Նախ` թէզեր, որոնք կը փորձեմ հիմնավուել:

1. Ղարաբաղեան շարժումից հնարաւոր չէ հրաժարուել

2. Եթէ նոյնիսկ հնարաւոր է, ապա դա որեւէ կերպ չի բերելու խաղաղութեան Ատրպէյճանի հետ

3. Ղարաբաղեան հարցի լուծում միֆը վաղուց պայթել է փուչիկի հետ, բայց հայկական քաղաքական էլիտաները դա չնկատելու են տալիս, քանի որ այլ բան չունեն էլ առաջարկելու հայ ժողովորդին:

4. Մենք հայ ժողովորդին առաջարկում ենք ոչ թէ ուտոպիաներ, այլ իրականութիւն, ոչ թէ Ղարաբաղեան հարց, այլ` Հայաստանի, ոչ թէ միֆական լուծում, այլ անկախութեան իրական պայքար եւ Յաղթանակը որպէս նպատակ:

Հերթով:

Ինչու հնարաւոր չէ հրաժարուել Ղարաբաղեան շարժումից:

Ղարաբաղյան շարժումը միայն 10 օր է եղել հենց Ղարաբաղեան` 1988 Փետրուարի 20 -ից մինչեւ Մարտի սկիզբ, երբ Երեւան մտցուեց սովետական բանակը: Էլ չասած, որ նոյնիսկ ի սկզբանէ հիմքում եղել է նաեւ բնապահպանական հարցը:

Սկսած այդ պահից Ղարաբաղեան շարժումն աստիճանաբար վերածուել է Հայաստանի անկախութեան եւ դեմոկրատացման լայն զանգուածային շարժման, փաստացի` հայկական յեղափոխութեան: Երբեք Հայաստանում անկախութեան հարցը լայն աջակցութիւն չէր ստանայ, եթէ չլինէր այդ շարժումը:

Եթէ չլինէր այդ շարժումը, Հայաստանի անկախութիւնը լրիւ այլ որակ կը ստանար: Մօտաւորապէս նոյնպիսի ինչպիսին ստացաւ այն յետսովետական երկրներում, ուր հզօր ժողովորդական շարժումներ չեղան` Միջին Ասիա, Պելառուս, մասամբ` Ատրպէյճան:

Հայաստանը կ՛անկախանար արտաքին հանգամանքների բերմամբ, բայց անկախութիւնը չէր միջնորդուի ու նախապատրաստուի ժողովրդական շարժմամբ ու պահանջով:

Լրիւ այլ քաղաքական համակարգ ու աւանադոյթներ կը ձեւաւորուէին: Հայաստանում իշխելու էին նախկին կոմունիստները, եւ հաստատուելու էր հաւանաբար ալիեւեան Ատրպէյճանից մի քիչ աւելի փափուկ աւտորիտար ռեժիմ:

Չէր լինի հրապարակային զանգուածային պայքարի աւանդոյթը: Չէր լինի եւ ինքը Ն. Փաշինեանը որպէս գործիչ:

2. Այս ամէնով հանդերձ, Ատրպէյճանի հետ կոնֆլիկտից հնարաւոր չէ լինելու խոսւսափել: Թէ ինչ բնոյթ, առիթ, ժամկէտ, ծաւալ կ՛ունենար դա, հնարաւոր չէ ասել: Բայց մեծ հաւանականութեամբ կ՛ունենար: Դա ես փորձել եմ ժամանակին ներկայացնել Այլընտրանքային պատմութեան իմ շարքում, եւ ոչ թէ որպէս զուտ ֆենթեզի, այլ որպէս հիմնաւոր սցենար:

Հայաստան-Ատրպէյճան հակասութիւնն ունի օբյեկտիւ լուրջ հիմքեր, այլ ոչ թէ ինչ որ մէկի քափրիզն է: Առաւել կարեւոր հիմքը այն սահմաններն են, որոնք ռուս-թուրքական դաշինքով գծուել են Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ 1921 թ;_ին: Դրանցով ստեղծուած երկուսի անհամաչափութիւնն ինքնին կոնֆլիկտի բուն է, քանի որ մշտական գայթակղութիւն է Ատրպէյճանի համար Հայաստանի նկատմամբ գերակայ դիրք հաստատելու, իսկ հայերի համար Ատրպէյճանից վտանգ զգալու համար: Իհարկէ ինքնին միայն սա կոնֆլիկտի պատճառ չի: Դա դառնում է այդպիսին երբ աւելանում են պատմական, դեմոգրաֆիական, սոցիալական եւ տնտեսական գործօնները:

3. Եթէ նոյնիսկ պատկերացնենք, որ հնարաւոր է հրաժարուել Ղարաբաղեան շարժումից, ապա դա որեւէ կերպ չի յանգեցնելու Ատրպէյճանի հետ խաղաղութեան:

Ես կարող եմ հասկանալ մարդկանց տարակուսանքը, երբ դեռ 2020 -ին ասում էի, թէ պատերազմը Ղարաբաղեան չէ, այլ Անկախութեան, որ լուծւում է ոչ թէ Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցը, նաեւ որ միայն հայ-ատրպէճանական չէ:

Բայց ես շատ դժուար եմ պատկերացնում, թէ ինչպէս այսր մարդիկ դեռ կարող են մտածել, որ հրաժարումը Ղարաբաղի հարցից կարող է բերել խաղաղութեան:

Վերջին տարիների դէպքերը երկաթէ, կապարէ, պողպատէ փաստարկներով ապացուցել են, որ Ղարաբաղից հրաժարումը չի բերում խաղաղութեան, եւ որ հետեւաբար պատերազմը երբեք չի էլ եղել Ղարաբաղեան:

Արդէն մէկուկէս տարի է ինչ չկայ նաեւ հայկական Արցախի այն մնացորդը յանուն որի փրկութեան իբր յանձնուել էին Նոյեմբերի 9-ին: Արդէն շուրջ երեք տարի է ինչ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպէս Ատրպէյճանի մաս, բայց դրանից չի բխել նոյնիսկ այն կիսատ թղթի ստորագրումը որը կոչւում է Խաղաղութեան Պայմանագիր/Համաձայնագիր: Միթէ այսքանն էլ բաւական չէր հականալու համար, թէ Ղարաբաղը չի խնդիրը:

Աւելին:

Շատ յստակ են, հետեւողական եւ պաշտօնական Ատրպէյճանի պահանջները ԽՊ-ի թղթից դուրս

– Հայաստանի ապառազմականացում

– “Զանգեզուրի միջանցք”

– Թուրքերի վերադարձ Հայաստան

– Արտաքին քաղաքականութեան մէջ Արեւմուտքի հետ կապերի սահմանափակում

– Փոխհատուցում պատերազմի դիմաց

Եթէ կան մարդիկ, որոնք իրենց համարում են քաղաքական կարծիքի կրող, ու չեն տեսնում, որ այս պահանջները պատահականութիւն չեն, զուտ տակտիկա չեն, այլ պետական հետեւողական քաղաքականութիւն, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ Ատրպէյճանի գերակայութեան հաստատումը, ապա ես չգիտեմ ինչ մտածեմ ու ասեմ:

Ընդ որում այս պահանջները յստակ միտում ունեն` Հայաստանի ինքնիշխանութեան սահմանափակում, յատկապէս.

– Ռազմական ոլորտի վերահսկում

-Արտաքին յարաբերութիւնների վերահսկում

– Գումարած Սահմանադրութեան փոփոխութիւն

Երեւի աւելորդ է ասել, որ այս պահանջների զգալի մասը բխում են նաեւ ռուսական քաղաքականութիւնից:

Ակնյայտ է, որ նոյնիսկ թղթի ստորագրումից յետոյ խաղաղութիւն այն կերպով, որով մենք ենք պատկերացնում` հաւասար յարաբերութիւններ երկու կողմերի մէջ առանց թշնամական եւ ուժային սպառնալիքի վրայ հիմնուած պահանջների չի լինելու:

Եւ որն է լինելու “խաղաղասէրների” պատասխանը սրանց:

Կայ ընդամէնը երկու տարբերակ:

Կամ համաձայնել եւ շարունակել Հայաստանի “խաղաղեցումը” կամ մերժել եւ փաստօրէն ընտրել պայքարի եւ կռուի ուղին:

Մնացածը` դեմագոգիա է, չկայ երրորդ տարբերակ:

Եթէ խաղաղութիւնն ամէնից վեր է, եւ գլխաւոր նպատակն է` անխուսափելի է Անկախութեան ստորադասումը դրան եւ հրաժարումն անկախութիւնից:

Արդէն իսկ կորցրած Արցախից անվերջ հրաժարումը առաւել եւս չի բերի խաղաղութեան, ինչպէս չբերեց հրաժարումը իրական Արցախից:

4. Մեր աչքի առաջ պայթել է հայկական քաղաքական էլիտաների սիրած փուչիկը – Ղարաբաղեան հարցի լուծումը:

Ըստ այդմ` Ղարաբաղի հարցը “լուծուել է”, բայց մեղր ու կարագ չի հոսում, սահմանները չեն բացւում, առեւտուրը չի ծաղկում, փոխզիջման քաղաքականութեան ակնարկ իսկ չկայ հարեւան պետութեան կողմից:

Եւ այստեղ կապ չունի` պէտք էր գլխանց յանձուել, այլ ոչ թէ կռուել հայկական քաղաքական էլիտաների միասնական գաղափարախօսութիւնը, որը միաւորում է բոլորին` առաջինից մինչեւ չորրորդ, եւ որը հազարապատիկ կարեւոր է, քան նրանց բոլոր իրական եւ թուացեալ տարբերութիւնները:

Հենց իրենք են բացայայտում, որ օրինակ, նոյն Զանգեզուրի պահանջը կար շատ աւելի վաղ քան պատերազմը:

Եւ Նոյեմբերի իննին յանձնուելը չբերեց եւ չէր էլ կարող բերել գոնէ Արցախի մնացորդի պահպանմանը կամ գոնէ Հայաստանի սահմաններ անվտանգութեանը:

Միակ իրական տարբերակն այլ իրականութիւն ունենալու` կռիւը շարունակելն էր ու յաղթելն էր:

Դա հնարաւոր կը լինէր միայն, եթէ լինէր գիտակցութիւն` կռիւը Ղարաբաղեան չէ, այլ Հայաստանեան, եւ անկախութեան:

Այն հիմա էլ է այդպիսին:

Բայց պարզ է, որ յանուն Հայաստանի էլ պատրաստ չէք պայքարել, ինչ ինքնախաբեութեամբ էլ զբաղուէք` դա փաստ է:

Եւ երբ անկախութեան հարցը դրուի ուղիղ` անխուսափելիօրէն պատասխանելու էք` մենք չենք կարող պաշտպանել մեր անկախութիւնը: Դա նոյնպէս երկաթեայ փաստ է, որը տեսել եմ բոլորիդ աչքերի մէջ:

5. Միւսներիս համար:

Չկայ ու չի եղել ոչ մի առանձին Ղարաբաղի հարց, առաւել եւս դրա լուծում, կարգաւորում եւ դրա արդիւնքում` խաղաղութիւն:

Ինչպէս տեսանք հենց սկզբից էլ չի եղել Ղարաբաղեան շարժում, այլ Անկախութեան: Առաւել եւս 2020 -ին եղել է Անկախութեան պատերազմ, որը շարունակւում է ցայսօր, եւ ոչ մի ԽՊ` ստորագրուած թէ ոչ, մեզ չի փրկի այդ իրողութիւնից:

Եղել է եւ կայ Հայաստանի հարց, Անկախութեան հարց, որում մեզ պարտադրուած է պայքար:

Այդ պայքարում պէտք է դրուի Յաղթանակի նպատակը:

Անկախութեան պայքարը վերաբերում է թէ ներքին, թէ արտաքին քաղաքականութեանը: Տարբերութիւն չկայ:

Իսկ թէ ինչպիսի Հայաստան կ՛ունենանք այդ պայքարի արդյունքում, այդ թւում ինչպիսի տարածքով, դա կախուած է հանգամանքներից եւ պայքարի պարտադրուած ուժգնութիւնից:

Յ.Գ: Ի դէպ, Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ապացուցեց, եթէ դեռ ապացույցների կարիք կայ, որ ոչ մի խորամանկ փլան չունի, այլ իրօք մտածում է, ինչ ասում է:

Իսկ դուք ուզում էք հաւատալ, որ խորամանկ փլան կայ` միայն ձեր կոմֆորտի համար: Եւ այդ կոմֆորտի ճանապարհով գնալու էք մինչեւ վերջ` մինչեւ Հայաստանի անկախութիւնից հրաժարում, որովհետեւ այլ տարբերակ չկայ, եթէ ընտրել էք կոմֆորտի ճանապարհը:

Հրանդ Տէր Աբրահամեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ