
Հայաստանի վարչապետ Ն.Փաշինեանն իր վերջին ելոյթներից մէկում յայտարարեց, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսքի խումբը լուծարելու որոշումը Ատրպէյճանի հետ համաձայնեցուած խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների նախագծի ստորագրման հետ միաժամանակ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է վստահ լինել, որ Մինսքի խմբի լուծարումը չի նշանակում Ատրպէյճանի տարածքում հակամարտութեան աւարտ, բայց դրա տեղափոխում Հայաստանի տարածք։
Այս յայտարարութիւնը վկայում է նրա մասին, որ Հայաստանի իշխանութիւնները սկսում են հասկանալ, որ Ատրպէյճանի (եւ, բնականաբար, Թուրքիայի հետ) խաղաղ յարաբերութիւնների հեռանկարը կապուած չէ Լեռնային Ղարաբաղի հետ (ես ժամանակաւորապէս հանգիստ կը թողնեմ Արցախ տերմինը՝ շահադրանքը պարզեցնելու համար)։ Բայց ԵԱՀԽ-ի Մինսքի խումբը Ատրպէյճանի հետ գործարքի շրջանակներում լուծարելու պատրաստակամութիւնը կարծես թէ հապճեպ քայլ է, քանի որ նման քայլը սպառնում է Ատրպէյճանին թողնել ղարաբաղեան հակամարտութեան շրջանի իրաւական փաստարկների ողջ զինանոցը: Ատրպէյճանի առանցքային յանցագործութիւնների միակ վկան այս միջազգային կառոյցն է։ Այն ժամանակ, երբ միջազգային յարաբերութիւններում հաստատւում է ուժի գերակայութիւնը եւ աշխարհի արմատական վերաբաժանումը, այդ յանցագործութիւնների ապացոյցների ողջ զինանոցից բաց թողնելը հենց հակամարտութիւնը Հայաստանի տարածք տեղափոխելու ուղիղ ճանապարհն է։
Յիշեցնեմ՝ Ատրպէյճանն արդարացնում է իր ողջ էքսպանսիոնիստական քաղաքականութիւնը միայն մէկ կեղծ փաստարկով «Հայաստանի կողմից Ատրպէյճանի տարածքի 20%-ի երեսուն տարի օկուպացիայի մասին»։ Ինչի արդիւնք էր, ըստ էութեան, Ատրպէյճանի կողմից նախկին Ատրպէճանական ԽՍՀ տարածքի մի մասի կորուստը, վկայում են Լեռնային Ղարաբաղի դէմ նրա կրուած ագրեսիայի մասին փաստերը։
Համոզիչ լինելու համար պէտք է հակիրճ մէջբերեմ Լեռնային Ղարաբաղի շուրջ առճակատման պատմութեան կարեւորագոյն պահերը՝ ցոյց տալով, թէ ով է միջազգային իրաւունքը խախտողը եւ ագրեսորը։ Կ՛անդրադառնամ հետեւեալի վրայ.
1992 թուականի Յունուարի 30-ին ԽՍՀՄ փլուզմամբ անկախութիւն ձեռք բերած Հայաստանն ու Ատրպէյճանը (թէեւ դեռեւս ճանաչուած էին մի քանի երկրների կողմից), միացան Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կոնֆերանսի աշխատանքներին (ԵԱՀԽ), ինչը նշանաւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման սկիզբն այս միջազգային կազմակերպութեան շրջանակներում։ 1992 թուականի Յունուարի 31-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը Փարիզում կայացած նիստում որոշեց իր զեկուցողներին ուղարկել ղարաբաղեան հակամարտութեան գօտի։ Այս առաքելութիւնից յետոյ Փետրուարի 28-ին ԵԱՀԽ բարձրաստիճան պաշտօնեաների կոմիտէն (CSSO) փորձեց հասնել Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման եւ հրադադարի: Նրա դիմումները ոչ մի ազդեցութիւն չեն ունեցել։ Այնուհետեւ, Մարտի 13-ին կայացած նիստից յետոյ, ՔՀԿ-ն դիմեց ԵԱՀԽ-ի խորհրդին՝ առաջարկելով գործող նախագահին որքան հնարաւոր է շուտ ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ հրաւիրել համաժողով Ղարաբաղի վերաբերեալ:
Ամէնակարեւոր հանգամանքն այն է, որ 1992 թուականի Յուունարի 30-ին Ատրպէյճանը եւ Հայաստանը ԵԱՀԽ-ում ընդունուեցին նոյն օրը։ Միեւնոյն ժամանակ, այս պետութիւնների ինքնիշխանութիւնը ճանաչուեց ԵԱՀԽ-ի կողմից՝ պայմանով, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի սեփականութեան վերաբերեալ տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնութիւնը, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը կ՛որոշուի ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ կայանալիք խաղաղ համաժողովում։
Բաւական է կարդալ ԵԱՀԽ 1992 թուականի Մարտի 24-ի ԵԱՀԽ Խորհրդի Հելսինքիի լրացուցիչ նիստի եզրակացութիւնների ամփոփագրի դրոյթները՝ համոզուելու մեր ներկայացրած փաստարկների վաւերականութեան մէջ։ Այսպիսով.
«Նախարարները համակարծիք են եղել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը պահանջում է ԵԱՀԽ-ի հետագայ գործողութիւնները»: «Նախարարներն իրենց ամուր համոզմունքն են յայտնել, որ ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ անցկացուող Լեռնային Ղարաբաղի խորհրդաժողովը մշտական ֆորում կ՛ապահովի ճգնաժամի խաղաղ կարգաւորման նպատակով ԵԱՀԽ սկզբունքների, պարտաւորութիւնների եւ դրոյթների հիման վրայ բանակցութիւնների համար:
«Նախարարներն ի գիտութիւն են ընդունել Հայաստանի եւ Ատրպէյճանի յանձնառութիւնը՝ լիակատար աջակցութիւն ցուցաբերելու ԵԱՀԽ Խորհրդի առաքելութեանը տարածաշրջանում, ինչպէս նաեւ ԵԱՀԽ-ի խորհրդի կողմից համաձայնեցուած այլ գործողութիւններին եւ կոչ են արել երկու երկրներին աքթիւօրէն իրականացնել այդ յանձնառութիւնը՝ տեւական խաղաղ կարգաւորման հասնելու նպատակով։
Ինչպէս տեսնում ենք, հակամարտութեան բնութագրումը ոչ մի կերպ չի կապում Լեռնային Ղարաբաղի պատկանելութիւնը Ատրպէյճանին. որոշման բոլոր կէտերը պարունակում են «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ» արտայայտութիւնը։ Ըստ այդմ, 1992 թուականին ընդունելով Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի որոշման խնդրի գոյութիւնը՝ Ատրպէյճանը միջազգային հանրութեան առաջ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ատրպէյճանի Հանրապետութեան իրաւասութեան բացակայութեան փաստը։ Առաւելագոյն իրաւունքը, որ Ատրպէյճանը ստացել է միջազգային հանրութիւնից իր ինքնիշխանութեան ճանաչման ժամանակ, դա ԼՂ կարգավիճակի որոշման բանակցութիւններին ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ անցկացուող միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցելու իրաւունքն էր։ Նոյն իրաւունքը ճանաչուեց Հայաստանի համար։
Այդ իրաւունքը ստանալու համար Ատրպէյճանը միջազգային պարտաւորութիւն է ստանձնել հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այստեղ կարեւոր է նշել մէկ կարեւոր քաղաքական հանգամանք. շահագրգիռ երկրները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, նոյնպէս ճանաչեցին ԵԱՀԽ Մինսքի խմբի պայմանները։ Այսինքն՝ Ատրպէյճանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի որոշման հրամայականը ճանաչուել է այն երկրների կողմից, որոնք ամէնամեծ ազդեցութիւնն ունեն հակամարտութեան իրավիճակի վրայ։
Սակայն, անդամակցելով ԵԱՀԽ-ին, Ատրպէյճանը անմիջապէս խախտեց իր միջազգային պարտավորութիւնները։ ԼՂՀ ատրպէճանական բնակավայրերը ռազմական յենակէտերի վերածելով՝ Ատրպէյճանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դէմ։ Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի միւս բնակավայրերը սկսեցին հրետակոծուել խոշոր տրամաչափի հրետանու միջոցով։ Ամբողջական տրանսպորտային շրջափակման մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց ինքնապաշտպանութեան իր իրաւունքը։ Ատրպէյճանի լայնածաւալ ագրեսիան յանգեցրեց նրան պարտութեան։ Արցախի Հանրապետութիւնը (ԼՂՀ) դե ֆակտօ առաջացել է 1992-94 թուականների Ղարաբաղեան առաջին պատերազմում տարած յաղթանակի արդիւնքում։
Նախկին ատրպէճանական ԽՍՀ-ի բնակչութեան տարանջատում տեղի ունեցաւ էթնիկական սկզբունքով: ԼՂՀ-ի եւ Ատրպէյճանի շփման գիծը միջազգայնօրէն ճանաչուեց. Փաստօրէն, նախկին ատրպէճանական ԽՍՀ-ի տարածքում ձեւաւորուել են երկու անկախ սուբյեկտներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը եւ Ատրպէյճանի Հանրապետութիւնը։ 1994 թուականի Մայիսի 12-ի զինադադարը Ատրպէյճանի Հանրապետութեան եւ ԼՂՀ-ի միջեւ կնքուել է Հայաստանի Հանրապետութեան մասնակցութեամբ։
Նշենք, որ ոչ մի միջազգային փաստաթղթում չկայ յայտարարութիւն, որ պատերազմի ընթացքում կորցրած տարածքները օկուպացուած են Հայաստանի Հանրապետութեան կողմից։ Չկան նաեւ պնդումներ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը կազմաւորուել են Հայաստանի կողմից։ Այս փաստը հեշտութեամբ բացատրւում է նրանով, որ մինչեւ 1992 թուականի Մայիսին Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման ճեղքումը, ԼՂՀ-ն խստօրէն մեկուսացուած էր Հայաստանից։ Ստեփանակերտի օդանաւակայանում կար միայն սահմանափակ օդային հաղորդակցութիւն՝ ամբողջութեամբ վերահսկուող խորհրդային եւ ատրպէճանական ներքին զօրքերի կողմից։ Լեռնային Ղարաբաղն իր ինքնապաշտպանական ուժերի համար զէնք է ստացել այնպէս, ինչպէս Ատրպէյճանը՝ իր տարածքում տեղակայուած խորհրդային զօրամասերից։ Իսկ ծանր տեխնիկայի մեծ մասը ինքնապաշտպանական ուժերը գրաւել են ատրպէճանական զինուժից մարտական գործողութիւնների ժամանակ։
Վերոնշեալ հանգամանքն արտացոլուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերում, որտեղ Հայաստանի դերը հակամարտութիւնում գնահատուել է որպէս միայն Լեռնային Ղարաբաղի վրայ ազդեցութիւն ունեցող կողմ։ Այս նոյն բանաձեւերը ճանաչում էին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին եւ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում վերահսկելու նրանց իրաւունքը։ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը ԵԱՀԽ-ի դիրքորոշումից տարբերուող ոչինչ չեն նշում։
ԵԱՀԽ Մինսքի խումբը քառորդ դար երբեք չի դատապարտել Ատրպէյճանի կոպիտ խախտումները. Նա նաեւ չդատապարտեց 2020-ի նոր ագրեսիան: Այնուամենայնիւ, ընդունելով նոր իրողութիւնները, ԵԱՀԿ/ԵԱՀՀ Մինսքի խումբը հանդիսանում է Ատրպէյճանի հիմնական յանցագործութիւնների փաստերի պահապանը. խախտելով հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու 1992 թուականի պարտաւորութիւնը եւ դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղէտ տարածաշրջանում, խաթարելով միջազգային կոնֆերանսը, կատարելով վէճի առարկայի անեքսիա Լեռնային Ղարաբաղում ուժային գործողութիւևների եւ էթնիկ զտումների միջոցով:
Մանուէլ Սարգսեան







Մեկնաբանէ