Պաքւում ընթացող հայերի դատավարութիւնն ունի հասկանալի զգացմունքային կողմ, բայց նաեւ չպէտք է մոռանանք, որ հիմնական էութիւնը քաղաքական է:

Քաղաքական հիմնական նպատակը պարզ է` ռուսների ձեռամբ թուրքերին յանձնուած հայ առաջնորդներից կորզած խօսքի միջոցով “գործ կարել” Հայաստան պետութեան վրայ` հիմնաւորելու համար դրա “ագրեսիւ”, “ֆաշիստական” բնոյթը եւ հող նախապատրաստելով ապագայում փոխհատուցումների համար:

Իսկ մարտավարական մակարդակում նպատակն է` յաւելեալ ընթացիկ զիջումներ կորզել ներկայ կառավարութիւնից:

Մեծ նպատակն ու մարտավարականը իրար փոխլրացնում են:

Հայաստանի ներկայիս իշխող խմբի “պլստալու” յոյսերը սին են: Մեղադրանքը միեւնոյն է մի օր ներկայացուելու է նաեւ նրանց:

Սին են նաեւ հայկական քաղաքական էլիտայի կողմից տարածուող այն փրկութեան ծրագրերը, թէ Հայաստանին մեղադրանք ներկայացնելու հեռանկարից կարելի է խուսափել յաւելեալ զիջումներով, օրինակ, նոյեմբերի իննի իններորդ կէտի կատարմամբ:

Այս իմաստով, իհարկէ, յատկանշական է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի “ներողութիւնը”:

Մի փոքր ժամանակագրութիւն:

Անցած` 2024 թուականի սկզբին ատրպէճանական ԶԼՄ-ները մեծ “շուքով” անոնս արեցին Արայիկ Յարութիւնեանի հարցազրոյցը, որը պէտք է հեռարձակուէր Պաքուի հեռուստատեսութեամբ անցած տարուայ Մարտի վերջին:

Յետոյ դա տեղի չունեցաւ, եւ եթէ չեմ սխալւում, նոյնիսկ անոնսները պոստֆակտում հեռացուեցին կայքերից ու ալիքներից:

Այն ժամանակ, թէ բանաւոր զրոյցներում, թէ հրապարակային, ասել եմ, որ այդ հարցազրոյցի մեխը լինելու էր այն, որ Արայիկ Յարութիւնեանի շուրթերով յայտարարուելու էր, որ Գանձակի հրետակոծութիւնն արուել է Հայաստանից եկած հրամանով` անձամբ Հայաստանի վարչապետի կողմից:

Դժուար չէր այդքանը կռահել:

Հարցազրոյցը չեղաւ, բայց դրա փոխարէն մարտ-ապրիլից մեկնարկեց այսպէս կոչուած սահմանազատման գործընթացը: Այդ գեղեցիկ անուան տակ յանձնուեցին հայկական դիրքեր, փաստացի ոչնչի դիմաց:

Այսպէս կոչուած սահմանազատումն իրականացուեց փաստացի ուժի, պատերազմի սպառնալիքով: Հենց Հայաստանի վարչապետն էլ դա այն ժամանակ խոստովանում էր, երբ ասում էր, եթէ չգնանք այդ պրոցէսի, կը լինի պատերազմ, ուժով կը վերցնեն:

Եւ որքան էլ հայկական քաղաքական եւ փորձագիտական էլիտան, ինչպէս նաեւ այսպէս կոչուած միջազգային հանրութիւնը ծափիկ-ծափիկ անելով ներկայացնի եղածը որպէս խաղաղութեան պրոցէսի մաս, որպէս սահմանազատում, իրականում եղածը շարունակուող պատերազմի մաս էր Հայաստանի դէմ: Դա հասկանալու համար պէտք է իրականութեանը նայել ոչ թէ անունների, այլ տրամաբանութեան, եւ էութեան պրիզմայով:

Բայց այստեղ կարեւոր է, նաեւ անձնական գործօնը:

Հարցը ոչ միայն պատերազմի սպառնալիքն էր, այլ անձնական սպառնալիքը` դիքերը յանձնուեցին նրա դիմաց, որ Արայիկ Յարութիւնեանի հարցազրոյցը չլինի, եւ Գանձակի հրետակոծութեան պատասխանատուութեան հարցը ռուսների ձեռամբ թուրքերին յանձնած Արցախի նախագահի շուրթերով չհնչեցուի:

Բայց յոյսերն, ինչպէս ասացի, սին են:

Յետաձգել կարելի է, խուսափել` ոչ:

Անցաւ գրեթէ ուղիղ մէկ տարի, եւ արդէն դատարանում Արայիկ Յարութիւնյանն ասում է, որ Գանձակի հրետակոծութեան հրամանն ինքը չի տուել, եւ չէր էլ կարող ոչ որոշում ընդունել, ոչ հրաման տալ, քանի որ ինքը նման լիազօրութիւններ չունի:

Յարութիւնեանի յայտարարութեան մէջ շարունակութիւնը չկայ:

Թէ ով էր տուել հրամանն ու ով ունէր լիազօրութիւններ:

Մի փոքրիկ պատուհան է բաց թողած:

Եւ ահա, սրան զուգահեռ, ինչ ենք իմանում:

Այո` սահմանազատման նոր փուլի մասին:

Սա այն դէպքում, երբ տարուայ սկզբին Ալիեւը առաւել բաց ու շեշտած քան երբեւէ ներկայացրեց իր պահանջների փաթեթը, որոնք պարզ ցոյց են տալիս, որ նոյնիսկ ԽՊ-ի բոլոր կէտերի համաայնեցումը բաւարար պայման չէ «խաղաղութեան» համար, յանկարծ նորից սկսւում է «խաղաղ պրոցէսի» մաս «սահմանազատումը»: Նորից թիրախում` Հայաստանի հիւսիսն է:

Հաւանաբար այս անգամ խօսքը լինելու է այսպէս կոչուած “անկլաւների” մասին:

Տարին նորմալ չբացուած, սպառնում է կրկնել անցածի ուղին` Նոր տարուց յետոյ Ատրպէյճանից կոշտ յայտարարութիւններ – Արայիկ Յարութիւնեանի գործօն – սահմանազատում: Յետոյ` հաւանաբար ԽՊ նոր խոստումներ` մինչեւ ամառ, մինչեւ աշուն, մինչեւ նոր տարի եւ այսպէս շարունակ: Լաւ կը պրծնենք, գոնէ, եթէ նոր` «բոլոր հարցերը Երեւանում են լուծւում» հերթական շարժում չձեւաւորեն, որ Նիկոլն աւելի յարմար անցկացնի Ալիեւի հերթական պահանջը` մինչ Երեւանում ծաւալւում է հուժկու փողոցային մի հերթական շարժում:

Յ.Գ: Իսկ Գանձակի հրետակոծման մեղադրանքը միեւնոյն է հնչելու է: Պարզապէս ժամանակի հարց է, եւ շանտաժի դիմաց նոր զիջումներ կորզելու:

Հրանդ Տէր Աբրահամեան
Ֆէյսպուքեան Գրառում

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ