Հայաստանի եւ Վրաստանի ազգային հաւաքականների ֆութպոլային հանդիպման առիթով նախօրէին Երեւան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձէն: Դատելով սոցցանցային գրառումներից, որ արել էր նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարը, Վրաստանի վարչապետից բացի Երեւան էր ժամանել նաեւ Վրաստանի պաշտպանութեան նախարարը: Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտօնեաները միասին են դիտել խաղը՝ Հանրապետական մարզադաշտում: Ցաիօք, ինչպէս արդէն յայտնի է, Հայաստանի հաւաքականը զիջեց Վրաստանի ազգային թիմին՝ 0:3 հաշուով:

Հարկ է նկատել, որ հաշիւը, թերեւս, արտացոլում է այսօր թիմերի խաղամակարդակի տարբերութիւնը: 3 օր անց Թբիլիսիում կը լինի պատասխան խաղը: Հայաստանի պաշտօնեաները կը մեկնե՞ն այն դիտելու, ինչպէս Վրաստանի ղեկավարներն էին ժամանել Երեւան, թէ՞ առաջին խաղի հաշիւը փակում է ինտրիգը: Բայց արդեօ՞ք միայն ֆութպոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանութեան նախարարին բերել Երեւան, թէ՞ ֆութպոլն առիթ էր, որն օգտագործուել է Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ այլ թեմաներից խօսելու համար: Ըստ այդմ՝ գուցէ Հայաստանի պաշտօնեաների կիրակնօրեայ այցը Թբիլիսի կախուած է նրանից, թէ Երեւանում որքան սպառիչ է եղել խօսակցութիւնը, քննարկուել են բոլո՞ր հարցերը, թէ՞ կայ պայմանաւորուածութիւն Թբիլիսիում շարունակելու մասին:

Իսկ իրադարձութիւնների զարգացումը Կովկասում եւ դրա շուրջ այնպիսին է, որ քննարկելու թեմաները ոչ միայն բաւականին առատ են, այլ նաեւ աւելանում են գրեթէ ամէն օր: Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը 2024 թուականի Յունուարից սահմանել են յարաբերութեան նոր կարգավիճակ՝ ռազմավարական գործընկերութիւն, որը, բնականաբար, ենթադրում է նաև կոմունիկացիայի նոր ռեժիմ ու բնոյթ: Վրաստանի վարչապետը Հայաստանում էր նաեւ Յունուարի 30-ին: Տեղի ունեցաւ միջկառավարական խորհրդի նիստ:

Դրանից օրեր առաջ նա այցելել էր Պաքու, որտեղ յայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է նպաստել հայ-ատրպէճանական խաղաղութեան գործընթացի առաջմղմանը: Կոբախիձէն յայտարարել էր նաեւ, որ Վրաստանն առաջարկում է Երեւանին ու Պաքուին տնտեսական եռակողմ գործակցութիւն, թէեւ չէր մանրամասնել այդ առաջարկը: Վրաստանի վարչապետը ֆուտպոլային խաղի առիթով Երեւան է ժամանում Հայաստանի եւ Ատրպէճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի համաձայնեցման մասին յայտարարութիւններից օրեր անց: Ընդ որում՝ ուշադրութեան է արժանի, որ նրա այցի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը գրառում է անում ֆէյսպուքեան իր պաշտօնական էջում՝ առաջարկելով Իլհամ Ալիեւին սկսել խորհրդակցութիւններ պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ:

Առաջին հայեացքից բոլորովին անիմաստ ու անտեղի առաջարկ, եթէ լսում ենք, թէ ինչ յայտարարութիւններ ու նախապայմաններ է առաջ քաշում Ատրպէյճանը: Իսկ արդեօ՞ք Հայաստանի վարչապետի գրառումը որոշակի «նախաբան» էր Վրաստանի վարչապետի այցից առաջ եւ Թբիլիսիի միջոցով կարող է Պաքու փոխանցուել որոշակի աւելի դետալային բովանդակութիւն: Միւս կողմից, Հայաստանի եւ Վրաստանի համար իրավիճակն ունի այլ շեշտադրումներ ու շերտեր՝ հաշուի առնելով այն, որ Հայաստանի հանդէպ Ատրպէճանի առաւելապաշտ դիրքաւորումը, անկասկած, չի արտացոլում լոկ Հայաստանի հանդէպ դիրքորոշում եւ վերաբերմունք:

Այդ դիրքաւորումը Պաքուի ռեգիոնալ յաւակնութեան մի մաս է, որը, այո՛, հակամարտութեամբ պայմանաւորուած առաւել սուր եւ ցցուն դրսեւորում ունի Հայաստանի հանդէպ, բայց, անկասկած, իր ամբողջութեան մէջ ներառում է նաեւ Վրաստանը: Ատրպէյճանը յաւակնում է ռեգիոնալ «վերակացուի» դերի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հանդէպ ռազմավարական գերակայութիւն հաստատելու դէպքում, Ատրպէյճանը, իհարկե, ձեռնամուխ է լինելու Վրաստանը ռազմավարական ենթակայութեան դաշտ բերելուն:

Վրաստանը, իհարկէ, հիանալի է պատկերացնում այդ խնդիրներն ու մարտահրաւէրները, ու թէեւ ամէն կերպ խուսափում է դրանք «հրահրելու» ռիսկ պարունակող մօտեցումներից՝ փորձելով կառավարել Ատրպէյճանի հետ յարաբերութեամբ, այդուհանդերձ, ռազմավարական իմաստով Թբիլիսիի համար նոյնքան կարեւոր է Կովկասում խաղաղութեան եւ անվտանգութեան նոր համակարգի հաւասարակշռուածութեան հարցը, որքան այն կենսական է Երեւանի համար:

Յակոբ Պատալեան
1in.am
21 Մարտ 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ