Փետրուարի 14-ին Երեւանում տեղի էր ունեցել «44. Պարտություն» գրքի շնորհանդէսը, որի ընթացքում հեղինակներից մէկը՝ Կարէն Յարութիւնեանն, ասել էր.

«Պատերազմի երկու բաղադրիչ պէտք է առանձնացնել՝ ռազմական եւ քաղաքական։ Այս պատերազմը նախ եւ առաջ քաղաքական պարտութիւն էր։ Մենք այս գրքում բաւականին մանրամասն վերլուծում ենք ռազմական բաղադրիչը, սակայն նախ եւ առաջ գործ ունենք դիւանագիտական, քաղաքական ձախողման հետ։ Այն մեծ թափ առավ 2018թ.-ից յետոյ՝ իշխանութեան պոպուլիզմով, ոչ կոմպետենտութեամբ եւ իրականութիւնը ճիշտ գնահատելու անկարողութեամբ»։

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինեանը մասնակցում էր Միւնխէնի անվտանգութեան հարցերով ամէնամեայ կոնֆերանսին: Գերմանիա մեկնելուց առաջ նա Ազգային Ժողովի ամպիոնից հերթական անգամ ուղիղ եւ անուղղակի մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի նախկին նախագահների հասցէին՝ կարգաւորման գործընթացը տապալելու կամ փակուղի տանելու համար:

5 տարի առաջ Միւնխէնեան կոնֆերանսի շրջանակում կայացաւ Հայաստանի վարչապետի անփառունակ բանավէճը Ատրպէյճանի նախագահի հետ, որը Փաշինդանը «շրջադարձային» էր անուանել:

Բանավէճից յետոյ Փաշինեանը ոչ միայն հրապարակեց իր կազմած «Միւնխէնեան սկզբունքները», այլեւ պնդեց, որ դրանք կարգաւորման գործընթացում «նոր բովանդակութիւն» են ապահովում:

Փաշինեանն ասում էր, որ 2018 թուականի Մայիսից յետոյ Ատրպէյճանը փորձում էր համոզել միջազգային հանրութեանը, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի, իսկ Միւնխէնի քննարկումն ապացուցեց, որ հենց Ատրպէյճանն է հանդէս գալիս ապակառուցողական, «երբեմն էլ ռասիզմի հասնող դիրքերից»:

Մեկնաբանելով «Միւնխէնեան սկզբունքներից» մէկը՝ «չկայ տարածքների խնդիր, կայ անվտանգութեան խնդիր», Հայաստանի վարչապետն ասում էր, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերահսկողութեան տակ են վերցրել «ոչ թէ հաճոյքի համար, այլ այն պատճառով, որ այլ տարբերակ չեն ունեցել»:

Նա յաւելել էր, որ նպատակը եղել է Ատրպէյճանի ակրեսիւ գործողութիւնները հնարաւորինս հեռացնել Արցախի սահմաններից, եւ «եթէ Ատրպէյճանը կամ միջազգային հանրութիւնը կարող է առաջարկել անվտանգութեան ապահովման նոյնքան արդիւնաւէտ գործիքներ, հայ ժողովուրդը պատրաստ է դա քննարկել»:

Նիկոլ Փաշինեանի «Միւնխէնեան սկզբունքներից» եւս մի քանիսը յիշեցնեմ.

«Լեռնային Ղարաբաղը անկախութիւն է ստացել այնպէս, ինչպէս Ատրպէյճանը»:

«Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարաւոր չէ լուծել կոնֆլիկտը»:

«ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթէ որեւէ մէկը կ՛ասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կ՛ասի՝ ուրեմն այն վաղուց լուծուած է»։

Միւնխէնի «շրջադարձային» քննարկումից 7 ամիս անց Ալիեւը պատերազմ սկսեց:

«Միւնխէնեան սկզբունքների» հռչակումից 5 տարի անց Փաշինեանը առաջ է տանում «Իրական Հայաստանի» թէզը: Այն նոյն Փաշինեանը, որը հինգ տարի առաջ Միւնխէնում Ալիեւին ասել էր.

«Խորհուրդ կը տայի, որպէսզի նախագահ Ալիեւն այդքան հեռու չգնար պատմութեան գիրկը: Քանի որ, երբ հայ թագաւոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմէական ռազմական առաջնորդ Պոմպէի հետ, Հարաւային Կովկասում եւ ընդհանրապէս ամբողջ աշխարհում չկար որեւէ պետութիւն, որը կ՛անուանուէր Ատրպէյճան»:

Արա Թադեւոսեան
Մեդիամաքս
17 Փետրուար 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ