
Ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ռուսաստանի իրարից հեռանալը թելադրուած է օբյեկտիւ հանգամանքներով, որոնք մեծ հաշուով պայմանաւորուած են ուժերի համաշխարհային դինամիկայով։
Ժամանակին Փութինը, ղեկավարուելով Չինաստանի կողմից եկող պոտենցիալ վտանգով եւ դեռեւս հաւատալով, որ Արեւմուտքի հետ հնարաւոր է իրաւահաւասար մերձեցում, բազմիցս փորձեց գնալ դէպի Արեւմուտք։
Այդ բոլոր փորձերը ձախողուեցին, քանի որ Արեւմուտքը խորին արհամարհանք ունէր Ռուսաստանի նկատմամբ, որպէս քաղաքակրթական ուժի եւ նրան պէտք էին միայն Ռուսաստանի ռեսուրսները՝ Չինաստանի դէմ սպասուող մեծ կռւում։
Սա Արեւմուտքի շատ մեծ սխալն էր, որը Փութինին ստիպեց կարտերը բացել 2007-ի Միւնխէնում ունեցած իր ելոյթով։
Դրանից բացի, լինելով գոյաբանական բնոյթի փրոպլեմների առաջ կանգնած, Ելցինի վարած տխմար քաղաքականութեան եւ Արեւմուտքի ու Արեւելքի կողմից ճնշման պայմաններում, Փութինը սկսեց խորհրդայինից մնացած կիստա պռատ զինատեսակային նախագծերը ֆինանսաւորել ու շարունակել եւ, երկրորդ ու մեզ համար շատ կարեւոր հանգամանք, ապագայ ամէնամեծ վտանգի դէմն առնելու համար սկսեց սիլի բիլին ու մերձեցման փորձերը թուրքերի հետ, որպէս իր մեծութեամբ իր դէմ ուղղուած երրորդ ուժի։
Այս պայմաններում եւ դրանց զուգահեռ Հայաստանը վարում էր իր միամիտ կոմպլիմենտար քաղաքականութիւնը, որը երկու մօրից կաթ ծծելու գաւառական լոգիկայի հետեւանքն էր ու նաեւ ադեկվատ չէր եղած ուժային եւ գոյաբանական դաշտում։
Մեր այս քաղաքականութեան շատ լուրջ եւ ռուսներին զգաստացնող հանգամանք եղաւ Սերժ Սարգսեանի ֆուտբոլային դիւանագիտութիւնը թուրքերի հետ, որում ռուսները քշուած էին մի կողմ եւ շատ դժգոհ էին, քանի որ այն բացայայտօրէն դէմ էր իրենց շահերին։
Չնայած այն բանին, որ ֆուտբոլային քաղաքականութիւնը ոչ մի արդիւնք չտուեց, բայց ռուսները հասկացան, որ թուրքերի հետ սիլի բիլիի մի մասն էլ կարելի է կառուցել հայերի շահերի հաշուին, մի բան որի նկատմամբ թուրքերը շատ զգայուն էին։
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասութիւնների սրման պայմաններում տեղի ունեցան Վրաստանի դէպքերը, որոնք Աբխազիայից ու Հարաւային Օսիայից բացի ունեցան մի այլ շատ կարեւոր հետեւանք՝ ռուսները տեսան, որ Արեւմուտքը բացայայտօրէն խուսափեց իր հետ առճակատման գնալուց։
Դրան հետեւած Ուքրաինական աւելի ու աւելի ուժեղացող պրոցէսները ցոյց տուեցին, որ Արեւմուտքը Ռուսաստանի դէմ պայքարում շեշտը դնելու է պրոքսի մեթոդներով վերջինիս խեղճացնելու վրայ։
Դրան հետեւեցին Եանուկովիչի տապալումը, Ղրիմը եւ Դոնբասը, որոնք ռուսներին ստիպեցին շատ արագ փոխել շեշտադրումներն իրենց արտաքին քաղաքականութեան ոլորտում, ներառեալ՝
1․ Չինաստանի հետ արագացուած մերձեցումը,
2․ Թուրքերի կողմից վտանգի չէզոքացումը, նրանց արած մեծ ստորութիւնների դիմաց մեծամեծ նուէրներ տալով, որոնցից մէկն էլ եղաւ Արցախը։
Բայց պէտք է ասել, որ մինչեւ վերջ էլ ռուսները փորձում էին գտնել իրենց համար աւելի յարմար լուծում՝ Լավրովի պլանով պահպանելով Արցախը, բայց թուրքերի ճնշման ու մերոնց արած բացայայտ սխալների պատճառով դա չյաջողուեց նրանց։
Այնուհետեւ սկսուեց Ուքրաինական պրոքսի պատերազմը, որը ստիպեց ռուսներին աւելի խորացնել իրենց նոր շեշտադրումներն ու տենդենցները։
Ներկայ պայմաններում, Սիրիայի կորստի, Ուքրաինայում յաջողութիւնների, Թրամփի իշխանության գալու հետ կապուած անորոշութիւնների եւ Չինաստանի ու Իրանի հետ աւելի մերձեցման պայմաններում ռուսները բազմիցս նշել են, որ իրենք Հարաւային Կովկասից հեռանալու միտք չունեն։
Բայց միւս կողմից էլ, երբեք աշխարհի ճակատագիրը այսքան անորոշութիւններ չի ունեցել, որոնց լուծումն ուժեղների կողմից, ինչպէս միշտ, այնպէս էլ հիմա, կը լինի թոյլերի ու կիսաուժեղների շահերի հաշուին։
Փաւէլ Բարսեղեան
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ