
Դժգոհանք Վարչապետի Ցիւրիխեան Հանդիպումից
Շուէյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Օսմանեան կայսրութիւնում հայերի բնաջնջման մասին ռեւիզիոնիստական մեկնաբանութիւնը քննադատութեան ալիք է բարձրացել: Ինձ հարցնում են, թէ որպէս հանդիպմանը ներկայ մարդ՝ ինչ եմ մտածում այդ մասին եւ արդեօք կիսում եմ վարչապետի թէզը:
Հանդիպումը տեղի ունեցաւ Յունուարի 24-ին Ցիւրիխի հիւրանոցներից մէկում: Փաշինեանը Տաւոսի ֆորումից էր գալիս եւ վերադառնում էր Երեւան։ Տրամադրութիւնը լաւ էր։
Ես հարցերի երկար շարք ունէի եւ պարզաբանումներ էի ակնկալում Հայաստանի Հանրապետութեան ղեկավարից: Առաջին ակնյայտ հարցը վերաբերում էր Հայաստանի անվտանգութեանը՝ 2025-ն արդեօք եւս մէկ պատերազմի՞, թէ՞ խաղաղութեան տարի կը լինի: Տաւոսում արդեօք եղե՞լ է հանդիպում Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Շուէյցարիայի արտգործնախարար Ինիացիօ Կասժիսի միջնորդութեամբ: Ի՞նչ է անում Հայաստանի կառավարութիւնը Պաքւում պահուող հայ պատանդներին ազատելու համար: Ինչպէ՞ս վերականգնել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ վստահութիւնը դժուարին մի քանի տարիներից, պատերազմից եւ Արցախի կորստից յետոյ: Ես նաեւ աւելի կոնկրէտ հարցեր ունէի, քանի որ Հայ Մշակութային եւ Գիտական Ընկերակցութեան (Armenian Society of Fellows, ASՕF) իմ գործընկերների հետ գիտութեան եւ կրթութեան զարգացման ուղղութեամբ աշխատանքներում կուտակուել են բազմաթիւ դժուարութիւններ, որոնք վտանգաւոր կերպով դանդաղեցնում են մեր ընդհանուր ջանքերը:
Ես ակնկալում էի, որ վարչապետը քաղաքական զրոյց կ՛ունենայ, մեզ կը ներկայացնի իր տեսլականը։ Զրոյցը, սակայն, այլ ուղղութեամբ գնաց:
2020-ի պատերազմից եւ Հայաստանի պարտութիւնից յետոյ Փաշինեանն անցնում է ռեւիզիոնիզմի միջով, եւ Հայաստանի ներկայիս անվտանգութեան երկընտրանքին նրա պատասխանը կարելի է ամփոփել «Իրական Հայաստան» հասկացութեամբ: «Ասելով հայրենիք, հասկանում ենք տարբեր բաներ»,- ասաց նա: Յետոյ անցաւ տեսական քննարկման՝ ազգի, ժողովրդի, քաղաքացիների տարբերութիւնների եւ պետական շահերի սահմանման մասին: Նա տուեց «ժողովուրդ» հասկացութեան իրավական սահմանումը. հայ ժողովուրդը նրանք են, ովքեր քուէարկելու իրաւունք ունեն Հայաստանի Հանրապետութիւնում: Ասաց, որ եկել է եզրակացութեան, որ «պետութեան շահը պետութեան զարգացումն է, տնտեսական զարգացումը»։
Միջազգային յարաբերութիւնների եւ քաղաքագիտութեան տեսաբանները կը վիճարկէին այս պնդումը: Աշխարհը հեռացել է «որոշիչը տնտեսութիւնն է, գրողը տանի» լիպերալ թէզից՝ յատկապէս 2022-ին Ուքրաինա Ռուսաստանի ներխուժումից յետոյ: Այժմ առաջնահերթը անվտանգութիւնն է, այն էլ իր հին՝ դասական իմաստով, ոչ թէ պարզապէս «մարդկային անվտանգութիւնը»:
Սփիւռք
Եթէ «ժողովուրդն» իրաւական սահմանում է, ապա ո՞վ է սփիւռքահայը, արեւմտահայը:
Փաշինեանն անմիջապէս անցաւ Սփիւռքի խնդիրներին՝ ասելով, թէ «Սփիւռքից աւելի մեծ արտագաղթ կայ, քան Հայաստանի Հանրապետութիւնից»։ Եթէ յիսուն տարի առաջ սփիւռքի իննսուն տոկոսը կապուած էր ազգային կազմակերպութիւնների հետ, այսօր հակառակն է՝ միայն տասը տոկոսն է առնչւում սփիւռքահայ կազմակերպութիւններին: Աւելի ու աւելի քիչ մարդ է յաճախում եկեղեցի ու կապուած է քաղաքական կուսակցութիւնների հետ: «Մենք այսօր Սփիւռքը կորցնում ենք, եւ Սփիւռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետութիւնն է եւ մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետութեան հետ՝ որպէս հայրենիքի,- ասաց Փաշինեանը՝ յաւելելով,- հայ կը մնայ նա, ով Հայաստանի Հանրապետութիւնը կը համարի իր հայրենիքը»:
Երկժամեահ կարճ քննարկումը ազգային պետութեան քաղաքական առաջնորդների եւ Սփիւռքի միջեւ երեք տասնամեակ կուտակուած թիւրըմբռնման վկայութիւնն էր:
Փաշինեանը քանիցս կրկնեց, որ մեզ անկեղծ քննարկում է հարկաւոր: Սփիւռքում հայկական դպրոցների վերաբերեալ հարցին նա պատասխանեց՝ ասելով, որ Երեւանը կարող է տրամադրել միայն մեթոդական աջակցութիւն, մնացածը Սփիւռքի պատասխանատուութիւնն է:
Վարչապետի այս յայտարարութիւնը ազդանշան պէտք է լինի Սփիւռքի որոշում կայացնողների համար, որոնք լքել են իրենց համայնքները, փակել դպրոցները, կրճատել թերթերի ֆինանսաւորումը, դադարեցրել արեւմտահայ գրականութեան ֆինանսաւորումը եւ հեռացել նոր սերնդի խնդիրներից: Բոլոր ծրագրերը Հայաստանում կենտրոնացնելը մեզ ոչ մի լուծում չբերեց, մի բան, որ պէտք է իմանայինք դեռ 1990-ականների կէսերից: Բայց Սփիւռքի թուլութիւնը նաեւ Հայաստանի՞ խնդիրը չէ: Եթէ սփիւռքը ազգային պետութեան ռազմավարական խորքն է, հայ քաղաքական գործիչները պէ՞տք է արդեօք եւս մտածեն, թէ ինչու է տեղի ունենում «արտագաղթը սփիւռքից». եւ ինչ կարելի է անել դրա վերաբերեալ: Ինչո՞ւ հայկական պետութիւնը 34 տարուայ ընթացքում վիթխարի այս խնդրի վերաբերեալ սոցիոլոգիական գէթ մէկ ուսումնասիրութիւն չի պատուիրել:
«Մեր ինքնութիւնը ձեւաւորւում է Հայաստանի Հանրապետութիւնում»,- ասաց Փաշինեանը: Սփիւռքը հետազօտող սոցիոլոգը կը համաձայնի՞ վարչապետի այս պնդմանը:
Անկախութիւնից 34 տարի անց Հայաստանի պետութեան ղեկավարը պէտք է իմանար, որ անհնար է սփյուռքեան փորձը, հաւաքական ինքնութիւնը եւ քաղաքական համախմբումը յանգեցնել պարզապէս Հայաստանի Հանրապետութեան փոփոխուող քաղաքականութեանը ծառայելուն: Սփիւռքի ինքնութիւնը չի կարող սահմանուել Երեւանում (ակնյայտօրէն՝ հակառակը նոյնպէս ճշմարիտ է), եւ դա անելու ցանկացած փորձ վիրաւորանք է հայկական սփիւռքի զգացմունքներին: Սփիւռքի հարստութիւնը նրա՝ աշխարհով մէկ տարածուած օրկանական, յարափոփոխ սոցիալական ձեւերն են, որոնց արմատները պատմութեան խորքն են ձգւում տասը դար, այսինքն՝ շատ աւելի վաղ, քան ժամանակակից ազգային պետութեան ծնունդը:
Ցեղասպանութիւն
Հանդիպմանը վարչապետն անդրադարձաւ նաեւ Ցեղասպանութեանը, ինչը բուռն քննադատութիւն է յարուցել: «Պէտք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եւ ինչպէս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»,- ասաց նա՝ ակնարկելով, թէ խորհրդային առաջնորդներն են որոշել ցեղասպանութիւն եզրոյթը շրջանառել՝ իրենց քաղաքական շահերից ելնելով:
Այս թէզը որեւէ կերպ չի կարող հիմնաւորուել Հայոց ցեղասպանութեան հարուստ պատմագրութեամբ:
Հայկական փորձի հարստութիւններից մէկն այն է, որ մենք գիտենք, թէ ինչու եւ ինչպէս կարող է ցեղասպանութիւն տեղի ունենալ, եւ որոնք են պատմական նման իրադարձութեան հարիւրամեայ ժխտման գինը: Հայկական փորձը կարող է օգնել մարդկութեանը՝ խուսափելու նման աղէտներից եւ նոյնիսկ գոյատեւելու ու պահպանելու զոհ դարձած ժողովրդի յիշողութիւնը ժխտողական պետութիւնների դէմ հանդիման: Անգամ այն ժամանակ, երբ ջարդերը դեռ շարունակւում էին, հայերը փաստագրում էին այդ յանցագործութիւնները։ Արամ Անտոնեանը, ինքը լինելով տարագիր սիրիական անապատում, փաստագրում էր ցեղասպանութիւնը։ Նրա հաւաքածուն Փարիզի Նուպարեան գրադարանի արխիւի հիմքն է։ Նոյնն է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաւաքած փաստաթղթերի պարագայում։ Կովկասում հայ մտաւորականները, օրինակ՝ Զապէլ Եսայեանը եւ Յովհաննէս Թումանեանը, որպէս ականատես գրի էին առնում ռուսական տարածք հասած տարագիրների վկայութիւնները։ Այդ արձանագրութիւնները կարելի է գտնել Հայաստանի ազգային արխիւում: Մենք մանրամասն գիտենք, թէ ինչ է տեղի ունեցել 1915-ին. իւրաքանչիւր երկրորդ հայ սպանուել է Օսմանեան պետութեան կողմից։ մենք գիտենք, որ 200,000 փախստական, որոնք 1918-ին հասել էին ներկայիս Հայաստան, սովամահ են եղել: Հայաստանի արտգործնախարարութեան կայքը տեղեկացնում է, որ 1912-1913 թուականներին Օսմանեան կայսրութիւնում կար աւելի քան 2,300 հայկական եկեղեցի ու վանք. այժմ կայ ընդամէնը 36 գործող հայկական եկեղեցի եւ 300 աւերակ։ Մնացածը բնաջնջուած է: Հայերը գիտեն, թէ ինչ է ցեղասպանութիւնը. մենք չենք սպասել մինչեւ 1950-ականները դա ուրիշներից իմանալու համար:
Փաշինեանը քաղաքական գործիչ է, ոչ թէ պատմաբան: Նրա ասածները պէտք է դիտարկել 2020-ի պարտութեան, Հայաստանի ռազմավարական մեկուսացման, Արցախի էթնիկ զտման եւ արեւելքից ու արեւմուտքից հարեւանների շարունակուող սպառնալիքների համատեքստում: Հայաստանին հարկաւոր են ստեղծագործ մօտեցումներ, լուծումներ իր անվտանգութեան մարտահրաւէրների համար, ինչը հեշտ խնդիր չէ: Սակայն 1915-ի Ցեղասպանութեան իրողութիւնը հարցականի տակ դնելը Հայաստանի ռազմավարական մարտահրաւէրների պատասխանը չէ։ Ընդհակառակը, դա միայն աւելի շատ ցաւ կը պատճառի հայերին եւ վնաս՝ Հայաստանի պետական շահերին:
Ես հետազօտութիւն եմ արել Ցեղասպանութեան եւ դրա ժխտման հետեւանքների վերաբերեալ իմ «Բաց վէրքեր» (Open Wounds) գրքում` ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի համար: Կարող եմ հաւաստիացնել, որ եթէ անգամ հայերը փակեն իրենց աչքերը, անցեալն իր ողջ դաժանութեամբ չի անհետանայ: Թուրքական պետութիւնը կը շարունակի յիշել: Հետազօտելով հայ-թուրքական յարաբերութիւնների պատմութիւնը 1991-ից ի վեր՝ կարելի է տեսնել, նման պատկերացումները սին են:
Գիտութիւն եւ կրթութիւն
2020-ի պատերազմից յետոյ, ինչպէս ասաց Փաշինեանը, Հայաստանը պէտք է վերափոխուի «կրթութեան եւ աշխատանքի միջոցով»:
Լաւ կը լինէր, որ վարչապետի հետ մենք աւելի շատ խօսէինք սրա, քան ինքնութեան քաղաքականութեան մասին: Սփիւռքի եւ Հայաստանի գիտնականների եւ ակադեմիականների խմբի հետ մենք յանգել ենք նոյն եզրակացութեանը եւ ստեղծել ենք ASOF-ը, որն այժմ արդէն աւելի քան 350 անդամ ունի:
Հայաստանի կառավարութեան եւ կրթական հաստատութիւնների հետ երեք տարուայ աշխատանքի արդիւնքում մենք կոնկրէտ գիտելիքներ ենք կուտակել Հայաստանի պետական եւ կրթական համակարգի դժուարութիւնների ու բարեփոխումների ընթացքի մասին: Ես վարչապետին բերեցի մէկ օրինակ՝ սուպերհամակարգչի հարցը, որը Հայաստանը հանրային միջոցներով Nvidia-ից գնել է 8,5 միլիոն տոլարով, իսկ Սփիւռքից մի քանի անհատ անգնահատելի օգնութիւն է ցուցաբերել գործարքը հնարաւոր դարձնելու համար: Սուպերհամակարգիչը անհրաժեշտ ենթակառուցուածք է Հայաստանի տեխնոլոգիական արդիւնաբերութեան զարգացման, արհեստական բանականութեան հետազօտութիւնների համար։ Այն ոչ միայն տնտեսական եւ գիտական նշանակութիւն ունի, այլեւ անմիջականօրէն առնչւում է երկրի անվտանգութեանը: Գնումների խրթին կանոնակարգերի պատճառով այս գործարքն արդէն վեց ամսով ուշացել է։ Նոյնիսկ երկու տարուակ նախապատրաստական աշխատանքներից յետոյ հաստատութիւնը, որը պէտք է տեղակայի սուպերհամակարգիչը, պատրաստ չէ դրան, իսկ վարչական ընթացակարգերը սարքը կարող են անգործութեան մատնել եւս 9-12 ամսով, ինչը Հայաստանին կը պատճառի 3 մլն տոլարի կորուստ: Վարչապետի հրահանգը՝ ստեղծելու տուեալների կենտրոն, որը կը տեղակայի սուպերհամակարգիչը, կարող է կրճատել երկար եւ անհարկի ուշացումները:
Սա խնդիրների երկար շարքից մէկն է։ Հայաստանը հրատապ կարիք ունի բարեփոխելու իր վարչական ընթացակարգերը՝ ստեղծելով ուղղակի կապեր ASOF-ի նման կազմակերպութիւնների հետ։ Անհրաժեշտ է յաղթահարել բիւրոկրատական մեքենան եւ ապահովել ոչ միայն առանձին ծրագրերի յաջողութիւնը, այլեւ զարգացնել աշխատանքի նոր եւ արդիւնաւէտ մշակոյթ:
Վարչապետի պատասխանը բաւարար չէր։ Ընդունելով, որ Հայաստանի պետական հաստատութիւնները դանդաղ են աշխատում՝ նա ասաց, որ այլ կառավարութիւններ նոյնպէս նման խնդիրների են բախւում: Նա բերեց Ճէյմս Ուէպ աստղադիտակի (James Webb Space Telescope) օրինակը՝ ամէնամեծ աստղադիտակը, որը տարիներով ուշացումներ է ունեցել եւ գերազանցել է սկզբնական պիւտճէն: Համեմատութիւնը, սակայն, տեղին չէ: Ճէյմս Ուէպը յեղափոխական նորարարութիւն է: Սուպերհամակարգիչ գնելը՝ ոչ:
Փաշինեանն ասաց, որ չնայած թերութիւններին՝ իր կառավարութիւնը վճռական է առաջ շարժուելու եւ սովորելու սեփական սխալներից:
Այնուամենայնիւ, սա պէտք է արուի փրոֆեսիոնալ կերպով եւ ոչ թէ փորձարկումների միջոցով, ինչպէս Փաշինեանն էր պնդում. «Ուրիշի սխալի վրայ հնարաւոր չէ սովորել, ուրիշի սխալը ուրիշի սխալն է»։
Եթէ Հայաստանը որոշի ունենալ արդիականացման յաւակնոտ ծրագիր, ապա այն կը գտնի անհրաժեշտ ռեսուրսները Սփիւռքում: Անիւ յայտնագործելու կարիք չկայ. մենք ունենք կրթական բարեփոխումների փորձագէտներ, բարձրագոյն կրթութեան կենտրոններ հիմնելու եւ կառավարելու մասնագէտներ, մենք ունենք պատմաբաններ, որոնք շատ լաւ գիտեն, թէ ինչ է տեղի ունեցել 1915-ին, եւ սոցիոլոգներ, որոնք հասկանում են, թէ ինչ են Սփիւռքը և խմբային ինքնութիւնների փոփոխման նրբերանգները, մենք ունենք միջնորդութեան եւ բանակցութիւնների փորձագէտներ, ռազմավարական հաղորդակցութեան մասնագէտներ եւ շատ ուրիշներ:
Ժողովրդավարական համակարգում պետութեան ղեկավարը կարիք չունի արտայայտուելու, թէ ինչ է եւ ինչ չէ պատմութիւնը։ Ոչ էլ կարիք կայ մշակելու լեզուաբանական տեսութիւններ եւ մշակոյթի հարցում սեփական ճաշակը պարտադրելու հասարակութեան մնացած մասին: Հանրապետութիւնը կառավարւում է ինստիտուտների գործունէութեամբ, որտեղ քաղաքական ընտրութիւնները պէտք է հիմնուած լինեն ապացոյցների, այլ ոչ թէ ենթադրութիւնների եւ անձնական կարծիքների վրայ: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել քաղաքական ոլորտը՝ Սփիւռքում, բայց առաւել հրատապ՝ Հայաստանում:
Որպէս հայ՝ մենք ունենք ժամանակակից առաջին ցեղասպանութեան զոհ լինելու ժառանգութեան հետ կապուած խնդիր, բայց դա քաղաքական եւ անվտանգութեան սպառնալիք է, ոչ թէ պատմական: Մենք հաւաքականօրէն պէտք է պատասխանենք հարցին՝ ինչ անել նման ժառանգութեան հետ՝ ժխտողական Թուրքիայի, ագրեսիւ Ատրպէյճանի, ցինիկ Ռուսաստանի եւ անտարբեր Արեւմուտքի դէմ յանդիման: Մենք պէտք է ձեւակերպենք այս պատասխանը 2020-ի պարտութիւնից յետոյ եւ Պայտընից յետոյ, որը արտասանեց G-բառը, բայց նրա պետքարտուղար Էնթոնի Պլինքընը անտարբեր մնաց Արցախի էթնիկ զտման եւ Կազայում շարունակուող պատերազմի նկատմամբ:
Յաջորդ անհրաժեշտ քայլը քաղաքական պատասխանն է, որը պէտք է տրուի հաւաքականօրէն եւ ոչ թէ առանձին առաջնորդի կողմից: Հայաստանի քաղաքական առաջնորդները չեն լուծի այս խնդիրը՝ հարցականի տակ դնելով 1915-ի ցեղասպանութեան պատմութիւնը:
Վիգէն Չըթըրեան
Սիվիլնէթ
29 Յունուար 2025







Մեկնաբանէ