Վերջին շրջանում Պաքուի եւ Ալիեւի աշխատակազմից վարձահրաւիրուած «միջազգային փորձագէտները» ջանք ու եռանդ չեն խնայում՝ քարոզելու, որ Ատրպէյճանը քննարկում է այսպէս կոչուած «Աբրահամի ուխտին» միանալու հնարաւորութիւնը: Ըստ տեղեկութիւնների՝ խնդիրը քննարկուել է Ատրպէյճանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմէթ Հաճիեւի Երուսաղէմ այցի ընթացքում, երբ նրան ընդունել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն: Ընդսմին, «Աբրահամի ուխտին» Ատրպէյճանի ներգրաւուածութիւնը դիտարկւում է նաեւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների վերբեռնման հնարաւորութիւն:

Պաքուի այդ նախաձեռնութիւնը, երեւում է, արաբական աշխարհում լրջագոյն անհանգստութեան տեղիք է տուել: «Ես հաւատում եմ, որ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատման համար Ատրպէյճանն ամէն ինչ կ։անի»,- Պաքուի իշխանական լրատուամիջոցին ասել է Եգիպտոսի նախկին երկարամեայ արտգործնախարար Ամր Մուսան: Նա նաեւ վստահ է, որ Ատրպէյճանը կը լինի այն երկրների առաջնաշարքում, որ պաղեստինցիներին կ՛աջակցի ձեռք բերել անկախութիւն, այլ ոչ թէ Իսրայէլի հետ յարաբերութիւններ կը զարգացնի՝ ի վնաս պաղեստիների»:

Եգիպտոսի նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ արաբական աշխարհն Իսրայէլի հետ ցանկացած երկրի յարաբերութիւնները «թապու չի գնահատում»: Ընդհառակը, Եգիպտոսը կողմ է արաբա-իսրայելական կարգաւորմանը, բայց այն կոնտեքստում, որ դա ծառայի խաղաղութեան հաստատմանը, պաղեստինցիների եւ իսրայէլցիների յարաբերութիւնների այնպիսի կարգաւորմանը, որ կ՛աջակցի պաղսետինցիների ինքնորոշման եւ անկախ պետութեան ստեղծման ձգտումներին»:

Եգիպտացի նախկին բարձրաստիճան դիւանագէտը փաստացի ներկայացրել է իսրայէլա-ատրպէճանական յարաբերութիւններից արաբական աշխարհի սպասելիքները, որ, ըստ էութեան, կայանում են նրանում, որ Պաքուն Երուսաղէմի հետ ցանկացած համագործակցութիւնը չպէտք է կառուցի Պաղեստինի անկախութեան նպատակը, պաղեստինցիների ձգտումները շրջանցելու գնով: Փաստացի Ամր Մուսան բացայայտում է, որ արաբական աշխարհը քաջատեղեակ է իսրայէլա-ատրպէճանական յարաբերութիւնների բնոյթին եւ հասկացնում, որ այսուհետեւ այդպէս չպէտք է լինի:

Խնդրի «նրբութիւնը» նրանում է, որ վերջին մի քանի տարիներին Ատրպէյճանին յաջողուել է արաբական աշխարհի առաջատար երկրների, այդ թւում եւ Եգիպտոսի, հետ բաւական սերտ յարաբերութիւններ հաստատել: Այդ երկրները միաժամանակ Իսլամական համերաշխութեան կազմակերպութեան անդամ են եւ աւելի քան երկու տասնամեակ ԼՂ կարգաւորման հարցում Ատրպէյճանին բացառիկ աջակցութիւն են ցուցաբերել:

Այսօր, ինչպէս հասկացւում է Եգիպտոսի նախկին արտգործնախարարի բաւական թափանցիկ ձեւակերպումներից, ոչ միայն արաբական, այլեւ իսլամական աշխարհը Պաքուից «համարժէք փոխհատուցում» է ակնկալում: Ամր Մուսայի ենթատեքստային ակնարկները, թերեւս, կարելի է համարել Ատրպէյճանի նախագահին «դեղին քարտ»:

Նման «ուղերձը», ըստ երևույթին, բխում է իսրայելա-ադրբեջանական համագործակցության նկատմամբ արաբական աշխարհի անհանգստությունից: Պաղեստինի անկախ պետության ստեղծումը ոչ միայն արժանապատվության, էթնիկ-քաղաքակրթական ինքնության ամրապնդման, այլև անվտանգային և, իհարկե, տնտեսա-աշխարհաքաղաքական հարց է, որ արաբական աշխարհը փորձում է կարգավորել արդեն մոտ ութ տասնամյակ:

Մերձաւոր Արեւելքը եւ Հարաւային Կովկասը կապուած են «հաղորդակից անօթներով»: Եւ եթէ արաբական աշխարհի առաջատար երկրները նպաստում են Ատրպէյճանի էներգետիկ, ենթակառուցուածքային եւ կոմունիկացիոն նախաձեռնութիւնների իրականացմանը, իսկ դա այդպէս է, ուրեմն Պաքուն պէտք է փոխհատուցի Պաղեստինի հարցում գործնական համերաշխութեամբ:

Բայց Ալիեւը Նաթանիահուի որոշումների վրայ ազդեցութեան լծակ ունի՞:

Վահրամ Աթանէսեան
1in.an
26 Մարտ 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ