Յունուարի 27-ին Մոսկուայում Ատրպէյճանի դեսպանը հրաւիրուել է ՌԴ ԱԳՆ: Նրան ընդունել է փոխարտգործնախարար Կալուզինը: Վերջինս անցած ամիսներին մի քանի անգամ «փայլել է» հայ-ատրպէճանական կարգաւորման հարցում Պաքուի մօտեցումներին աջակցութեամբ: Այս անգամ նրան վիճակուել է Ատրպէյճանին «ուշքի բերելու» շատ բարդ առաքելութիւն: Կալուզինը յորդորել է, որ ռուս-ատրպէճանական յարաբերութիւնները պէտք է մնան ռազմավարական գործընկերութեան եւ դաշնակցութեան մակարդակում՝ ինչպէս սահմանուած է 2022թ. Փետրուարի 22-ի Փութին-Ալիեւ հռչակագրով:

Ատրպէյճանի դեսպանը «մրցագորգ է կանչուել» Տաւոսում Զելենսքի-Ալիեւ հանդիպումից յետոյ: Այս առումով ուշագրաւ յայտարարութիւն է արել Ուքրաինայի նախագահը: Նա խօսել է Եւրոպա ատրպէճանական կազի տարանցման ծաւալների մեծացման մասին եւ ակնարկել, որ թեման Ալիեւի հետ քննարկել է:

Ի՞նչ երթուղով կարող է Եւրոպան ատրպէճանական կազի լրացուցիչ ծաւալներ ստանալ: Առայժմ միակ հնարաւորութիւնը Պաքու-Էրզրում խողովակաշարի թողունակութեան մեծացումն է, բայց դա մէկ օրում կամ մի քանի ամսում դժուար թէ յաջողուի: Զելենսքու յայտարարութիւնն, այսպիսով, քաղաքական է: Պատահական չէ, որ Կալուզինն Ատրպէյճանի դեսպանին յիշեցրել է Փութին-Ալիեւ ռազմավարական համաձայնութիւնները: Դրանցից մէկը վերաբերում է էներգետիկ ծրագրերը փոխադարձաբար համաձայնեցնելու պայմանաւորուածութեանը:

Այսինքն՝ եթէ Ալիեւը հետեւելու լինի Փութինի հետ պայմանաւորուածութեան ոչ միայն տառին, այլեւ ոգուն, ապա Եւրամիութեան երկրներ կազի արտահանման ծաւալների մեծացման հարցը պէտք է նրա հետ համաձայնեցնի: Կար տարբերակ, որ Ատրպէյճանն Ռուսաստանի տարածքում կը գնի կազ եւ որպէս սեփական կ՛արտահանի Եւրոպա՝ օգտագործելով Ուքրաինայի ենթակառուցուածքները: Այդ ծրագիրը Զելենսքին մերժել է եւ հիմնաւորել, որ թոյլ չեն տայ Ռուսաստանի հարստացումը:

Զելենսքի-Ալիեւ հանդիպումից յետոյ Եւրայանձնաժողովը քննարկման է ներկայացրել Ռուսաստանի դէմ պատժամիջոցների նոր փաթեթ, որի ընդունումը, սակայն, կասեցուել է: Հունգարիան եւ Սլովաքիան դէմ են արտայայտուել: Յունուարի 27-ին, սակայն, յայտնի է դարձել, որ Հունգարիան եւ Սլովաքիան առարկութիւնը չեղեալ են յայտարարել՝ ստանալով էներգետիկ անվտանգութեան երաշխիքներ:

Խօսքն ի՞նչ եւ ո՞ւմ կողմից տրուող երաշխիքների մասին է, եթէ Ուքրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը չի վերականգնւում: Ուքրաինայի եւ Մոլտովայի նախագահների բանակցութիւններից յետոյ Վլատիմիր Զելենսքին յայտարարել է, որ պատրաստ է նոյնիսկ Մերձտնեսդրին քարածուխ մատակարարել, որպէսզի ջերմաէլեկտրակայանն աշխատի, միայն թէ Քիշնեւը չենթարկուի ճնշումներին եւ գործարքի չգնայ Մոսկուայի հետ:

Այս իրավիճակում Հունգարիան եւ Սլովաքիան Ռուսաստանի դէմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման համաձայնութեան դիմաց էներգետիկ ապահովութեան ի՞նչ երաշխիքներ են ստացել: Ատրպէյճանը շատ սերտ յարաբերութիւններ ունի թէ՛ Հունգարիայի, թէ՛ Սլովաքիայի հետ: Տաւոսում, երեւում է, Ուքրաինայի նախագահն Ալիեւին խոստացել է Եւրայաձնաժողովի հետ նրա երկխօսութեան միջնորդ լինել:

Բայց ի՞նչ պաշարների հաշուին, ի՞նչ ենթակառուցուածքներով կարող է Ատրպէյճանը նպաստել Հունգարիայի եւ Սլովաքիայի էներգետիկ անվտանգութեան ապահովմանը: Ընդ որում՝ այստեղ արդէն, ամենայն հաւանականութեամբ, ռուս-ատրպէճանական որեւէ գործարքի մասին խօսելն անիմաստ է, քանի որ Հունգարիան եւ Սլովաքիան էմեգետիկ անվտանգութեան դիմաց հակառուսական որոշման առջեւ «կանաչ լոյս են վառել»:

Եթէ այդ դիրքորոշման մէջ Պաքուի երաշխիքներն անգամ որոշիչ չեն, միեւնոյն է՝ խորքային իմաստով Զելենսքի-Ալիեւ-Եւրայանձնաժողով շփումներն ուղղուած են Ռուսաստանի ոչ միայն էներգետիկ, այլեւ ռազմաքաղաքական շահերի դէմ: ՌԴ փոխարտգործնախարար Կալուզինը բաւական պարզորոշ է սահմանել, որ Մոսկուա-Պաքու յարաբերութիւնները պէտք է մնան Փութին-Ալիեւ պայմանաւորուածութիւնների շրջանակներում: Եւրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահ Լիւքսենպուրկի արտաքին գործերի նախարար Պեդէլը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացմանը ելոյթում կարեւորել է Ատրպէյճանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը: Ըստ երեւոյթին՝ դա քաղաքական կանխածրագրի մի դրսեւորում է միայն:

Վահրամ Աթանէսեան
1in.am
28 Յունուար 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ