Մենք՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներս, համախորհուրդ արցախահայութեան ու Սփիւռքի հայրենակիցների հետ, սոյն Հռչակագիրը որպէս համազգային փաստաթուղթ ընդունելով ու գնահատելով պատմական բախտորոշ ու ճակատագրական պահը, արձանագրում ենք 21-րդ դարի առաջին քառորդի աւարտին հայկական պետականութեան անկմանը տանող գործընթացներն ու նոր կորուստների ու արհաւիրքների ենթարկուելու վտանգաւոր հեռանկարը: Ըստ այդմ, ընդունելով այս հռչակագիրը, գիտակցում ենք պատմական պատասխանատուութեան ու համազգային նոր նպատակների ու առաքելութեան ձեւակերպման կարեւորութիւնը՝ ազգային համախմբման արդիւնքում ուժեղ ու կենսունակ պետականութիւն եւ Սփիւռք ունենալու համար:

Պատմական ներկայ ժամանակափուլում միջազգային անվտանգութեան համակարգի եւ փոխզսպման մեխանիզմների վերանայումներն ու վերաձեւումները արցախահայութեան դէմ իրագործուած ցեղասպանութեան պատճառը հանդիսացան, նոր վտանգներ ու սպառնալիքներ ծնելով հայկական պետականութեան դէմ: Տեղի ունեցած ողբերգութեան հիմնապատճառներից էր նաեւ չկայացած եւ փակուղի մտած պետական կառավարման կոռումպացուած համակարգը, Հայաստանի Հանրապետութեան իրական անվտանգային համակարգի ստեղծման օրակարգի լիակատար բացակայութիւնը, Հայաստան-Սփիւռք հաստատուն ու կուռ կապերի ապահովմանն ուղղուած ջանքերի լիակատար ձախողումը:

Համայն հայութեան առջեւ կրկին ծառացել է լինելիութեան, ազգային ինքնութեան ու ժառանգութեան պահպանման հարցը: Սոյն հռչակագրով մենք վերանայում ենք պատմական արդարութեան վերականգնման եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքներին հետամուտ լինելու հրամայականները, գիտակցելով դրանց բովանդակութեան յարաբերականութիւնը միջազգային յարաբերութիւնների ներկայ համակարգում, որտեղ մօտեցումներն իրականացւում են ուժի դիրքերից եւ միմիայն սեփական շահերի ապահովման հրամայականի վրայ խարսխուած ընտրովի մօտեցումներով:

Զարգացնելով 1918 եւ 1990 թուականներին ընդունուած հայկական անկախ պետականութիւն հռչակելու հիմնարար փաստաթղթերը եւ դիտարկելով դրանք որպէս ազգային իղձերի արտայայտման կարեւոր պատմական վաւերագրեր, մեր առջեւ խնդիր ենք դնում ներկայ մարտահրաւէրների ու վտանգների պայմաններում պետականութեան կայացման նոր բովանդակութեամբ եւ տեսլականներով ծրագրի իրագործումը, միաժամանակ արձանագրելով, որ

– 1991-2024 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնում պետականաստեղծ գործընթացը լիովին տապալուել է՝ ծնելով գոյաբանական լուրջ խնդիրներ ու նոր վտանգներ համայն հայութեան հայրենիքի այս հատուածում հետագայ կենսագործունէութեան ու զարգացման համար,

– 33 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները ոչ միայն չթօթափեցին խորհրդային արատաւոր ժառանգութեան մնացուկները, այլեւ պետականութեան կազմակերպման գործում, գիտակցուած կամ ոչ, հետամուտ եղան նոյն բռնութեան ու անօրինականութեան տոտալիտար մշակոյթի դաւանմանը, քատրային քաղաքականութեան հարցերում հետեւելով «ինչքան վատ՝ այդքան լաւ» սկզբունքին,

– Հայաստանի Հանրապետութիւնը որպէս պետական միաւոր չդարձաւ անկախ ու ինքնիշխան՝ շարունակաբար սպասարկելով այլ պետութիւնների շահերը, դառնալով ծաւալապաշտական ու գաղութատիրական նկրտումների զոհը: Հայաստանի Հանրապետութիւնը չունեցաւ իրապէս անկախ ու ինքնիշխան պետականութեան համար ծառայող անվտանգային համակարգ:

– Հայաստանի Հանրապետութիւնում պետական կառավարման եւ իշխանափոխութեան գործընթացները տեղի ունեցան աղաղակող անօրինականութիւններով, որի արդիւնքում ոտնահարուեցին քաղաքացիների իրաւունքներն ու ազատ կամարտայայտման սահմանադրական սկզբունքը: Փաստացի, ՀՀ-ում բոլոր իշխանափոխութիւնները ծնել են պետական համակարգի շարունակական այլասեռում ու կազմալուծում:

– ՀՀ Սահմանադրութիւնը չդարձաւ հիմնարար իրաւական այն փաստաթուղթը, որը կը բացառէր համակարգային կոռուպցիայի, յանցածին արդարադատութեան եւ կոռումպացուած դատական համակարգի ձեւաւորումը, լոկ հիմքեր ստեղծելով յանցաւոր գործելաոճ ունեցող համակարգի վերարտադրման համար:

– Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն այդպէս էլ չդարձաւ իր պետականութեան կրողն ու դրա հիմնական սուբյեկտը: Ճիշտ հակառակը, կոռուպցիայի, անօրինականութիւնների ու պատեհապաշտ խմբակային մտածողութեան ու գործելաոճի պայմաններում, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները վերածուեցին միջոցի եւ օբյեկտի քաղաքական ուժերի ու խորքային պետութեան վերարտադրման համար, դրանում ներգրաւելով պետական հաստատութիւններ, գիտական հիմնարկներ ու պատմութիւնն ու ներկան կեղծող սպասարկող մտաւորականներ:

– կենսունակ պետականութիւն ստեղծելու գործընթացը լուրջ փորձութիւնների ենթարկուեց 1999 թ. Հոկտեմբերի 27-ի, 2008 թ. Մարտի 1-ի արիւնալի դէպքերով, ինչպէս նաեւ բազմաթիւ չբացայայտուած քաղաքական սպանութիւններով, որոնց լիարժէք բացայայտման անկարողութիւնը յանգեցրեց պետական համակարգի հետագայ քայքայմանն ու դեգրադացմանը:

– 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հակասահմանադրական գործողութիւններն ու ծրագրաւորուած իշխանազաւթումը յստակօրէն ուրուագծեց Հայաստանի Հանրապետութիւնում գործող խորքային պետութեան արատաւոր գործելաոճը, որի արդիւնքում հարիւր հազարաւոր ՀՀ քաղաքացիներ ներքաշուեցին վաղоրոք մշակուած ու այդ նպատակի համար հաւաքագրուած տարրերի կողմից իրականացուած աննախադէպ յանցաւոր գործողութեան մէջ:

Ելնելով վերոշարադրեալից,

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ

1. Հայաստանի երրորդ Հանրապետութիւնն այլեւս յայտարարւում է անցեալի մի ժամանակափուլ եւ այն յանձնում ենք պատմութեանը՝ իր բոլոր դրական ու բացասական դրսեւորումներով: Երրորդ հանրապետութիւնն այլեւս անցեալ է: Ըստ այդմ, ՄԵՆՔ, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներս, ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ Հայաստանի չորրորդ Հանրապետութիւնը, դիտելով այն երրորդ հանրապետութեան իրաւայաջորդ:

2. ՀՀ չորրորդ Հանրապետութիւնն առժամանակ կիրառում է գործող օրէնքները, ՀՀ պետական խորհրդանշանները՝ դրօշը, զինանշանը եւ օրհներգը, որոնց մասնակի փոփոխութիւնների ու բարելաւման համար կը կազմակերպուեն համապատասխան մասնագիտական խմբեր:

3. Հայաստանի Հանրապետութիւնը հետեւողականօրէն գործադրելու է ինքնիշխան ու անվտանգ պետութիւն կազմակերպելուն միտուած ջանքեր՝ այդ նպատակով վերանայելով երկրի անվտանգութիւնը սպառնացող ու խոցելիութեանը նպաստող ոչ դաշնակցային յարաբերութիւնները, կառուցում է նոր որակի յարաբերութիւններ միջազգային անվտանգային կառոյցների հետ՝ որեւէ կերպ չներքաշուելով երրորդ պետութիւնների դէմ ռազմական ագրեսիա սանձազերծելու գործողութիւններում:

4. Հայաստանի Հանրապետութեան տասնեակ հազարաւոր քաղաքացիներ անօրինականութիւնների ու անարդարութիւնների դէմ պայքարելու անզօրութիւնից ստիպուած լքեցին իրենց բնակավայրերը, հանգրուանելով այլ երկրներում: Նոր իշխանութիւնները հիմնական խնդիրն է ժողովրդագրական ծայրայեղ վտանգաւոր իրավիճակի շտկումը՝ արտերկրում ապրող հայրենակիցներին ներգրաւելու նախագծերի ու ծրագրերի կիրառմամբ: Հայաստանի Հանրապետութիւնnւմ պէտք է ապահովուի քաղաքացիների ազատ ու իրաւահաւասար կենսագործունէութիւնը՝ անկախ ազգութիւնից, ռասայական պատկանելութիւնից եւ դաիանանքից, որդեգրելով իրաւական պետութեանը բնորոշ բոլոր սահմանադրական պահանջները:

5. Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը, ոստիկանութիւնն ու պետական եւ հասարակական անվտանգութեան մարմինները զերծ պէտք է մնան օտար շահեր սպասարկելու արատաւոր ու հաստատագրուած գործելաոճից: Այլ երկրների ռազմական ներկայութիւնը Հայաստանի Հանրապետութեան տարածքում կարող է դիտարկուել ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան պետական շահը հաշուի առնելով, այլեւ հայութեան տարբեր հատուածների անվտանգութեան ապահովման մաս դիտարկելու պայմանով:

6. Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ, վարում է չէզոք արտաքին քաղաքականութիւն՝ ձգտելով բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել անմիջական հարեւանների հետ, զարգացնելով առանց նախապայմանների ու ագրեսիւ հռետորաբանութեան վրայ հիմնուած կայուն յարաբերութիւններ:

7. Հայաստանի Հանրապետութեան նոր իշխանութիւններն իրականացնելու են հողի, ընդերքի եւ բնական պաշարների բաշխման ու վերաբաշխման գործընթացների ուսումնասիրութիւն ու վերահաշուառում, բացառելով հանրային ու պետական շահը վտանգող, տնտեսական, մտաւոր, մշակութային կարողութիւնները չէզոքացնող ու յարաբերականացնող գործողութիւնները:

8. Հայաստանի Հանրապետութիւնը վերածուել է մի քանի տնտեսվարողների կամայականութիւնների ու ուժի դիրքերից իրագործուող արատաւոր ու յանցաւոր գործելաոճի թատերաբեմ, հաւասար պայմաններ չստեղծելով ազատ տնտեսավարման ու մրցակցութեան ոլորտներում: Պետական կառավարման հետ սերտաճած օլիգարխական համակարգը, տեղային աւատատիրական կարգերի ամրագրումը վերածուել են պետականութեան շենքը կազմաքանդող ու քայքայող մնայուն գործօնների, ժամանակի ընթացքում կազմալուծելով ու յարաբերականացնելով պետական համակարգն ու հաստատութիւնների լիարժէք գործունէութիւնը: Հիմնական խնդիր ենք դիտում այս համակարգի լիակատար կազմալուծումն ու դրա վերարտադրման բացառումը, ինչպէս նաեւ երկրի տարբեր հատուածներում համաչափ զարգացման համար նախադրեալների ստեղծումը:

9. Հայաստանի Հանրապետութիւնը գործուն մեխանիզմներ է ստեղծում պետական պաշտօնեաների կողմից կոռուպցիայի ու հովանաւորչութեան բացառման, ինչպէս նաեւ համակարգային կոռուպցիայի վաղուց ձեւաւորուած կառոյցի հետեւողական կազմալուծման համար: Այդ նպատակն իրագործելու համար երեք տարով քաղաքական գործունէութիւնից կը զրկուեն ՀՀ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամաւորները, հինգ տարով կը սառեցուի ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ու խորհրդարանական ընտրութիւններին մասնակցած կուսակցութիւնների գործունէութիւնը:

10. Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է հայերէնի, որպէս պետական լեզուի, գերակայ կիրառումը հասարակական կեանքի բոլոր ոլորտներում, մշակում է նոր ռազմավարութիւն կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի զարգացման գործում:

11. Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ է լինելու հայկական քաղաքակրթութեան ժառանգութեան պահպանմանը, դրանց ոչնչացումը եւ հայկական մշակութային ժառանգութեան ու յիշողութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն բացառելու պատրաստակամութեամբ: Համազգային արժէքների ու յիշողութեան ծանակումը, կեղծ օրակարգերի շրջանառումն ու դրանց սպասարկումը դիտուելու են խիստ պատժի ենթակայ գործողութիւններ:

12. Հիմնուելով 2015 թ. Յունուարին ընդունուած Համազգային հռչակագրի դրոյթների վրայ, Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ է լինելու Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացուած ցեղասպանութեան եւ հայրենազրկման միջազգային ճանաչման ու հետեւանքների վերացման գործին:

13. 2020 եւ 2023 թթ. արցախահայութեան դէմ սանձազերծված ռազմական ագրեսիան եւ դրա հետեւանքները զգալի պէտք է լինեն թէ՛ արտաքին եւ թէ՛ ներքին այն ուժերի համար, ովքեր մշակել ու իրագործել են հայութեան դէմ իրագործուած նոր ցեղասպանական գործողութիւնները: Տեղի ունեցած ու հնարաւոր նոր յանցագործութիւնները կանխարգելելու համար, համայն հայութիւնը համատեղ ջանքերով մշակւում է կանխարգելման ու արագ արձագանքման պատժիչ մեխանիզմներ՝ մեղաւորներին յայտնաբերելու եւ հատուցման գործողութիւններ իրականացնելու ուղղութեամբ:

14. Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ է լինելու արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը եւ հետեւողականօրէն ջանքեր է գործադրելու իրենց հայրենիքում անվտանգ ապրելու մեր հայրենակիցների իրաւունքներն իրագործելու համար:

15. Սոյն Հռչակագիրը հիմք է հանդիսանալու Հայաստանի Հանրապետութեան նոր Սահմանադրութեան մշակման, օրէնսդիր եւ գործադիր պետական մարմինների գործունէութեան եւ նոր օրէնսդրութեան մշակման համար:

Ընդունուել է հայ ժողովրդի կողմից, 2024 թ. Դեկտեմբերի 31-ին՝ մերժելով ՀՀ գործող իշխանութիւնների յանցաւոր գոյութիւնն ու գործունէութիւնը:

Հայկ Տեմոյեան
Ֆէյսպուքեան Գրառում

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ