
Հեղինակաւոր քաղաքագէտ եւ մեկնաբան Ֆարիտ Զաքարիան The Washington Post թերթում սիւնակ է հրապարակել, որը վերնագրուած է «Թրամփը վերածնում է 19-րդ դարի կայսերապաշտութիւնը. դարձնենք Ռուսաստանը կրկին հզօր»։ Յօդուածը թարգմանաբար՝ ստորեւ։
Պատերազմները դադարեցնելու, խաղաղութիւն հաստատելու, Ամերիկան առաջին տեղում դնելու եւ երկիրն աշխարհից անջատելու քաղաքականութեամբ քարոզարշաւ անցկացնելուց յետոյ նախագահի թեկնածու Տոնալտ Թրամփն այս շաբաթ որոշեց վերակենդանացնել 19-րդ դարի կայսերապաշտութիւնը։ Մէկ մամուլի ասուլիսի ընթացքում նա մտորեց Քանատան նահանգ դարձնելու, տնտեսական ճնշման միջոցով Կրենլանտիան եւ Փանամայի ջրանցքը ձեռք բերելու մասին՝ վերջին երկուսի դէպքում չբացառելով ռազմական ուժի կիրառումը։ Հանրապետական առաջնորդները, որոնց Թրամփը վերջերս միայն սովորեցրել էր դատապարտել իրենց կուսակցութեան հին էքսպանսիոնիստական եւ ինտերնացիոնալիստաական արտաքին քաղաքականութիւնը, կրկին արագ շրջուեցին եւ որդեգրեցին նոր կուսակցական գիծը, եւ այժմ գովասանքի խօսքեր են շռայլում Թրամփի մեծ տեսլականի եւ մտածողութեան հասցէին։
Ո՞ւր է տանում այս ամէնը։
Ոմանք պնդում են, որ մենք պարզապէս վերադարձել ենք արտաքին քաղաքականութեան «խելագարի տեսութեան»։ Այն ենթադրում է, որ լաւ է, երբ նախագահը երբեմն անկանխատեսելի է թւում, նոյնիսկ՝ ոչ ռացիոնալ, քանի որ դա շփոթութեան մէջ է գցում հակառակորդներին։ Արժէ յիշել, որ Թրամփը փորձեց այս հնարքն իր առաջին պաշտօնավարման ժամանակ՝ ամէնաակնյայտ կերպով՝ Հիւսիսային Քորէայի Քիմ Չէն Ընի հետ։ Նա սկսեց նրան սպառնալ միջուկային պատերազմով («կրակ ու ցասում… որի նմանը այս աշխարհը երբեք չի տեսել») եւ յետոյ յանկարծակի անցաւ սիրոյ նամակներով նրան գայթակղելուն։ Ոչինչ չստացուեց։ Հիւսիսային Քորէան շարունակեց կառուցել իր միջուկային զինանոցը, հրթիռային փորձարկումներ անցկացնել (կարճ դադարից յետոյ) եւ սպառնալ իր հարաւային հարեւանին։ Ակադեմիական Դանիէլ Վ․ Տրեզնըրը նշում է, որ բազմաթիւ հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ «խելագարի տեսութեան» հեղինակ Ռիչըրտ Մ․ Նիքսընը դրական որեւէ արդիւնքի չհասաւ խելագար եւ անկառավարելի թուալու իր ջանքերով։
Քանատան նահանգ դարձնելու մասին խօսակցութիւնները հիմնականում թրոլինգ են՝ ուղղուած այդ երկրի լիպերալ վարչապետին, որին Թրամփը չի սիրում։ Բայց դա ստիպեց նոյնիսկ թրամփական քաղաքական գործիչներին, ինչպիսիք են Օնթարիօ նահանգի վարչապետ Տակ Ֆորդը եւ Քանատայի Պահպանողական կուսակցության վերելք ապրող առաջնորդ Փիէռ Փուալիեւրը, վճռականօրէն հակադարձել։ 2016-ի քարոզարշաւի ընթացքում Թրամփի թշնամական հռետորաբանութիւնը Մեքսիքայի հանդէպ օգնեց, որ այդ երկրի յաջորդ ընտրութիւններում ամէնահակաամերիկեան թեկնածու Անտրէս Մանուէլ Լոփէզ Օպրատորի վարկանիշը կտրուկ բարձրանայ հարցումներում։ Թրամփը նման կերպ կարող է այս անգամ էլ հակաամերիկեան տրամադրութիւնները խթանել Քանատայում։
Թրամփի ուշադրութիւնը Փանամայի եւ Կրենլանտիայի վրայ որոշակի հիմքեր ունի։ Փանամայի ջրանցքը աշխարհի ծովային հիմնական նեղուցներից է։ Սակայն Փանամայի իշխանութիւնները կառավարել են այն պատասխանատու եւ փրոֆեսիոնալ կերպով եւ ոչ մի կերպ վատ չեն վերաբերուել Միացեալ Նահանգներին՝ ինչպէս վերջերս նշել է նոյնիսկ Wall Street Journal-ի խմբագրական խորհուրդը։ Չկայ նաեւ որեւէ ուղղակի ապացոյց ջրանցքի կամ Ջրանցքի գօտու վրայ չինական ռազմական ազդեցութեան մասին, ինչպէս պնդում է Թրամփը։ Չինաստանն ընդլայնում է իր տնտեսական կապերը Կենտրոնական եւ Լատինական Ամերիկայի հետ, բայց Փեքինի ազդեցութեան հետագայ ընդլայնմանն օժանդակելու ամէնահեշտ ճանապարհը կը լինէր Ուաշինկթընի անհեռատես փորձը՝ գաղութացնելու ջրանցքը։ Դա Փանամայում կը յանգեցնէր հակաամերիկեան ազգայնական յարձակումների եւ կը վերակենդանացնէր ամերիկեան նէօկայսերապաշտութեան վախերը ամբողջ մայրցամաքում։
Կրենլանտիան վերածւում է առանցքային վայրի, հիմնականում կլիմայի փոփոխութեան պատճառով (կլիմայի փոփոխութիւնը, որքան էլ հեգնական է, Թրամփն անուանել է «խաբէութիւն»)։ Բեւեռային սառցադաշտերի հալոցքը ովկիանոսային նաւարկութեան նոր ուղիներ կը բացի Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի միջեւ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ակտիւ կը փորձեն ազդեցութիւն ձեռք բերել ծովային այս նոր ուղիներում։ ԱՄՆ քաղաքականութիւնն է եւ պէտք է լինի խափանել երկու երկրների ջանքերը՝ ընդլայնելու իրենց տնտեսական եւ ռազմական ներկայութիւնն այստեղ։ Սակայն դա անելու համար Միացեալ Նահանգների համար պարտադիր չէ գրաւել Կրենլանտիան։ Այն արդէն ունի կղզու հետ կապուած բոլոր ցանկալի հնարաւորութիւնները։ Ուաշինկթընը մի շարք ռազմակայաններ ունէր կղզում Երկրորդ աշխարհամարտի եւ Սառը պատերազմի ընթացքում։ Մէկը մնացել է եւ այժմ շահագործւում է ԱՄՆ Տիեզերական ուժերի կողմից։
Իրականում, Դանիան ակտիւ օժանդակել է Կրենլանտիայի նկատմամբ Ամերիկայի նորայայտ հետաքրքրութեանը։ Մի քանի տարի առաջ Կրենլանտիան (որը կառավարւում է կիսաինքնավար) գրեթէ պայմանաւորուածութիւն ձեռք բերեց՝ ընդունելու չինական ֆինանսաւորում նոր օդանաւակայանների համար։ Փենթակոնը Դանիային խնդրեց ազդել կրենլանտացիների վրայ՝ չեղարկելու գործարքը։ Դանիական կառավարութեանը դա յաջողուեց՝ չինական ֆինանսաւորման մեծ մասը փոխարինելով սեփականով։ Դանիայի հետ համագործակցութիւնն աւելի արդիւնաւէտ դարձրեց Ամերիկայի ջանքերը։ Նմանապէս, ամերիկեան ընկերութիւնները (ներառեալ մէկը, որը ֆինանսաւորւում է Պիլ Կէյթսի եւ Ճէֆ Պեզոսի (որը The Washington Post-ի սեփականատէրն է) կողմից աջակցուող Breakthrough Energy Ventures հիմնադրամի կողմից) ակտիւ ուսումնասիրում են Կրենլանտիայի հանքային հարուստ պաշարների շահագործման հնարաւորութիւնը։ Նոյնը կը լինէր, եթէ կղզին տեխնիկապէս ամերիկեան լինէր։
Ամերիկան այդքան ազդեցիկ է եղել աշխարհում, որովհետեւ կարողացել է համոզել միւսներին, որ ձգտում է գործել ոչ միայն իր նեղ շահերից ելնելով, այլեւ աւելի լայն շահերի համար՝ որ ցանկանում է խաղաղութիւն, կայունութիւն, կանոններ եւ նորմեր, որոնք օգտակար են բոլորի համար։ Հենց դրա շնորհիւ էր, որ 87 երկիր անմիջապէս դատապարտեց Ռուսաստանի ագրեսիւ պատերազմն Ուկրաինայի դէմ։ Հենց դրա համար են Չինաստանի շատ հարեւաններ դաշնակցել Միացեալ Նահանգների հետ։
Մամուլի ասուլիսում Թրամփն առաջարկեց վերացնել Քանատայի եւ Միացեալ Նահանգների միջեւ «արհեստականօրէն գծուած սահմանը»։ Նոյնը հենց ասում է նախագահ Վլատիմիր Փութինը Ռուսաստանի եւ Ուքրաինայի միջեւ սահմանի մասին, կամ նախագահ Սի Ծինփինը՝ Չինաստանի եւ Թայուանի բաժանման մասին։ Սա մի աշխարհ է, որը կրկին հզօր է դարձնում Ռուսաստանն ու Չինաստանը։
Ֆարիտ Զաքարիան The Washington Post-ում սիւնակագիր է։ Նա նաեւ CNN-ի «Ֆարիտ Զաքարիայի GPS» հաղորդման վարողն է։ Զաքարիան եղել է Newsweek International-ի խմբագիր, Foreign Affairs-ի գլխաւոր խմբագիր, Time-ի սիւնակագիր, ABC News-ի վերլուծաբան եւ PBS-ի Foreign Exchange with Fareed Zakaria հաղորդման վարող։ Նա «Յեղափոխութիւնների դարաշրջան» (2024) գրքի հեղինակն է։
Թարգմանութիւն՝ Կարէն Յարութիւնեանի
Սիվիլնէթ
12 Յունուար 2025







Մեկնաբանէ