
Հնդկական առաջատար The Economic Times թերթն անդրադարձել է Թուրքիայի կողմից Փաքիստանին ցուցաբերուող աջակցութեան խնդրին։ Թերթը նշում է, որ Հնդկաստանն ի պատասխան խորացնում է գործակցութիւնը Յունաստանի եւ Հայաստանի հետ։ Ըստ թերթի՝ Հայաստանին հնդկական զէնքի մատակարարումը զուտ առեւտուր չէ։
Աճող լարուածութեան պայմաններում Թուրքիայի կողմից Փաքիստանին ցուցաբերուող աջակցութիւնը Հնդկաստանի դէմ մտահոգութեան առիթ է, յատկապէս զինամթերքի մատակարարման եւ ծովային համագործակցութեան առումով: Էրտողանի փանիսլամական արտաքին քաղաքականութիւնը սնում է այս դաշինքը՝ վտանգելով Հնդկաստանի տարածաշրջանային շահերը: Հնդկաստանը ռազմավարօրէն հակադարձում է թուրքական քայլերին՝ ամրապնդելով կապերը Յունաստանի եւ Հայաստանի հետ, ինչը վկայում է միջամտութեանը հակազդելու վճռականութեան մասին:
Ապրիլի 22-ին Փահալգամում երեք տասնեակ մարդու կեանք խլած ահաբեկչական յարձակումից օրեր անց, երբ Հնդկաստանն ու Փաքիստանը յայտնուեցին խորացող ճգնաժամի մէջ, քանի որ Հնդկաստանը խոստացավ պատժել յանցագործներին եւ նրանց փաքիստանցի հովանաւորներին, լուրեր տարածուեցին, թէ թուրքական մի քանի C-130E Hercules թրանսփորթային ինքնաթիռ վայրէջք է կատարել Փաքիստանում՝ զէնք տեղափոխելով: Սա ենթադրութիւններ առաջացրեց, որ Իսլամապատի ամէնամօտ դաշնակիցներից մէկը վերջին պահին զէնք է մատակարարում՝ հաւանաբար Հնդկաստանի հնարաւոր ճշգրիտ հարուածներին դիմակայելու համար:
Սակայն թուրքական կառավարութիւնը հերքեց այդ պնդումը: «Թուրքիայից բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Փաքիստանում միայն վառելիք լիցքաւորելու համար: Այնուհետեւ այն շարունակել է իր ուղին: Չպէտք է վստահել ոչ պաշտօնական անձանց եւ հաստատութիւններից դուրս տարածուող լուրերին»,- ասուած էր պաշտօնական հաղորդագրութիւնում:
Փահալգամի յարձակման հետեւանքով Փաքիստանը մեկուսացուել էր. նոյնիսկ նրա արաբական մերձաւոր դաշնակիցները խուսափում էին նրա կողմը կանգնելուց: Չինաստանը՝ նրա ամէնամօտ դաշնակիցը, նոյնպէս զգուշաւոր էր: Ենթադրւում էր, որ Թուրքիան եւս չի համարձակուի պաշտպանել Փաքիստանին Հնդկաստանի դէմ:
Այնուամենայնիւ, պարզւում է, որ Թուրքիան աքթիւ օգնում է Փաքիստանին Հնդկաստանի դէմ պայքարում: Հնդկաստանի կառավարութիւնը Ուրբաթ յայտնեց, որ Մայիսի 7-ի եւ 8-ի գիշերը փաքիստանյան բանակը Հնդկաստանի 36 տարբեր վայրերում յարձակում է գործել թուրքական SONGAR անօդաչուներով: Բացի այդ, անցեալ Կիրակի թուրքական TCG BÜYÜKADA ռազմանաւը ժամանել էր Քարաչիի նաւահանգիստ՝ թուրքական օդուժի C-130 ինքնաթիռի՝ քաղաք ժամանելուց ընդամէնը մի քանի օր անց: Թուրքական իշխանութիւնները այցը նկարագրեցին որպես սովորական նաւահանգստային այց՝ Օման նմանատիպ այցից յետոյ, սակայն դրա ժամանակաւորումը կասկածներ էր յարուցում:
Թէեւ Թուրքիան եւ Փաքիստանը ռազմական համագործակցութեան երկար պատմութիւն ունեն, եւ Թուրքիան նաեւ զէնք է վաճառում Փաքիստանին, զէնքի մատակարարումը եւ ռազմանաւի այցը Հնդկաստանի հետ հակամարտութեան ընթացքում վկայում են Հնդկաստանի դեմ Փաքիստանին Թուրքիայի աքթիւ աջակցութեան մասին:
Ինչո՞ւ է Էրտողանն աջակցում Փաքիստանին Հնդկաստանի դէմ
Ռեճէփ Թայիպ Էրտողանի օրոք, որը 2003-ից թուրքական քաղաքականութեան առանցքային դէմքն է (սկզբում որպէս վարչապետ, իսկ 2014-ից՝ նախագահ), Հնդկաստան-Թուրքիա յարաբերութիւնները անցել են պարբերական լարուածութեան շրջաններով՝ ընդմիջուած երկխօսութեան փորձերով:
Էրտողանի իշխանութեան գալուստով եւ նրա կողմից նէո-օսմանեան արտաքին քաղաքականութեան մոտէլի որդեգրումով, որը ձգտում է ընդլայնել թուրքական ազդեցութիւնը մուսուլմանական աշխարհում, Թուրքիայի վերաբերմունքը Հնդկաստանի հանդէպ սկսեց ունենալ գաղափարական եւ աշխարհաքաղաքական վերադասաւորումներ, յատկապէս Փաքիստանին եւ Քաշմիրին առնչուող հարցերում:
Էրտողանի կառավարման ներքոյ Հնդկաստան-Թուրքիա յարաբերութիւնների հիմնական վիճայարոյց կէտը եղել է Թուրքիայի կայուն աջակցութիւնը Փաքիստանի դիրքորոշմանը Քաշմիրի հարցում: Էրտողանը միջազգային հարթակներում բազմիցս բարձրացրել է Քաշմիրի հարցը, յատկապէս ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայում:
Փաքիստանի հետ Թուրքիայի զարգացող պաշտպանական գործակցութիւնը, այդ թւում անօդաչու տեխնոլոգիաների փոխանցումը եւ ծովային համագործակցութիւնը, ուղղակիօրէն մտահոգում է Հնդկաստանին: Թուրքական պաշտպանական ընկերութիւնները դարձել են աւելի աքթիւ Հարաւային Ասիայում, մինչդեռ Հնդկաստանը զգուշաւոր է տարածաշրջանում թուրքական ռազմական նկրտումների նկատմամբ:
Ինչպէ՞ս է Թուրքիան զինում Փաքիստանը
Էրտողանի փանիսլամական արտաքին քաղաքականութեան շրջանակներում Թուրքիա-Փաքիստան յարաբերութիւնները վերածուել են համակարգուած ռազմական համագործակցութեան, որն ընդգրկում է պաշտպանական արտադրութիւն, վերապատրաստում, համատեղ գործողութիւններ եւ ռազմավարական համադրում:
Թուրքիան եւ Փաքիստանը գնալով աւելի են դիտարկում իրենց որպէս աւելի լայն իսլամական աշխարհաքաղաքական խմբի մաս, յաճախ հակադրուելով Մերձաւոր Արեւելքի աւանդական ուժային կենտրոններին, ինչպիսիք են Սաուտեան Արաբիան եւ ԱՄԷ-ն, կամ տարածաշրջանային մրցակիցներին, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Յունաստանը: Էրտողանի յաւակնութիւնը՝ ղեկավարելու իսլամական ումման, համընկնում է իսլամական աշխարհում առաջնորդութեան Փաքիստանի երկարամեայ ձգտման հետ:
Զարգացման ամէնատեսանելի ոլորտներից մէկը եղել է պաշտպանական արդիւնաբերութեան համագործակցութիւնը, որտեղ Թուրքիան դարձել է Փաքիստանի զէնքի հիմնական մատակարարը: 2018-ին Փաքիստանը խոշոր պայմանագիր է կնքել թուրքական պետական պաշտպանական կապալառու ASFAT-ի հետ՝ չորս MILGEM դասի նաւերի համար, որը թուրքական դրօշակակիր տեղական ծովային ծրագրի մասն է: 1,5 միլիարդ տոլարանոց գործարք ներառում է նաեւ տեխնոլոգիաների փոխանցում:
Թուրքիան տրամադրել է Super Mushshak վարժական ինքնաթիռներ եւ յայտնել է անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու պատրաստակամութեան մասին՝ մի ոլորտ, որտեղ Թուրքիան միջազգային մեծ ճանաչում է ձեռք բերել, յատկապէս Bayraktar TB2 անօդաչուների մասով:
Ի՞նչ է անում Հնդկաստանը թուրքական քայլերին հակազդելու համար
Հնդկաստանն ուշադիր հետեւում է Թուրքիա-Փաքիստան խորացող պաշտպանական գործընկերութեանը՝ յատկապէս հաշուի առնելով Քաշմիրի հարցում Էրտողանի բացայայտ աջակցութիւնը եւ Փաքիստանի հետ ռազմական համագործակցութիւնը: Հնդկաստանը նաեւ ձեռնարկել է ռազմավարական հակաքայլեր՝ թուրքական ճնշմանը հակազդելու եւ Արեւելեան Միջերկրածովեան եւ Հարաւային Կովկասում՝ Թուրքիայի համար աշխարհաքաղաքական հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջաններում ազդեցութիւն ձեռք բերելու համար:
Հնդկաստանը զգալիօրէն խորացրել է դիւանագիտական կապերը Յունաստանի՝ Թուրքիայի պատմական ախոյեանի հետ: 2021-ին Հնդկաստանն ու Յունաստանն անցկացրել են իրենց առաջին համատեղ ծովային զօրավարժութիւնները Միջերկրականում: Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի այցերն աւելի յաճախակի են դարձել:
Մէկ այլ ուշագրաւ քայլով Հնդկաստանը սկսել է պաշտպանական համագործակցութիւն Հայաստանի հետ, որը հակամարտութեան մէջ է Ատրպէյճանի՝ Թուրքիայի մերձաւոր դաշնակցի հետ: 2022 եւ 2023 թուականներին Հնդկաստանը զէնքի բազմաթիւ գործարքներ է կնքել Հայաստանի հետ՝ մատակարարելով Pinaka հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ եւ հսկողութեան ռատարներ: Այս գործարքները զուտ առեւտրային բնոյթ չեն կրում. դրանք ներկայացնում են աշխարհաքաղաքական հակակշիռ թուրքա-ատրպէճանական առանցքին:
Հնդկաստանը նաեւ զարգացրել է ռազմավարական յարաբերութիւններ Իսրայէլի, ԱՄԷ-ի եւ Ֆրանսիայի հետ՝ երկրներ, որոնք նոյնպէս կասկածանքով են վերաբերւում Թուրքիայի տարածաշրջանային ձգտումներին:
Սիվիլնէթ
12 Մայիս 2025







Մեկնաբանէ