Վերջերս նորից ակտիւացել է Նոյեմբերի 9 -ի յայտարարութեան թեման:

Յատկապէս Էտմոն Մարուքեանը իր տեսանիւթերում պնդում է, որ պէտք է վերադառնալ այդ յայտարարութեանը եւ կատարել դրա 9-րդ կէտը: Հիմնաւորումն այն է, որ դա միակ տարբերակն է խուսափելու պատերազմից:

Սա արմատապէս սխալ մօտեցում է:

Բայց հարցն այստեղ Մարուքեանը չէ:

Ի դէմս Մարուքեանի այստեղ խօսում է հայկական էլիտաների կոլեկտիւ «իմաստութիւնը», որի միակ առաջարկը հայ ժողովորդին «յանձնուելու փիլիսոփայութիւնն է»: Այդ փիլիսոփայութեան կրողն է նաեւ այսօրուայ կառավարութիւնը: Մարուքեանը պարզապէս աւելի հետեւողական է տուեալ դէպքում եւ աւելի բաց ասում է այն, ինչ անխուսափելիօրէն բխում է «յանձնման փիլիսոփայութիւնից»:

Հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցւում էր «Ղարաբաղեան հարցի կարգաւորում» յղացքի շուրջ: Աւելի պարզ ժողովորդական լեզուով դա յայտնի էր` տանք-պրծնենք բանաձեւով: Իրանց խելօքների տեղ դրածները ձեւակերպում էին` «մասն ամբողջի դիմաց» սոփեստութեամբ:

Ենթադրւում էր, որ տանք-ից կամ միստիկ «կարգաորումից» յետոյ տիրելու էր «խաղաղութիւն ամենեցուն եւ ընդ հոգւում քում» իրավիճակը, եւ հաստատուելու էր յաւերժական գարուն: Գայլերն այլեւս չէին ուտելու գառներին:

Հիմա, այսքան տարի անց, նոյնիսկ կենգուրուներին է պարզ, որ տանք-պրծանքից յետոյ էլ ի զարմանս մեր չարչիաքաղաքական «մտքի»` բաղձալի խաղաղութիւն, ճամբէքի բացում, ապաշրջափակում, բոլորը բոլորի հետ առեւտուր են անում վիճակը չկայ ու մօտ էլ չէ:

Հետեւաբար «յանձնման փիլիսոփայութիւն» պէտք է անի յաջորդ տրամաբանական քայլը:

Եկէք «ճամբէն տանք, պրծնենք», եթէ Արցախ տալը չի աշխատում:

Իհարկէ, ես մեծ զիջում եմ անում այստեղ` ասելով ճամբայ: Իրականում պէտք է ասէի` Սիւնիքը տանք պրծնենք: Բայց թող փէշքէշ լինի, միջանցք էլ չէ` ճամբայ եմ գրում: Որովհետեւ էական չէ տուեալ դէպքում: Էականը` մտածողութիւնն է:

Եւ, իհարկէ, տրամաբանական ու հետեւողական է սա:

Որովհետեւ, եթէ չենք կարող պայքարել եւ կռուել, ուրեմն, Արցախի հարցի կարգաւորում յղացքին պէտք է հետեւի` Սիւնիքի «հարցի կարգաւորում» յղացքը:

Յանձնման փիլիսոփայութիւնն այլ տարբերակ չունի, քան ուշ թէ շուտ բացէիբաց գալ յանգել այս մտքին:

Բայց ամբողջ խնդիրը նա է, որ սա էլ է պատրանք:

Նոյն կենգուրուներին այսօր ակնկայտ պէտք է լինի, որ պահանջների ցանկը, որը ներկայացւում է Հայաստանին ոչ սկսւում է, ոչ էլ աւարտւում է «ճամբով», միջանցքով, Սիւնիքով:

Պահանջները շատ յստակ են, իսկ ցանկը լայնացող` հրաժարուել պաշտպանութեան ոլորտում ինքնուրոյն քաղաքականութիւնից` «միլիտարիզացիայից», հրաժարուել ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն վարելու հնարաւորութիւնից, սկսել Հայաստան թուրքերի վերադարձի հարցը եւայլն` բոլորը չթուարկեմ:

Այսքան էլ բաւական է, որ պարզ դառնայ այն ինչ ասում ենք առնուազն չորս տարի` հարցը Հայաստանի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնն է:

Չի եղել Ղարաբաղի հարց ու պատերազմ, եղել է եւ կայ` Հայաստանի եւ անկախութեան պատերազմ: Եղել է ու կա’յ:

Այս պահանջները լուրջ են:

Դրանք հռետորաբանութիւն չեն:

Դրանք ստրատեգիկ են, այլ ոչ թէ իրավիճակային:

Դրանք բաց ու թափանցիկ են` ոչ մի «նենգ թշնամին» յարձակուեց:

Դրանք դուրս չեն գալու օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրանց օրակարգից հանելու չի հիմնաւորուելու ուժով:

Հետեւաբար, «ճամբէն տանք, պրծնենք»-ը նույնքան չաշխատող է, որքան նախորդ «տանք-պրծնենք»-ը:

Ճամբայ տալով ոչինչ չի պրծնելու:

Եւ, ուրեմն, քանի որ յանձնման փիլիսոփայութիւնն ի սկզբանէ կառուցուած է` թոյլ ենք, ոչինչ չենք կարող, ռեսուրս չունենք թէզի վրայ, ապա այն ի վերջոյ պէտք է գայ յանգի իր համար միակ հնարաւոր եզրայանգման` հրաժարում անկախութիւնից, հրաժարում ինքնութիւնից: Դա մասամբ հիմա էլ արւում է, թէեւ ոչ բաց կերպով, բայց ի վերջոյ սա լինելու է միակ հնարաւոր տրամաբանական աւարտը «յանձնուելո» փիլիսոփայութեան:

Միակ իրական այլընտրանքն այս մտածողութեանն ու այս հեռանկարին` պայքարի, կռիւն ընդունելու տարբերակն է:

Սա ոչ թէ ցանկութիւն է, գաղափարախօսութիւն, այլ երկաթեայ տրամաբանութիւն: Չոր իրապաշտութիւն:

Բայց մեր «իմաստունները» բնականաբար չեն կարող ձեւակերպել նման այլընտրանք: Նրանք բոլորը կը շարունակեն ներկայացնել բոլոր հնարաւոր ֆանտաստիկ ու սոփեստական յղացքները, բացի մէկ պարզ ճշմարտութիւնից` հայ ժողովորդի միակ ելքն իր պայքարն է անկախութեան համար, եւ ուժային գործօնի նորից վերածուելը:

Յ.Գ. Ես մի կողմ եմ թողնում շատ հարցեր, այդ թւում, այն պնդումը, որ Նոյեմբերի իննի թղթի քննարկումը իբր ձեռնտու չէ Ատրպէյճանին, որովհետեւ Հայաստանը այդ թղթի հիմամբ կարող է նորից բարձրացնել Արցախի, Լաչինի միջանցքի հարցերը եւայլն: Իմաստ չունի նոյնիսկ քննարկել այդ ակնյայտ քարոզչական թէզը: Հայաստանը ոչինչ չի կարող բանակցել առանց ուժային հիմքի, եւ ոչ ոք չի պատրաստւում Հայաստանի հետ այդ հարցերը «բանակցել», այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հիմնաւորել իր բանակցելու իրաւունքը որեւէ հարցի շուրջ ուժով: Սա աքսիոմ է:

Հրանդ Տէր Աբրահամեան
Ֆէյսպուքեան Գրառում

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ