Աֆրիկայի պատմութեան մէջ շատ ծանր իրադարձութիւններ են եղել, սակայն մի դէպք իւրայատուկ է իր բնոյթով։ Գաղութացման դարաշրջանի ընդլայնումը, հասնելով Հարաւային Աֆրիկա, բախւում է մի ռազմատենչ, ցեղախմբի կատաղի դիմադրութեանը։ Սա չտեսնուած երեւոյթ էր եւրոպացիների համար, որովհետեւ ոչ մի ցեղ այսպիսի կատաղի դիմադրութիւն ցոյց չէր տուել։ Կոսա ժողովուրդը, որը առաւել յայտնի է «կաֆր» մականուամբ, յամառ պայքար էր մղում զաւթիչների դէմ ու մեծ կորուստներ պատճառում։ Արաբերէն «Կաֆր» (կեաֆիր) բառը, որը նշանակում էր «անհաւատ», «վայրենի»։

Այս երկարատեւ առճակատումը պատմութեան մէջ յայտնի է որպէս Կաֆրեան պատերազմներ։ Երկար ժամանակ կոսաներն (այսօր Աֆրիկայում արգելուած տերմին) անհաւանական ջանքեր էին գործադրում, որպէսզի իրենց երկիրը չընկնի եւրոպացիների տիրապետութեան տակ եւ ամէն ինչ լաւ էր ընթանում։

Սակայն ինչքան էլ որ ուզում ես ուժեղ լինես, միեւնոյնն է տգիտութիւնը յաղթում է…

1819 թուական․ «Առաջին մարգարէութիւնը»

1819 թուականին ցեղախմբի ազդեցիկ “շաման” Նկոսան յայտարարում է.

_Իմ վրա իջել է Ութլանգա մեծ ոգին եւ յայտնել, որ մեզ կը պարգեւի գերբնական ուժ, կը կանչի նախնիների հոգիներին, որոնք մեզ կ՛օգնեն զաւթիչների դէմ պատերազմում։ Բոլոր թշնամու գնդակները կը վերածուեն ջրի եւ վնաս չեն հասցնի կոսայի զինուորներին։ Մեր նախնիների հոգիները կը յաղթեն թշնամիներին, որից յետոյ կը գայ երջանկութեան դարաշրջան, եւ բոլորը կը վայելեն խաղաղութիւնը։

Կոսաները, ոգեշնչուած մարգարէութեամբ, կատաղի գրոհով յարձակւում են դէպի Կրեհէմսթաուն քաղաքը, որովհետեւ հաւատում էին՝ որ թշնամու գնդակները չեն վնասի իրենց, քանի որ դրանք պէտք է ջուր դառնային։ Սակայն տեղի է ունենում հակառակը՝ գնդակները ոչնչացնում են հազարաւոր կոսաների։ Մեծ կորուստներից յետոյ նրանք հետ են քաշւում, բայց չեն ընկճւում։

1856 թուական․ «Երկրորդ մարգարէութիւնը» եւ մեծ աղէտը

1856 թուականին նոր մարգարէութիւն է տարածւում կոսաների գիւղերում։ Երիտասարդ մարգարէուհի Նոնգկավուսէն յայտարարում է, որ նախնիների հոգիները պատրաստ են վերադառնալ եւ յաղթել պատերազմում, բայց դրա համար անհրաժեշտ է զոհաբերութիւն՝

Մորթել բոլոր անասուններին,

Այրել բոլոր դաշտերն ու տները,

Ոչնչացնել ամբողջ սնունդը։

Մարգարէութիւնն ասում էր, որ նախորդ անգամ զոհաբերութիւն չէր արուել, ուստի յաղթանակ չէր եկել։ Այս անգամ պէտք է ամբողջութեամբ մաքրէին «կախարդութեան պղծած» աշխարհը։ Երբ ամէն ինչ ոչնչացուէր, «հողմը կը քշէր բրիտանացիներին ծով», եւ նախնիները կը վերադառնային։

Կոսա ժողովուրդը պատրաստակամօրէն ոչնչացնում է իր ողջ տնտեսութիւնը՝ կուրօրէն հաւատալով մարգարէութեանը։ Բայց դէ գիտէք ինչ է տեղի ունենում նման դէպքերում՝ մեռած նախնիները չվերադարձան, բրիտանացիները չհեռացան, փոխարէնն էլ սկսուեց մի մեծ սով։

140,000 -անոց կոսաների ցեղախումբը կրճատւում է մինչեւ 30,000։ Նրանք դարձան քաղաքացիական պատերազմի, սովի եւ եւրոպական գաղութարարների ներխուժման զոհերը։ Կոսաների դիմադրութիւնը վերջնականապէս ճնշւում է, իսկ ողջ մնացածները ստրկացւում են իրենց իսկ հողում։

Եզրակացութիւն 1

Պէտք է ղեկավարին հաւատարիմ լինել, բայց ենթակաների կուրօրէն հաւատարմութիւնը նրան զրկում է այլընտրանքից եւ իրերին ճիշդ գնահատական տալուց

Եզրակացություն 2

Կրթուած մարդը երբեք նման անհեթեթութիւնների չէր հաւատայ

Եզրակացութիւն 3

Ժամանակակից աշխարհում կրթութիւնը թիւ մէկ պահանջն է, քանի որ առանց կրթութեան ազգը դեգրադացւում է եւ հաւատում ցանկացած զառանցանքի։

Բայց սրանով պատմութիւնը չի վերջանում։ 1918 թուականին Կոսա ցեղախմբում ծնւում է մի տղայ, ում անուանում են Ռոլիհլահլա, ինչը նշանակում էր «խուլիկան» կամ «ճիւղերը կոտրող», որին հետագայում ճանաչելու էր ողջ աշխարհը, բայց այլ անունով։

Խօսքը Նելսըն Մանտելայի մասին էր, ով դառնալու էր Հարաւաֆրիկեան Հանրապետութեան առաջին սևամորթ նախագահը, մարդու իրաւունքների համար պայքարի ամէնայայտնի ակտիւիստներից մէկն ու Նոպէլեան մրցանակի դափնեկիր։ Հետաքրքիր սիմվոլիզմ կար այս ամէնի մէջ։

Վահագն Տիլպարեան
Ֆէյսպուքեան Գրառում

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ