
Մեր գոյութիւնը շարունակելու հետ կապուած փրոպլէմի լուծումների փնտռտուքը առաջին հերթին պահանջում է գնահատել մեր երկար ու ձիգ պատմութիւնը, որի ընթացքում, մանաւանդ վերջին հազարամեակի ընթացքում մշտապես եղել ենք լինելու ու չլինելու արանքում ինչ որ տեղ։
Նման գնահատականի կարեւորութիւնը պայմանաւորուած է նրանով, որ մեր անկախութեան շրջանի տկարամիտ, անպատասխանատու ու խորապէս տգէտ արտաքին ու ներքին քաղաքականութիւնների իմիտացիան մեզ այսօր կանգնեցրել են նոյն կոտրած տաշտակի առաջ։
Խորհրդային կարգերը, անկախ իրենց արած ակնյայտ սխալներից, որի հետեւանքով ՍՍՀՄ-ի նման գերտերութիւնը փլուզուեց, մեր նման ծայրամասերի նկատմամբ որդեգրել էին մի քաղաքականութիւն, որը խեղճուկրակ եւ կիսաֆէոտալական պայմաններում ապրող մարդկանց համար ապահովեց քաղաքակրթական թռիչք միջնադարից դէպի ժամանակակից կեանք։
Աւելին, նոյն քաղաքականութիւնը ծնեց մի շատ հետաքրքիր տենդենց եւս, այն է՝ բոլոր ժողովուրդները եւ յատկապէս, միութենական հանրապետութիւնները, որոնք, որպէս կանոն, սկզբում ունէին բացասական ինքնագնահատական, աստճանաբար, սկսած խրուշչովեան մասնակի ազատականացման շրջանից, կամաց կամաց սկսեցին անհիմն կերպով բարձրացնել սեփական ինքնագնահատականը։
Դրա պատճառը խորհրդային ազգային քաղաքականութիւնն էր, ըստ որի բոլոր ժողովուրդները պէտք է ունենային գրականութիւն, արուեստ, բազմակողմանի մշակոյթ, կրթութիւն, գիտութիւն եւ, նոյնիսկ, գիտութիւնների ակադեմիա։
Եւ սկսուեց մրցակցային պայքար, թէ ով է աւելի հին, զարգացած ու բարձր մակարդակ ունեցող, եւայլն, որն էլ անխուսափելիօրէն բերեց ազգայնականութեան վտանգաւոր աճի։
Եւ այսպէս ամէն մէկը իր մասին չափազանցուած մեծ կարծիք ունենալով, ընկան բաղձալի անկախութեան գիրկը, որից սպասւում էր, որ երկնքից պէտք է թափուի մանանայ եւ բոլորը վերջապէս կ՛ազատուեն ռուսների թուացեալ ճնշումից։
Ճիշդ ու ճիշդ այն տրամաբանութեամբ, որն ասում է՝ որ եթէ ընկոյզի ծառն այսքան մեծ է, բա ձմերուկի ծառն ինչքան մեծ կը լինի։
Այսինքն, որ մեր կարծիքով խեղճուկրակ սովետի պայմաններում այսպէս ենք ապրում, բա անկախութեան ժամանակ ոնց կ՛ապրենք։
Բայց շատ արագ պարզուեց, որ անկախութեան մասին իտէալականացուած պատկերացումները եւ իրական կեանքը իրարից շատ հեռու բաներ են։
Բացի դրանից, կեանքի անվտանգութեան մասին պատկերացումները, որոնք առաջացել էին ռուսական պետականութեան հովանու ներքոյ, արագ յօդս ցնդեցին եւ այս իմաստով ետ վերադարձան կիսաֆէոտալական ժամանակները։
Աւերուեց արդիւնաբերութիւնը, հողերն անտէր մնացին, վերացան կրթութիւնն ու գիտութիւնը, մարդիկ թողին հեռացան ուրիշ երկրներ եւայլն՝ մի իրավիճակ որը օբյեկտիւ ինքնագնահատականի խիստ կարիք ունի նաեւ այսօր։
Եւ հարցերի հարցը այստեղ այն է, որ արդեօ՞ք անկախութեան շրջանի այս վարընթացը անխուսափելի էր, թէ ոչ ու եթէ այո կամ ոչ, ապա ի՞նչ հաւանականութիւններով, 0 եւ 1, թէ՞ մի քիչ գոնէ դրանցից տարբերուող։
Այսինքն, գոնէ մի փոքր շանս ունէինք մարդավարի երկիր դառնալու, թէ՞ դա էլ չունէինք հենց սկզբից։
Այստեղ հիմնական փրոպլէմը նա էր, որ մեր ղեկավարութիւնը պետականութեան հարցին մօտեցաւ խորհրդային ստանդարտներով ու մօտեցումներով, առանց հասկանալու փրոպլէմի բարդութիւնը։
Մտածում էին, դէ ոնց որ նախկինում շրջկոմի քարտուղարը ժողով էր անում յանձնարարութիւններ տալիս ու յետոյ էլ կանչում ստուգում ու նոր յանձնարարութիւն տալիս եւայլն ու այդ ամէնի թիկունքում էլ ահռելի երկրի հզօրութիւնն էր կանգնած եւ գործն էլ մի կերպ առաջ էր գնում, դէ նոյնն էլ կը լինի նաեւ հիմա։
Պարզունակ իներցիայով նման ձեւով փորձելով երկիր կառավարելը չէր կարող յաջողութիւն ունենալ, մանաւանդ որ ամէնաբարձր դիրքում դրանք իրականացնողները շատ հեռու էին պարզունակ ատմինիսդրատիւ շրջանակներից դուրս գալուց ու պետական մակարդակի ռատիքալ բնոյթի նոր խնդիրներ դնելուց։
Անգաղափար ու գաւառական ինտրիգային փարատիգմով երկրի կառավարումը անկախութեան հենց առաջին օրից յղի էր ձախողումով, այն էլ նման պատմական բեռով ու վայրագ շրջապատով։
Նման պայմաններում երկրի ղեկավարի դիրքում պէտք է լինէր ուսեալ, կամային, գաղափարական ու անկաշառ մարդ, որը, աշխարհի լաւ ու վատի մասին յստակ պատկերացումներ ունենալով, կարող էր նաեւ համատարած թալանի ու անիրաւութեան մթնոլորտում ճիշդ կողմնորոշուել։
Մի խօսքով, մանաւանդ սկզբի շրջանում, նման մարդու կարիքը խիստ կար, որը, արտաքին քաղաքականութեան մէջ ստիպուած դրսի տիկթաթով գործելով, գոնէ ներքին քաղաքականութեան եւ յատկապէս տնտեսական հարցերում «ա»-ն «բ»-ից ջոկեր, բայց դա էլ չունեցանք եւ պարզունակ շուկայական տոկմաներով ու պատկերացումներով երկիրը տարանք կործանման։
Ինչ ասեմ, ոնց որ 6-րդ դասարանի աշակերտին ասես բարձրագոյն մաթեմատիկայի խնդիր լուծի, նոյնն էլ մեր տգէտ ու գաւառական ղեկավարների ու իրենց նմանութեամբ ընտրուած շրջապատի հետ տեղի ունեցաւ, որն էլ տարաւ դէպի երկրի կենսական ուժերի սիսթեմատիկ անկումը։
Մեր ճակատին գրած է՝ պատմական ամէնաբարդ ու վտանգաւոր շրջաններում, կամակոր երեխայի նման, ամէն ինչում բռնել հակառակուելու ուղին, իրավիճակ, երբ խիստ պատիժը անխուսափելի է դառնում։
Փաւէլ Բարսեղեան







Մեկնաբանէ