Շուրջ երկու տասնեակ ամերիկացի քրիստոնեայ առաջնորդներ նամակ են յղել նախագահ Տոնալտ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել եւ ազատել 24 քրիստոնեայ գերիներին։ Վերջիններիս թւում է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, որն արդէն 23 օր է՝ հացադուլ է պահում եւ գտնւում է առողջական ծանր վիճակում։ ՍիվիլՆէթի քաղաքական մեկնաբան Էրիկ Յակոբեանը կարծում է, որ նամակը բազմաշերտ է, իսկ այն ստորագրած անձինք՝ ԱՄՆ-ում կրօնական իրաւունքների ազդեցիկ պաշտպաններ։ Թրամփին ուղղուած նամակը թարգմանաբար ներկայացւում է ստորև։
«Յարգելի պարոն նախագահ,
Շնորհակալ ենք քարոզարշաւի ընթացքում Հայաստանին եւ հալածեալ քրիստոնեաներին ցուցաբերած Ձեր աջակցութեան համար։ Ձեր յայտարարութիւնը հզօր եւ վճռական ուղերձ էր նրանց, ովքեր փորձում են խաթարել Հայաստանի անվտանգութիւնը եւ ոչնչացնել նրա՝ որպէս Քրիստոսի աւետարանն առաջինն ընդունած երկրի հարուստ քրիստոնէական ժառանգութիւնը։
Դուք յստակ շեշտեցիք, որ, ի տարբերութիւն Պայտընի վարչակազմի, որը մշտապէս հրաժարուել է պաշտպանել քրիստոնեաների իրաւունքներն ամբողջ աշխարհում, Դուք կը պաշտապնէք ճնշուած քրիստոնեաների իրաւունքները աշխարհի իւրաքանչիւր անկիւնում։
Որպէս ամերիկացի քրիստոնեայ առաջնորդներ՝ դիմում ենք Ձեզ մի հարցով, որը կարող է լուծել միայն Ձեր որակներով օժտուած առաջնորդը՝ մէկը, որին յարգում եւ որից վախենում են այլ երկրների ղեկավարները։
Գրեթէ երկու տարի առաջ Ատրպէյճանը էթնիկ զտման ենթարկեց աւելի քան 120,000 քրիստոնեայ հայերի՝ վտարելով նրանց իրենց նախնիների հողից, մինչդեռ Պայտընի վարչակազմը հրաժարուեց քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու էթնիկ զտումը կամ պատժելու այդ յանցագործութեան հեղինակներին։
Այդ ժամանակից ի վեր նոյն ռեժիմը որպէս պատանդ է պահում 23 հայ քրիստոնեաների եւ մէկ ադրբեջանցի նորադարձ քրիստոնեայի, որոնք, հաւաստի տեղեկութիւնների համաձայն, ենթարկւում են պարբերական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն՝ միակ կազմակերպութիւնը, որն ունէր հասանելիութիւն եւ կարող էր հետեւել գերիների վիճակին, վերջին օրերին պարտադրուել է լքել երկիրը։
Պարոն նախագահ, մենք հաւատացած ենք, որ Դուք միակ մարդն էք, որը կարող է փրկել այս քրիստոնեայ գերիներին։ Մի քանի ամիս առաջ մենք ականատես եղանք, թէ ինչպէս ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց իսրայէլցի գերիներին՝ վախենալով Ձեր վարչակազմից։
Ձեր յանձնառութիւնը Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան ապահովմանը յանձնառութիւն է կայունութեանն ու «Ամերիկան՝ առաջին տեղում» Ձեր քաղաքականութեանը։
Յարգանքով՝
Դոկտոր Ալվեդա Քինկ, նախագահ, Ամերիկեան երազանքի կենտրոն
Պատուաւոր Միշէլ Պախման, դեկան, Ռոպըրթսընի պետական կառավարման դպրոցը
Սոհրապ Ահմարի, ԱՄՆ խմբագիր, UnHerd
Ռոտ Տրեհըր, լրագրող եւ հեղինակ
Թրոյ Միլլըր, նախագահ եւ գլխաւոր տնօրէն, Ազգային կրօնական հեռարձակողների միութիւն
Դեսպան Սէմ Պրաունպեք, համանախագահ, IRF գագաթնաժողով
Շոն Ֆոյխթ, միսիոներ, երաժիշտ, ակտիւիստ, հեղինակ եւ բանախօս
Ուիլեամ Ուոլֆ, գործադիր տնօրէն, Պափթիստական առաջնորդութեան կենտրոն
Պոպ Վանտեր Բլաց, նախագահ եւ գլխաւոր տնօրէն, The FAMiLY Leader
Տետէ Լաուկեսըն, գործադիր տնօրէն, «Պաշտպանել հալածուած քրիստոնեաներին» կազմակերպութիւն
Սիւզան Պոգ Կրիշման, գործադիր տնօրէն, Mercury One, Inc. եւ The Nazarene Fund
Դեսպան Ալպերթօ Ֆերնանտէզ, փոխնախագահ, Մերձաւոր Արեւելքի Մետիահետազօտական ինսթիտուտ
Դոկտոր Ճիմ Կարլոու, գլխաւոր գործադիր տնօրէն, Well Versed
Հոգեւորական Ռոզմարի Շինտլըր Կարլոու, գլխաւոր գործադիր տնօրէն, Schindler’s Ark
Դոկտոր Տէյվիտ Քարրի, USCIRF յանձնաժողովի անդամ
Նատին Մաենցա, նախագահ, IRF քարտուղարութիւն
Տենիզ Պուպէք, խորհրդի անդամ, Save Armenia
Դոկտոր Փօլ Մարէյ, միջազգային փոխնախագահ, Գլոբալ խաղաղութեան հիմնադրամ»։


«Ազդեցիկ դէմքեր, որոնց թւում Վէնսի մենթորներն են»

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Յակոբեանը, մեկնաբանելով այս նամակի նշանակութիւնը, նշում է, որ այն բազմաշերտ է։
«Առաջինն այն տոնայնութիւնն է, որով նկարագրւում է Պաքուի ռեժիմը, ինչպէս նաեւ փաստը, որ ռեժիմի գործողութիւնները համեմատւում են ՀԱՄԱՍ-ի հետ։ Ստորագրեալներից գրեթէ բոլորը ԱՄՆ-ում Իսրայէլի զօրեղ աջակիցներ են։
Երկրորդ ուշագրաւ հանգամանքը ստորագրեալների ազդեցիկ դիրքն է. նրանց շարքում են ԱՄՆ-ի յայտնի քրիստոնեայ աջերից շատերը՝ նախագահ Թրամփի հիմնական ընտրազանգուածի ներկայացուցիչները։ Իրականում, այս անձանցից երկուսը՝ Սոհրապ Ահմարին եւ Ռոտ Տրեհըրը, ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահ Ճէյ Տի Վէնսի անձնական մենթորներն են», – ասում է Յակոբեանը։
Գերիների մասին
2023-ի Սեպտեմբերի 19-20-ին Արցախի դէմ մէկօրեայ պատերազմից եւ երկրամասի ամբողջ հայ բնակչութեան էթնիկ զտումից յետոյ Ատրպէյճանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեանը, որոնց թւում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը եւ Արայիկ Յարությունեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանը եւ նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը։ Պաքուն պաշտօնապէս ընդունում է 23 հայ պատանդների գոյութիւնը, որոնց մեծ մասը գերուել է 2020-ի պատերազմից յետոյ։ Քրիստոնեայ առաջնորդների նշած «նորադարձ քրիստոնեան» ատրպէյճանցի ակտիւիստ Պահրուզ Սամատովն է՝ Փրահայի Քառլովի համալսարանի դոկտորանտ, որին Պաքուն ձերբակալել է պետական դաւաճանութեան մեղադրանքով։


Ստելլա Մեհրաբէկեան
Սիվիլնէթ
12 Մարտ 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ