Պենզինն Իրանում սուբսիտաւորւում է, ինչը նշանակում է, որ բնակչութեանը այն վաճառվում է ինքնարժէքից էլ ցածր գնով՝ պետական միջոցների տրամադրման հաշուին։ Նաև սրա արդիւնքում պենզինի սպառումն Իրանում շատ մեծ է: Մինչեւ 2018թ. Իրանը երկրին անհրաժեշտ պենզինի մի մասը ներկրում էր։ Ներկրումն աստիճանաբար նուազեցնելով՝ 2018-ի Հոկտեմբերից Իրանը դադարեցրեց այն: Վերջին տարիներին, սակայն, Իրանը նորից սկսել է ներկրել: Իրանական օրացոյցով 1402թ. (2023-ի Մարտ-2024-ի Մարտ) Իրանում օրական արտադրուել է 105 մլն լիթր պենզին, սպառումը եղել է 116 մլն: Սպառման բարձր ցուցանիշը նաեւ մաքսանենգութեան հետեւանք է․ մարդիկ էժան՝ սուբսիտաւորուած գնով գնում են պենզինն Իրանում եւ վերավաճառում են հարեւան երկրներում։

Ըստ նախագահ Փեզեքշիանի՝ օրական 20-30 մլն լիթր պենզին է մաքսանենգ ճանապարհով դուրս բերւում Իրանից: Պենզինի անխնայ սպառումը/մաքսանենգութիւնը նուազեցնելու համար կառավարութիւնը տարբեր միջոցառումներ է քննարկում, որոնցից մէկը պենզինի գնի թանկացումն է: Բայց սա իրանական հասարակութեան շրջանում շատ զգայուն թեմա է: Նախորդ՝ 2019թ. թանկացումը բազմահազարանոց ցոյցերի եւ 200-ից աւելի զոհի պատճառ դարձան: Ըստ Իրանի իշխանութիւնների՝ մաքսանենգութեան դէմ պայքարի շրջանակներում ներդրել են նաեւ «լիքը բաքի» նախագիծը: Սա ենթադրում է, որ Իրանից դուրս գալիս իրանական ու արտասահմանեան բեռնատարները պէտք է կա՛մ բաքը մինչեւ վերջ լիցքաւորեն (ոչ սուբսիդաւորուած գնով), կա՛մ 1000 լիթրին համարժէք գումարը վճարեն՝ անկախ նրանից, թէ ինչ հեռաւորութեան ճանապարհ են գնալու (Այս խնդրին բախուել էին նաեւ հայկական բեռնատարների վարորդները)։ Հենց այս որոշումից յետոյ էլ Թուրքիան վերացրել է իրանական բեռնատարներին նախկինում տուած արտօնութիւնը: Մասնաւորապէս՝ Դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից իւրաքանչիւր լիթր վառելիքի դիմաց արդէն գանձում է շուրջ 29 լիրա: Իւրաքանչիւր բեռնատարի համար սա կարող է շուրջ 1000 տոլար արժենալ: Նման գումար իրանցի վարորդները չեն պատրաստւում վճարել, ուստի հրաժարուել են երթևեկել՝ իրանա-թուրքական սահմանին հերթեր գոյացնելով: Շրջանառւում են նաեւ լուրեր, որ ի պատասխան էլ, Իրանը շաբաթ օրուանից դադարեցրել է թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհութիւնը: Թէ՛ հենց Իրան-Թուրքիա սահմանին, թէ՛ Նախիջեւանի սահմանին (բեռնատարների մի մասը Թուրքիա է գնում Նախիջեւանով) այժմ սպասողական վիճակ է: Իրանի իշխանութիւնները խոստանում են հարցը կարգաւորել առաջիկայ օրերին: Այս թեմայի վերաբերեալ Իրանի ԱԳՆ խօսնակի մեկնաբանութիւնը իրանական որոշ ԶԼՄ-ներ վերագրել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին ու խառնաշփոթ առաջացրել այդ թւում հայկական դաշտում: Իրականում խօսնակը յայտնել էր, որ բեռնատարների խնդիրը քննարկելու համար պատուիրակութիւն է մեկնելու Թուրքիա: Մամուլում դա դարձել էր «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու համար: Եւս մէկ յաւելում: Առհասարակ վառելիքի (ոչ միայն պենզին) խնդրի պատճառով Իրանում այս տարի չեն հասցնում բաւարար քանակի էլեկտրաէներգիա արտադրել։ Ու եթէ նախկինում ամրան ամիսներին էին բախւում էլեկտրաէներգիայի պակասի խնդրին ու անընդհատ հովհարային անջատումներ էին, ապա այս տարի դա տեղի է ունենում նաեւ աշուն-ձմրանը։

Առաւօտ
7 Յունուար 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ