301 թ-ին հայերը, առաջինը աշխարհում, պաշտօնապէս ընդունեցին քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն: Հայոց ռազմական աւանդոյթներում սկսեց առաջանալ ռազմիկի նոր՝ «ԽԱՉԻ ԴԻՒՑԱԶՈՒՆ»-ի, կերպարը, սկսեց ձեւաւորուել ռազմիկների մի ամբողջութիւն, որի նմանը եւրոպական երկրներում պէտք է առաջանար միայն հարիւրամյակներ անց` ի դէմս ասպետութեան:

Փաւստոս Բիւզանդը՝ «Խաչի դիւցազունների» իր ժամանակի այդ գովերգիչը, այսպէս է փոխանցում վերջիններիս գաղափարախօսութիւնը եւ հաւատամքը. «Նա հաւատարմութեամբ ու արդար վաստակով, ջանասիրութեամբ ու մշտապէս ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ և ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ: Զօրուգիշեր նա գործի մէջ էր. ջանում ու ճգնում էր պատերազմի ճակատներում եւ երբեք թոյլ չէր տալիս, որ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ՄԻ ԿՈՐՈՒ ՉԱՓ ՀՈՂ ՕՏԱՐՈՒԻ: Նա կեանքն էր դրել իր երկրի համար եւ կը մեռնէր քաջի անուան համար, իր բնիկ տէրերի համար, իր երկրի բնակիչների համար, քրիստոնէական հաւատի համար, Աստծուն հաւատացեալ եւ մկրտուած ժողովրդի համար, եկեղեցիների համար եւ նրանց սրբազան սպասների համար, Քրիստոսի վկայարանների համար, Աստծու ուխտի համար, իր քոյրերի եւ եղբայրների համար, իր մերձաւոր տոհմակիցների համար, յանուն հաւատարիմ եւ առաքինի այն բարեկամների, որոնք նրա հետ մշտապէս եղել են կռուի մէջ եւ կեանքը զոհաբերել Հայրենիքի համար եւ մահն արհամարհելով իր կեանքի բոլոր օրերում ծառայում էր իր բնիկ Արշակունի տէրերի համար»:

«Մի ուրիշ բանի վրա էլ եմ ԶԱՐՄԱՑԱԾ»,- իր զօրականներին խոստովանում էր Շապուհ II-ը (309-379),- «Հայոց գնդի ՄԻԱՍԻՐՏ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ԵՒ ՏԻՐԱՍԻՐՈՒԹԵԱՆ վրայ: Որովհետև այսքան տարի է, որ նրանց տէրը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերւում պատերազմի ժամանակ: Երբ իրենց ախոյեանին գետին էին տապալում, միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մէջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրութիւնից, որ ունէին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ` ամէն մի ախոյեանի, որին սպանում էին, նրան էին նուիրում… ԵՐԱՆԻ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ԳՆԴԻ ՏԷՐՆ Է…»,- շարունակում էր Պարսից բռնակալը: «Դուք ինքներդ էլ գիտէք ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՋՈՒԹԻՒՆԸ ՈՒ ԱՄԷՆ ՄԷԿԻ ԱՆՎԵՀԵՐՈՒԹԻՒՆԸ»,- իւրայիններին զգուշացնում էր Մուշկան Նիսալւուրտը Աւարայրի ճակատամարտից առաջ,- «գուցէ, պարտութիւն կրելով, կենդանի-կենդանի զրկուէք այն մեծ կեանքից, որ ունենալու էք, յիշեցէք ձեր կանանց եւ որդիներին, յիշեցէք ձեր սիրելի բարեկամներին, գուցէ ոտնահար լինէք արտաքին թշնամիներից ու ներքին սիրելիների հետ միասին ողբաք…»:

Աւելի ուշ ժամանակներում պետականութեան բացակայության երկարատեւ չորս ու կէս հարիւրամյակները դոյզն իսկ չփոխեցին հայ ռազմիկի մարտական յատկանիշները: Վեցերորդ դարի բիւզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին յայտնում է, որ մինչեւ 474 թ-ը կայսրերը իրենց թիկնապահներ ընտրելիս «…նկատի էին ունենում ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ եւ դրա համար էլ ՀԱՅԵՐԻՆ ԷԻՆ ՏԱԼԻՍ ՆԱԽԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ»: Մէկ ուրիշ բիւզանդական պատմիչ, խօսելով բիւզանդական բանակում ծառայող Մանուէլ անունով մի հայ զօրականի մասին եւ փաստացի ՆՈՅՆԱՑՆԵԼՈՎ «հայ» եւ «քաջ» հասկացութիւնները, ուղղակիօրէն ասում է. «Մանուէլը շատ քաջ մարդ էր եւ լաւ յայտնի իր բոլոր հակառակորդներին, ՔԱՆԻ ՈՐ նա ազգութեամբ հայ էր»:

Բագրատունյաց թագաւորութեան ժամանակաշրջանում հայոց ռազմիկների փառքը վաղուց անցել էր Հայաստանի սահմանները, իսկ մինչ այդ անպարտելի համարուած արաբական բանակների ջախջախումը, այն էլ քանակապէս վերջիններիս ՎԵՑԱՊԱՏԻԿ ԶԻՋԵԼՈՒ պայմաններում, աւելի էր ամրապնդել այն: Յատկապէս X-XI դարերում բիւզանդական բանակի կազմում գտնուող Հայկական հետեւակի վարկը այնքան բարձր էր, որ յաճախ նրանցից էին կազմւում թշնամու տարածքում գտնուող ԲԵՐԴԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅԱԶՕՐՆԵՐԸ: Բիւզանդական բանակում անփոխարինելի էր նաեւ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԻ դերը, որոնք մէկ անգամ չէ, որ մեծ ներդրում էին ունեցել բիւզանդական բանակի յաջող գործողութիւններում, քանի որ ինքը՝ այդքան փառաբանուած կայսերական բանակը, հմուտ նետաձիգների մշտապէս մեծ պակաս ունէր: Աւելին, V-ից մինչեւ XI դարի առաջին կէսը մեծ մասամբ հայերից էր կազմուած ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ, որը աչքի ընկաւ շատ ճակատամարտերում:

Ընդ որում, եթէ Հայկական հեծելազօրը որակապէս գերազանցելով բիւզանդականին, այնուհանդերձ, որպէս զօրատեսակ իր համարժէքն ունէր այնտեղ, ապա Հայկական հետեւակը եւ յատկապէս նետաձիգները բառիս բուն իմաստով անփոխարինելի էին կայսերական բանակում: «Բիւզանդիան ՊԱՐՏԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՇԱԼԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐՈՎ, քանի որ X դարում հայկական ջոկատները բիւզանդական բանակի լաւագոյն զօրամասերն էին համարւում»,- յայտնում է յայտնի բիւզանդագէտ Շարլ Դիլը:

«Բիւզանդիայի ռազմական հզօրութիւնը, ռազմական կազմակերպութիւնը եւ ռազմական հանճարը, այն յուսալի ու ամուր ՀԻՄՔԸ, որի վրայ էր խարսխուած բովանդակ փայլուն վերնաշէնքը, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՐ»,- իր գնահատականներում ետ չի մնում վերջինիցս բիւզանդագիտութեան մէջ ոչ պակաս յայտնի Ջենկինսը եւ աւելացնում է. «IX դարի կէսերից մինչեւ XI դարի սկիզբը քաջ ու նուիրուած զօրավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոման I-ը, Յովհաննես-Գուրգէնը, Նիկեփոր Փոկասը, Յովհաննէս Չմշկիկը եւ Վասիլ II-ը: Քաջ յայտնի է, որ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՆ»: Ընդհանուր պատկերը ամբողջացնում է յայտնի արեւելագէտ Գելցերը, որը խպսելով 1071թ. օգոստոսի 15-19-ին տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտի եւ դրանից յետոյ Բիւզանդական կայսրութեան անկման պատճառների մասին, յայտնում է. «ՀԱՅԱՍՏԱՆԸ եւ Կապադովկիան, նահանգներ, որոնցից սերուել էին այնքան ՅԱՅՏՆԻ ԿԱՅՍՐԵՐ ու ՌԱԶՄԻԿՆԵՐ, եւ որոնք կազմում էին կայսրութեան հիմնական ուժը, կորան ընդմիշտ, եւ թուրքը դրեց քոչուորի իր վրանը հինաւուրց հռոմէական փառքի վրայ»:

Մհեր Յակոբեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ