
Յունուարի 23-24-ին Ֆրանսիայի անդրծովեան տարածք համարվող Նոր Քալեըոնիայում տեղի է ունեցել այսպէս ասած «անկախականների» Քոնկրէս: Դրան մասնակցել են Ֆրանսիայի այլ անդրծովեան տարածքներում «անկախութեան» կողմնակիցներ: Այս մասին «հպարտօրէն» յայտնում է նաեւ Ատրպէյճանի փրոփականտիստական մեքենան՝ չփորձելով թաքցնել անգամ, որ այդ նախաձեռնութիւնների գլխաւոր հովանաւորը Ատրպէյճանն է: Ընդ որում՝ Ատրպէյճանի այդ վարքագիծը շատ վաղուց պաշտօնական է, ու դարձեալ:անթաքոյց: Բառացիօրէն մի քանի օր առաջ տեղի է ունեցել մէկ այլ գործողութիւն:
Յուշագիր է ստորագրուել այսպէս ասած Պաքուի նախաձեռնող խմբի եւ Ֆրանսիայի մէկ այլ անդրծովեան շրջանի՝ Ռէյունոնի անկախական՝ Ka Ubuntu շարժման միջեւ: Ատրպէյճանը, փաստօրէն, տարին սկսում է իր հակաֆրանսիական դերի ուժգնացմամբ: Ընդ որում՝ Ֆրանսիայի նախագահ Մաքրոնն էլ տարին սկսել էր ելոյթով, որտեղ նշում էր, որ Ատրպէյճանը Ֆրանսիայի անդրծովեան տարածքներում միջամտում է ներքին գործերին: Պէտք է խոստովանել, որ ինչ-որ առումով տարօրինակ է անգամ, երբ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ միջուկային տերութեան նախագահը կարող է անել այդպիսի յայտարարութիւն, որովհետեւ, եթէ Ատրպէյճանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին՝ իսկ անդրծովեան տարածքներն այդուհանդերձ հենց Ֆրանսիայի «ներքին» տարածքն է, եւ այդ միջամտութիւնը մնում է անպատիժ, անհետեւանք, ապա այդտեղ պատկերը նուազագոյնը բաւականին տարօրինակ է:
Ֆրանսիան չունի՞ այդ միջամտութեան համար Պաքուին պատժելու հնարաւորութիւն: Թէ՞ Փարիզը ձեռնամուխ է եղել դրան, ինչի մասին կարող են վկայել տեղեկութիւնները, որ Ֆրանսիան քննութեան առարկայ է դարձնում Եւրոպայում ատրպէճանցի հասարակական տարբեր գործիչների հանդէպ Պաքուի բռնի գործողութիւնների հարցը: Այն, որ Ատրպէյճանի իշխանութիւնը «դաւանում» է արտերկրում ապրող, այսպէս ասած ընդդիմադիր հայեացք ունեցող ատրպէճանցի հասարակական գործիչներին ահաբեկելու, անգամ առեւանգելու եւ Պաքու տեղափոխելու պրակտիկա, նորութիւն չէ:
Հարցն այն է, թէ Ֆրանսիան իրապէս ձեռնամուխ կը լինի՞ այդ երեւոյթի բացայայտմանն ու Ատրպէյճանի համար հետեւանքի առաջացմանը, թէ՞ կը գերակայի Եւրամիութեան ու Ատրպէյճաննի միջեւ տնտեսական, էներգետիկ գործակցութեան ընդհանուր շահը: Միեւնոյն ժամանակ անկասկած է, որ Ատրպէյճանի նախագահ Ալիեւը չէր գնայ հակաֆրանսիական արկածախնդրութեան, չունենալով առնուազն իր կշռով ու տրամաչափով Ֆրանսիային համարժէք որեւէ խոշոր խաղացողի աջակցութիւն, հովանաւորութիւն, իսկ գուցէ երաշխաւորութիւն: Անկասկած է, որ Ատրպէյճանն այդ իմաստով գործիք է, եւ Մաքրոնը գիտէ՞, թէ ում ձեռքին:
Յակոբ Պատալեան
1in.am
26 Յունուար 2025







Մեկնաբանէ