալ բերել միաբեւեռութեան, շարունակել մնալ երկբեւեռ, կամ էլ դառնալ եռաբեւեռ եւ այսպէս, աշխարհակարգի անխուսափելի ուժային ցիկլը կրկնւում է։
Աշխարհակարգային տինամիքայի հենց այս ցիկլիկ բնոյթն էր, որը անտեսուել էր Ֆուկույամայի «պատմութեան աւարտի» կոնցեպտի մէջ, որի պատճառը կարող էր լինել կամ անգիտութիւնը, կամ էլ լիպերալիստական գաղափարներով հրապուրուածութիւնը, կամ էլ, պարզապէս, քարոզչական պատուէրի կատարումը։
Բոլոր դէպքերում աշխարհաքաղաքական իրադարձութիւնների հետագայ եւ ներկայ ընթացքը ցոյց տեւեցին այդ կոնցեպտի գիտական սնանկութիւնը, որն էլ, իր հերթին, ճանապարհ բացեց ապագայի կանխատեսման ռէալիստական ցիկլիկ մեթոտի համար։
Թրամփի ծառայութիւնը պատմական տինամիքայի նման ցիկլիկ բնոյթի գիտակցումն է, որը գլխովին շրջում է կլոպալ քաղաքականութիւնը, դրանով իսկ ուղի բացելով դէպի աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւն, որն էլ խաղաղ ապագայի միակ գրաւականն է։
Դա չի նշանակում, որ խաղաղութիւնը անմիջապէս կը հաստատուի, քանի որ Թրամփի, Փութինի եւ Սիի համատեղ ջանքերով առայժմ հնարաւոր է փոխել միայն միջազգային լարուածութեան աճի տենդենցը՝ փոխարինելով այն լարուածութեան նուազման տենդենցով։
Իսկ մինչեւ իրական ուժային հաւասարակշռութիւնը դեռ շատ ճանապարհ կայ անցնելու, քանի որ աշխարհը դեռեւս գտնւում է ուժերի նախկին դասաւորութեամբ պայմանաւորուած իներցիոն ռեժիմում։
Փաւէլ Բարսեղեան







Մեկնաբանէ