ԱՄՆ-ն կրկին ներգրաւուում է Հայաստան-Ատրպէյճան կարգաւորման գործընթացում, ինչը միանշանակ դրական իրադարձութիւն է։ Նախագահ Թրամփի Անվտանգութեան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը յայտարարում է, որ Հարաւային Կովկասում հակամարտութիւնը պէտք է աւարտուի։ Նա այսօր զանգել է Պաքու եւ խօսել նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հաճիեւի հետ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեայի այսօրուայ զանգը տեղի է ունեցել Ատրպէյճանի կողմից այսօր 3 անգամ հրապարակուած այն ապատեղեկատուութեան համատեքստում, թէ իբր Հայաստանի Զինուած ուժերը կրակ են բացել սահմանի հարաւարեւելեան հատուածում։ Մինչ պարոն Ուոլցի կարեւոր զանգը վերլուծելը, ուզում եմ կարեւոր գործօն նշել Ատրպէյճանի այսօրուայ 3 ապատեղեկատուութիւնների մասին։

Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը հերքել է Պաքուի հրապարակած 3 ապատեղեկատուութիւնները՝ յիշեցնելով, որ ատրպէճանական կողմը մերժում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը Ատրպէյճանին՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դէպքերի եւ/կամ այդ մասին տեղեկութիւնների հետաքննութեան Հայաստան-Ատրպէյճան համատեղ մեխանիզմ։ Այս առաջարկին մինչեւ օրս Ատրպէյճանը չի արձագանքել։ Այսինքն, Ատրպէյճանը չի ցանկանում, որպէսզի համատեղ հետաքննութիւն կատարուի եւ պարզուի՝ արդեօ՞ք եղել է հրադադարի խախտում, թէ ոչ։ Ատրպէյճանը չի ցանկանում դա, որպէսզի շարունակի Հայաստանին մեղադրել պատերազմ հրահրելու մէջ, եւ այդ կեղծիքն օգտագործելով՝ ռազմական ագրեսիա իրականացնի։

Օրեր առաջ էլ Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարարութեան հետ աֆիլացոիած քարոզչամիջոցը կեղծիք էր տարածել, թէ իբր Հայաստանը պատրաստւում է Ատրպէյճանի վրայ յարձակուել Ապրիլ ամսին։ Հասկանալի է, որ Ատրպէյճանը այս կեղծիքով Հայաստանի դէմ ռազմական ագրեսիայի կեղծ հիմքեր է ստեղծում, որպէսզի ինքը ագրեսիայի դիմի եւ յայտարարի, թէ պատասխանել է Հայաստանի ագրեսիային։ Այդպէս են սկսուել 2020 թուականի 44-օրեայ պատերազմը, 2022-ի Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դէմ պատերազմը, 2023-ի Սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան Ղարաբաղի դէմ։

Ի դէպ, ուշադրութիւն դարձրէք, որ Ադրբէջանի 3 կեղծ հաղորդագրութիւններում էլ նշուած է, թէ «հայկական զինուժը կրակ է բացել սահմանի հարաւարեւելեան ուղղութեամբ»։ Դա այն հատուածն է, որտեղ Ատրպէյճանը ցանկանում է ռազմական ագրեսիայի միջոցով Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» գրաւել, եւ այն յանձնել Ռուսաստանի վերահսկողութեանը։ Ատրպէյճանը այս կեղծ 3 հաղորդագրութիւններով՝ փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ սահմանի հարաւարեւելեան հատուածում թէժ կիսապատերազմական իրավիճակ է, որպէսզի իր հետագայ յարձակումը Հայաստանի հարաւային շրջանի՝ Սիւնիքի մարզի վրայ, հիմնաւորի հայկական զինուած ուժերի «ագրեսիաներով եւ կրակոցներով» իր դիրքերի ուղղութեամբ։ Այսինքն, Ատրպէյճանը փորձելու է Սիւնիքի սահմանային հատուածներից ստանալ «գորշ գօտիներ», որոնց ուղղութեամբ իրավիճակը կը լարի եւ կը յարձակի։

Կարող էին չէ՞ գրել, որ Հայաստանի կողմից կրակահերթերից մէկն էլ հիւսիսային հատուածում է գրանցուել։ Բայց դա չի արուել, քանի որ Ատրպէյճանին անհրաժեշտ է թէժ կոնֆլիկտային պահել Սիւնիքը։ Ես օրեր առաջ արդէն ահազանգել էի Ատրպէյճանի կողմից Հայաստանի դէմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակի մասին։ Ատրպէյճանը ենթադրում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարուածներ են հասցուելու, Իրանը ընկղմուելու է Իսրայէլի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումների մէջ, ինչը նպաստաւոր իրավիճակ կը ստեղծի Հայաստանից միջանցք գրաւելու համար։ Ատրպէյճանը նաեւ փորձ է արել Իսրայէլի հետ իր կապերն օգտագործել՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմից ստանալ համաձայնութիւն՝ Հայաստանի դէմ յարձակուելու։ Կարելի է նաեւ կանխատեսել Ատրպէյճանի կողմից թիրախային հարուածներ Հայաստանի ռազմական օբյեկտներին՝ այն նպատակով, որ իր յարձակումը հիմնաւորի իբրեւ թէ իր դէմ ռազմական ագրեսիայի կանխարգելմամբ։ Ատրպէյճանը այս ճնշումներով Հայաստանին փորձում է հարկադրել գնալ Սահմանադրութեան փոփոխութեան ճանապարհով՝ ակնարկելով, որ Պաքուն դեռեւս պահպանում է ռազմական սցենարները։

Սակայն պարոն Մայք Ուոլցի գրառումից եւ զանգից ակնյայտ է դառնում, որ Պաքուի այդ ծրագիրը ձախողուելու է, եւ ԱՄՆ-ն ներգրաւուելու է Հարաւային Կովկասում խաղաղութիւն հաստատելու նպատակով։ Նախագահ Թրամփի Անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ուղերձը շատ լաւն է՝ «Հարաւային Կովկասում հակամարտութիւնը պէտք է աւարտուի»։ Սա հրաշալի ուղերձ է՝ պարզ, յստակ եւ մեկնաբանութիւնների տեղիք չտուող։ Սա ԱՄՆ-ի զգուշացումն է Ատրպէյճանին՝ բացառել ռազմական ագրեսիայի տարբերակը՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով։ ԱՄՆ-ն վերադառնում է ռեգիոն՝ իր զսպող դերով, որի նպատակը կոնֆլիկտներ թոյլ չտալն է եւ պայմանագրի կնքմանը հասնելը։ Վստահաբար, այս յստակ ուղերձը կը զսպի Պաքուին՝ Հայաստանից միջանցք չգրաւել եւ հակուել ապաշրջափակմանը՝ խաղաղ եւ բանակցային միջոցներով։ Մայք Ուոլցի զանգը Պաքու՝ կատարուել է Ատրպէյճանի հրապարակած 3 ապատեղեկատուութեան ֆոնին։ Այս զանգը զսպման միջոց է Ատրպէյճանին՝ ագրեսիայի չգնալ Հայաստանի դէմ։

Պարոն Ուոլցը պարոն Հաճիեւին ասել է նաեւ, որ Խաղաղութեան համաձայնագիրը պէտք է վերջնականացուի, բանտարկեալները պէտք է ազատ արձակուեն։ Ամերիկեան կողմը վստահաբար տեղեկացուած է, որ Խաղաղութեան պայմանագրի նախագիծը համաձայնեցուել է՝ Հայաստանի կողմից հերթական անգամ զիջումների գնալու գնով։ Հայաստանը համաձայնուել է միջազգային դատական ատեաններից յետ կանչել Ատրպէյճանի դէմ հայցերը՝ պայմանագրի կնքումից յետոյ։ Հայաստանը դա չի պայմանաւորել Պաքուի դատավարութեան կասեցման հետ, ինչը բնական կը լինէր։ Չափազանց կարեւոր է, որ նախագահ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցն է նախագահ Ալիեւի օգնականին ասում, որ «բանտարկեալները պէտք է ազատ արձակուեն»։

Այսինքն, Հայաստանը հայ գերիների ազատ արձակման հարցը չի դարձնում պայմանագրի կնքման պայման՝ զուգահեռ միջազգային հայցերից հրաժարման պարտաւորուածութեան։ Բայց ԱՄՆ-ն Ատրպէյճանից պահանջում է ազատել հայ գերիներին։ Սա ճիշդ դիւանագիտութիւն է եւ դրական, կառուցողական մօտեցում Ուաշինկթընի կողմից՝ իսկական խաղաղարար քայլ։ Առանց գերիների վերադարձի՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի հասարակութիւնները չեն կարող իրական խաղաղութեան հասնել։ Մենք չենք կարող մեր հանրութեանը համոզել, որ Ատրպէյճանի հետ խաղաղութեան ենք գնում, քանի դեռ Պաքուի բանտում հայ գերիներ կան։

Հայաստանը կատարել է զիջումներ, եւ պատրաստ է Պաքուի հետ համաձայնեցնել պայմանագրի կնքման տեղը եւ օրը։ Մինչդեռ՝ Ատրպէյճանը յայտարարում է, թէ պայմանագրի կնքման վայրի եւ օրուայ համաձայնեցումը դեռեւս վաղ է, եւ նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանին։ Պաքուն Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան հարցը ձեւակերպում է որպէս պայմանագրի կնքման գլխաւոր նախապայման։ Մինչդեռ, պայմանագրի նախագծում նման կէտ չի եղել, եւ 17 կէտերով համաձայնեցուած պայմանագիրը ենթակայ է անյապաղ ստորագրման եւ կատարման։ Պարոն Ուոլցի կոչը Պաքուին, որ համաձայնագիրը պէտք է վերջնականացուի, նշանակում է, որ անհրաժեշտ է պրոցեսն աւարտին հասցնել եւ կնքել պայմանագիր Հայաստանի հետ։ Սա շատ կառուցողական եւ ճիշդ ուղղորդում է ԱՄՆ-ի կողմից։

Նախագահ Թրամփի խորհրդականը նաեւ նշել է Հաճիեւի հետ զրոյցում, որ «միասին կ՛աշխատենք տարածաշրջանն աւելի անվտանգ եւ բարգաւաճ դարձնելու համար»։ Այսինքն, ԱՄՆ-ի այս վարչակազմն իր անելիքն է տեսնում ռեգիոնը անվտանգ եւ բարգաւաճ դարձնելու գործում, ինչը իհարկէ ԱՄՆ-ի դիւանագիտական եւ քաղաքական լուրջ ներգրաւուածութիւնն է ենթադրում։

Այսինքն, ԱՄՆ-ն հարաւային Կովկասի գործերից չի հեռանում եւ տեսնում է իր աշխատանքի տեղը՝ խաղաղութեան հաստատման հարցում։ Դա կարեւոր ուղերձ է Պաքուին, որ ռեգիոնալ իրադարձութիւնները լինելու են ԱՄՆ-ի վերահսկողութեան ներքոյ, որը պատերազմների բռնկումը թոյլ չի տալու։

Կատկանշական է պարոն Ուոլցի գրառման վերջին հատուածը, ուր նա ասում է, որ «Ամերիկայի ոսկէ դարն աշխարհին կը բերի խաղաղութիւն եւ բարգաւաճում, եւ չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի չունենայ»: Կարծում եմ՝ սա զգուշացում է Պաքուին ԱՄՆ-ի ներգրաւուածութեան շարունակման վերաբերեալ։ Քանի դեռ խաղաղութիւն չի հաստատուել եւ պայմանագիր չի ստորագրուել, ԱՄՆ-ն իր գործն աւարտուած չի համարի եւ չի դադարի աշխատել։ Համաձայնագիրը պատրաստ է ստորագրման՝ 17 կէտ համաձայնեցուած է, եւ այժմ ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ միւս խաղացողների ճնշումները լինելու են Պաքուի վրայ՝ ստորագրել տալու նպատակով։

Կարծում եմ՝ դա է պատճառը, որ պարոն Ուոլցը այս բառապաշարն օգտագործել է հենց Ատրպէյճանի նախագահի օգնականի հետ զրոյցում։ Սա ցոյց է տալիս, թե ԱՄՆ-ի ճնշման առանցքը որ կողմի վրայ է ուղղուած։ Այսինքն, Հայաստանը համաձայնեցրեց 2 չհամաձայնեցրած կէտերը, իսկ ԱՄՆ-ն Պաքուին յորդորում է վերջնականացնել համաձայնագիրը եւ կնքել այն։ Ժողովուրդները յոգնել են պատերազմներից, պատերազմի եւ արյունահեղութիւնների էջը անհրաժեշտ է փակել։ Այս զանգից յետոյ, կարծում եմ, էականօրէն նուազեց Հայաստանի դէմ Ատրպէյճանի ռազմական ագրեսիայի ռիսկը առաջիկայ շաբաթների ընթացքում։ Սակայն Պաքուի ապակառուցողականութիւնը կարող է շարունակուել։

Կարծում եմ, կարեւոր է, որ Ուաշինկթընը առաջիկայ ամիսներին շարունակի ներգրաւուած մնալ Հարաւային Կովկասում եւ հետեւի, որ Ատրպէյճանը վերջ տայ ապակառուցողականութեանը, նոր պահանջներ առաջադրելու գործելաոճին եւ կնքի պայմանագիր Հայաստանի հետ։ Հայաստանը միանշանակօրէն կիսում է նախագահ Թրամփի՝ խաղաղութեան հաստատման կարգախօսը։ Հայաստանը գնացել է անպատկերացնելի զիջումների՝ յանուն խաղաղութեան եւ յոյս ունենք՝ ԱՄՆ-ի օգնութեամբ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պայմանագիրը վերջապէս իրականութիւն կը դառնայ։

Ռոպերթ Անանեան
17 Մարտ 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ