
Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան խորհուրդը Յունուարի վերջին քննարկում էր անցկացրել ժամանակակից Թուրքիայի վերաբերեալ՝ Ռուսլան Պուխովի խմբագրութեամբ Ռազմավարութիւնների եւ տեխնոլոգիաների վերլուծութեան կենտրոնի կողմից հրատարակուած «Թուրքական երթուղի» գրքի շնորհանդէսի շրջանակներում։
Քննարկման մասնակիցները կիսուել են Թուրքիայում ներկայ իրավիճակի գնահատականներով։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրութեանը՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականութեան մէջ» ամսագրի կայքում հրապարակուած նիւթի հիման վրայ։
Վերադարձ «մեծ խաղին»
Ելոյթ ունեցողների կարծիքով՝ Թուրքիան իր պատմութեան կարեւոր պահ է վերապրում, որը կապուած է թէ՛ իր սեփական վերափոխման, թէ՛ միջազգային ասպարէզում տեղի ունեցող հիմնարար փոփոխութիւնների հետ։ Թուրքիայի քաղաքական էլիտան նպատակադրուած է կտրուկ բարձրացնել երկրի դերը, եւ սա միաւորում է բոլորին՝ թէ՛ իշխանության մէջ գտնուողներին, թէ՛ ընդդիմութեանը։
Անգարան պատմական հնարաւորութիւն է տեսնում՝ շրջել մօտաւորապէս հարիւր տարուայ էջը, երբ Թուրքիան չէր մասնակցում «մեծ խաղին» որպէս լուրջ ինքնուրոյն դերակատար։ 20-րդ դարի մեծ մասը եւ 21-րդ դարի սկիզբն անցել են այն իրավիճակում, երբ Թուրքիան գործում էր այլ տէրութիւնների ուղեծրով։ Այժմ այն ջանասիրաբար յաղթահարում է յետամնացութեան բարդոյթը, որն առաջացել էր կայսրութեան փլուզումից յետոյ, եւ հոգեբանօրէն պատրաստ է մասնակցել տեղային հակամարտութիւններին (եւ անգամ նախաձեռնել դրանք)՝ աւելի ու աւելի քիչ ուշադրութիւն դարձնելով խոշոր խաղացողներին։
Յաւակնութիւնները կապուած են ոչ միայն արտաքին ուրուագծի, այլեւ ներքին զարգացման հետ։ Թուրքերը ընդհանուր առմամբ խիստ քաղաքականացուած են, մոտիւացուած են ազգային նուաճումների համար, ազգային հեղինակութիւնն ու հպարտութիւնը զարգացման բաւական կարեւոր գործօն է հանդիսանում։
«Լաքապատել» կայսերական պատմութիւնը
Թուրքական արտաքին քաղաքական վարքագծի եւ նպատակադրման հիմքում ընկած է պատկերացումը որոշակի «յետօսմանեան» տարածքի մասին, որտեղ Անգարան յատուկ բարոյական եւ պատմական իրաւունքներ, ինչպէս նաեւ ընդլայնուած հնարաւորութիւններ ունի։ Թէեւ Թուրքիայում հրաժարւում են երկրի միջազգային գործողութիւնների հիմքում «նէոօսմանիզմի» մասին որեւէ ենթադրութիւնից, Օսմանեան կայսրութեան յիշողութիւնը ծառայում է որպէս հիմք ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական ինքնութեան համար։ Թուրքիայում կայ միտում «լաքապատելու» սեփական կայսերական պատմութիւնը եւ հաշուի չառնելու դրա ընկալումը երկրներում, որոնք ժամանակին ենթարկուել են Բարձր Դրանը։ Տարածուած փաստարկն այն է, որ քանի որ կայսրութիւնը գոյութիւն է ունեցել մի քանի դար, եւ դրանում ապրող ժողովուրդները «չեն ցրուել», ուրեմն նրանք իրենց այնքան վատ չեն զգացել, որքան այժմ փորձում են ներկայացնել։
Նրանք կարծում են, որ իրենց դրական են վերաբերւում Պալքաններում եւ Մերձաւոր Արեւելքում (նախկին կայսրութեան տարածքներում), ընդհանուր մուսուլմանական աշխարհում (որպէս նախկին խալիֆայութիւն), Կենտրոնական Ասիայում եւ ընդհանրապես թյուրքալեզու պետութիւններում, ինչպէս նաեւ Ափրիկէում, որտեղ Թուրքիան գաղութային անցեալ չունի։ Պրակտիկան յաճախ հերքում է այս պատկերացումը, բայց թուրքական գիտակցութեան մէջ այն բաւական խորը արմատացած է։
Յաւակնութիւնների եւ զգուշաւորութեան համադրութիւնը
Թուրքիայի տնտեսական դրութիւնը սասանուած է, երկիրը վաղուց անկայունութիւն է ապրում։ Յարաբերական տնտեսական թուլութիւնը, որը գիտակցում է ղեկավարութիւնը, տարբեր յաւակնութիւնների հիմնական սահմանափակիչն է։ Չնայած թուացեալ անխուսափելի նպատակասլացութեանը, ցանկացած գնով արդիւնքի հասնելու ցանկութեանը, Անգարան ի վիճակի է գիտակցել՝ երբ է իր ձգտումը հանդիպում անյաղթահարելի խոչընդոտների եւ վտանգաւոր դառնում։ Այդ ժամանակ Թուրքիան կարող է կանգ առնել եւ փորձել փոխել մարտավարութիւնը։ Յաւակնութիւնների եւ պահպանուող զգուշաւորութեան համադրութիւնը նրա ուժեղ կողմն է։
Ի՞նչն է օգնում հասնել նպատակներին՝ չնայած անբարենպաստ տնտեսական իրավիճակին։
Նախ, այն ամէնը, ինչ անում են թուրքերը, հասկանալի է, մատչելի, արտայայտւում է պարզ բանաձեւերով։
Երկրորդ, նրանք կարողանում են բարձր արդիւնաւէտութիւն ապահովել ռեսուրսների լուրջ սահմանափակման պայմաններում։
Երրորդ, պարադոքսալ կերպով ստեղծագործական մտածողութեան եւ յամառութեան համադրութիւնը Թուրքիային դարձնում է խաղացող, որը կը խաղայ մինչեւ խաղի վերջին րոպէն եւ նոյնիսկ դրանից յետոյ, երբ խաղը, թւում է, աւարտուել է: Սիրիան դրա օրինակն է։
Չորրորդ, պետական ծառայողների ցանկացած մակարդակում առկայ է պետական շահի ընկալում, հայրենասիրութիւն։
Յարաբերութիւնները Ռուսաստանի հետ
Թուրքիայի ոճն է՝ զգայուն արձագանքել ընթացիկ իրավիճակին՝ արագ բացայայտելով բոլոր բացուող հնարաւորութիւնները եւ փորձելով օգտագործել դրանք։ Իրավիճակայնութիւնը չի նշանակում գործողութիւնների անհամակարգութիւն՝ քայլերը միշտ մտածուած են, անգամ եթե կարճաժամկէտ են:
Ռուս-թուրքական յարաբերութիւնները խիստ հետաքրքիր եւ բարդ երեւոյթ են։ Կողմերի շահերը շատ հարցերում ոչ միայն չեն համընկնում, այլեւ հակասում են միմիանց։ Այնուամենայնիւ, կապը սերտ է, միմիանցից փախչելու տեղ չկայ, փոխարէնը կայ անհրաժեշտութիւն պահպանել փոխգործակցութիւնը ցանկացած պայմաններում։ Եւ մինչ այժմ դա յաջողւում է անել, թէեւ տարածութիւնն աւելի շուտ նեղանում է։
Թուրքերի վերաբերմունքը Ռուսաստանին ոչ գծային է։ Մի կողմից՝ երկրում բացակայում է ուժ կամ սոցիալական խումբ, որը յստակ ռուսամէտ կը լինէր, Ռուսաստանի հետ յարաբերութիւնների զարգացման համար լուրջ, փաստարկուած պահանջարկ չկայ։
Միւս կողմից՝ վառ արտայայտուած հակառուսական տրամադրութիւններ, որոնք կ՛ազդէին քաղաքականութեան վրայ, Թուրքիայում եւս չեն նկատւում։ Ընդհակառակը, բնակիչների մեծամասնութիւնը ողջունում է Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւնների պահպանումն ու զարգացումը, որովհետեւ դրանք շահաւէտ են ե՛ւ թուրքական պետութեանը, ե՛ւ քաղաքացիներին։ Փոխարէնը հակաարեւմտեան տրամադրութիւնները հասարակութեան մէջ առկայ են, ինչը կապուած է շատ գործօնների հետ, վերջին ժամանակներում՝ Մերձաւոր Արեւելքում ընդհանուր առմամբ եւ, մասնաւորապէս, Պաղեստինի իրավիճակով։
Յարաբերութիւնները Արեւմուտքի հետ
Վերջին գործօնը սահմանափակիչ է ծառայում ընդդիմադիր կուսակցութիւնների համար, որոնք աւանդաբար հանդէս են գալիս արեւմտամէտ դիրքերից։ Էրտողանի հակառակորդները հիմա էլ կոչ են անում ամրապնդել յարաբերութիւնները ԱՄՆ-ի եւ Եւրոպական միութեան հետ (թէեւ դրան միանալու գաղափարը, որը երկար ժամանակ ծառայում էր որպէս թուրքական քաղաքականութեան հիմնական թէզ, այժմ դադարում է իրատեսական դիտարկուել)։ Բայց, նախ՝ այս յարաբերութիւնների սահմաններն ամբողջովին հասկանալի են, երկրորդ՝ արեւմտեան վեկտորի ուժեղացումը աւտոմատ կերպով հակառուսական քաղաքականութեան չի յանգեցնում։ Թուրքիայում, ինչպէս եւ գրեթէ ամէնուր այժմ, գործում է ցանկացած հնարաւորութիւնների օգտագործման եւ դաշինքային սահմանափակումների յաղթահարման դիրքորոշումը։
Հեռանկարում Թուրքիայի անցումը աւելի ինքնուրոյն դիրքերի Միացեալ Նահանգների եւ ընդհանուր առմամբ Արեւմուտքի նկատմամբ անխուսափելի է թւում։ Նախ եւ առաջ՝ ԱՄՆ-ի կիրառական նշանակութիւնը Թուրքիայի համար նուազել է։ Նախկինում հենց ամերիկեան հովանաւորութիւնն էր օգնում Անգարային լուծել հիմնական էթնոքաղաքական խնդիրները, իսկ այժմ այն դրանք ստեղծում է՝ աջակցելով քրտերին Թուրքիայի սահմանների մօտ եւ չխոչընդոտելով թուրքական ներքին ընդդիմութեան այլ ներկայացուցիչներին (նախկինում ամերիկեան աջակցութիւնը վճռորոշ էր յեղաշրջումների եւ այլ բողոքների ճնշման համար)։
Հիւսիսային հարեւանից (ԽՍՀՄ/Ռուսաստան) պաշտպանութեան հարցն այժմ չի դրւում, ինչպէս որ մարել է նաեւ ԵՄ անդամակցութեան թեման։ Այս ամէնը տարածաշրջանային ինքնուրոյն յաւակնութիւնների հետ մէկտեղ Թուրքիային մղում է դէպի դաշնակիցներից աւելի ու աւելի անկախ գիծ ձեւակերպելուն։ Սա, սակայն, չի նշանակում, որ տեսանելի ապագայում կարելի է սպասել ԱՄՆ-ի եւ ՆԱԹՕ-ի հետ յարաբերութիւնների որակական փոփոխութիւնների: Անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին Անգարայի համար շատ կարեւոր է։ Տարածաշրջանում ամերիկեան ներկայութիւնը նոյնպէս կարեւոր է Թուրքիայի համար, թէեւ քրտական գործօնի պատճառով այն նաեւ հակառակ կողմն ունի։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյութիւն ունի ռազմատեխնիկական պայմանագրերի հսկայական քանակութիւն, աշխարհում ոչ մի տեղ, թերեւս, չկայ ամերիկեան ռազմական եւ հետախուզական աւելի մեծ ներկայութիւն, քան Թուրքիայում։
Ռուսաստանի հետ յարաբերութիւնների հեռանկարները
Ռուսաստանի համար Թուրքիայի հետ յարաբերութիւնների հեռանկարները կախուած են մի քանի հանգամանքներից։ Դրանք են.
– Սիրիայի ապագան՝ ռուսական ներկայութիւնն այնտեղ, ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում, երկրում իրավիճակի վրայ ամէնամեծ ազդեցութիւն ունեցող Թուրքիայի պատրաստակամութիւնը քննարկել Մոսկուայի շահերը։
– Իշխանութեան տրանզիտը Թուրքիայում եւ Էրտողանի հեռանկարները։ Առայժմ բոլոր սցենարները բաց են՝ ներկայիս նախագահի հեռանալուց եւ իշխանութիւնը ընդդիմությանը փոխանցելուց մինչեւ դրա պահպանումը յաջորդ ժամկէտով։
Թուրքիայում ներքաղաքական գործընթացը առաջիկայ երկու-երեք տարում խոստանում է լինել յագեցած։
– Մոնտրիոյի կոնվենցիան եւ Սեւծովեան աւազանի տարածաշրջանային հաւասարակշռութիւնը։ Տարածաշրջանում ռազմական հակամարտութիւնը, երկրների եւ դաշինքների ակտիւութեան մեծացումը փորձութիւն են դառնում թուրքական քաղաքականութեան համար։ Առայժմ Անգարան անշեղօրէն հետեւում է կոնվենցիային, բայց ՆԱԹՕ-ի իր դաշնակիցների կանոնները փոխելու ձգտումն աճում է։
– Թուրքական պետութիւնների կազմակերպութեան զարգացումը եւ դրա հեռանկարները։ Սա վերաբերում է այն պետութիւններին, որոնք Ռուսաստանի առաջնահերթ շահերի ծիրում են։
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ Թուրքիան Ռուսաստանի ամէնանշանակալի գործընկերներից մէկն է թէ՛ հիմա, թէ՛ ապագայում, հաւասարակշռուած յարաբերութիւնների կառուցումը պէտք է լինի ՌԴ արտաքին քաղաքականութեան եւ տնտեսական կապերի առաջնահերթութիւնը։
Մետիամաքս
13 Փետրուար 2025







Մեկնաբանէ