Յօդուածը հրապարակուել է Project Syndicate կայքում։
2025 ին մենք, հաւանաբար, կ՛իմանանք պատասխանը այն հարցի, թէ արդեօք BRICS խումբը (Պրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարաւային Ափրիկէ) կը դառնայ ուժի նոր կենտրոն համաշխարհային քաղաքականութեան մէջ: Նոր անդամների (Եգիպտոս, Եթովպիա, Իրան, ԱՄԷ) միանալուց յետոյ, երբ այն սկսեց ներկայացնել մոլորակի բնակչութեան 45%-ը, որոշ փորձագէտներ սկսեցին պնդել, որ այն համախմբում է «Կլոպալ հարաւը» (մոլորեցնող եզրութ) եւ լուրջ մարտահրաւէր է նետում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի իշխանութեանը: Սակայն ես շարունակում եմ թերահաւատօրէն վերաբերուել նման յայտարարութիւններին:
2001-ին, երբ Ճիմ Օ’Նիլը (այն ժամանակ Goldman Sachs բանկի գլխաւոր տնտեսագէտը) յօրինեց BRIC յապաւումը, նա պարզապէս ցանկանում էր առանձնացնել չորս զարգացող երկրներ, որոնք ենթադրաբար մինչեւ 2050-ը կը գերիշխեն համաշխարհային տնտեսութեան աճում: Սակայն այս պրենդը շուտով ձեռք բերեց քաղաքական որակ: 2006-ին ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովում այն դարձաւ դիւանագիտական ոչ պաշտօնական միաւորում, իսկ այնուհետեւ՝ պաշտօնական կազմակերպութիւն, երբ 2009-ին տեղի ունեցաւ BRIC-ի առաջին գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովում, որը տեղի էր ունենում Ռուսաստանում, շեշտը՝ ինչպէս եւ հիմա, դրւում էր բազմաբեւեռ աշխարհակարգի գաղափարի առաջմղման վրայ: Արդէն մէկ տարի անց BRIC յապաւմանը աւելացաւ S տառը, քանի որ խմբին միացաւ Հարաւային Ափրիկէն (South Africa):
Ուոլ Սթրիթի ֆինանսական ակտիւների դասը վերածուեց միջազգային կազմակերպութեան մասամբ այն պատճառով, որ այն համապատասխանում էր Ռուսաստանի եւ Չինաստանի՝ զարգացող աշխարհը գլխաւորելու ցանկութիւններին: BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը, որը տեղի ունեցաւ Ռուսաստանում 2024-ի Հոկտեմբերին, առաջին անգամ անցկացուեց կազմակերպութեան նոր անդամների մասնակցութեամբ (թէեւ Սաուտեան Արաբիան դեռ չի որոշել՝ ընդունել, թէ ոչ խմբին միանալու հրաւէրը, իսկ Արգենթինայի նոր կառավարութիւնը մերժել է այն): Գագաթնաժողովին ներկայ էին 36 երկրների ղեկավարներ, միջազգային բազմաթիւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անթոնիօ Կութերէշը, իսկ Թուրքիան դիմում է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար:
2024-ի գագաթնաժողովը նուիրուած էր «Կլոպալ հարաւի» ներսում կապերի զարգացմանը եւ բազմաբեւեռ աշխարհի կառուցմանը: Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինն օգտուեց առիթից՝ ցուցադրելու իր համաշխարհային դիւանագիտական նշանակութիւնը՝ չնայած 2022-ին Ռուսաստանի՝ Ուքրաինա ներխուժմանը:
Քանի որ աւելի ու աւելի շատ երկրներ են հետաքրքրութիւն ցուցաբերում BRICS-ին անդամակցելու հարցում, թւում է, թէ այս խումբն իրօք կարող է ներկայանալ որպէս ԱՄՆ-ի գլխաւորութեամբ աշխարհակարգին դիմադրութեան առաջատար: Երբեմն այն նոյնիսկ համարւում է Սառը պատերազմի ժամանակների «Չմիացման շարժման» ժառանգորդը. նրա անդամները հրաժարւում էին ընտրութիւն կատարել ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ: Բայց թէեւ Չմիացման շարժման երկրներն ունէին ԱՄՆ-ին դիմադրելու ընդհանուր շահ, այդ շարժման հիմնադիրների թւում չէին Ռուսաստանը եւ Չինաստանը:
Ամէն դէպքում, BRICS-ը դժուար թէ կարողանայ պաշտօնապէս միաւորել «Կլոպալ հարաւը»: Այս կազմակերպութեան խոշորագոյն եւ կարեւորագոյն անդամները՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, գտնւում են հասարակածից հիւսիս, եւ նրանք մրցակցում են միմիանց հետ առաջնորդութեան համար:
Ռուսաստանը եւ Չինաստանն իրօք շահագրգռուած են պայքարել այն բանի դէմ, ինչը նրանք անուանում են ամերիկեան սպառնալիք, եւ յայտարարել են «առանց սահմանափակումների դաշինքի» մասին: Սակայն այս կարգախօսների յետեւում թաքնուած են ռազմավարական գնահատականների լուրջ տարբերութիւններ: 19-րդ դարում, երբ Ցին դինաստիան թոյլ էր, Ռուսաստանը Չինաստանից վերցրեց տարածքների հսկայական կտորներ, բայց այսօր Չինաստանի տնտեսութիւնը տասն անգամ մեծ է, քան Ռուսաստանինը: Երկու երկրները պայքարում են Կենտրոնական Ասիայում ազդեցութեան համար, եւ Չինաստանը մտահոգուած է, որ Ռուսաստանը ներգրաւել է ԿԺԴՀ-ին՝ Չինաստանի հարեւան երկրին, Ուքրաինայի դէմ պատերազմում:
Նոյնիսկ աւելի կարեւոր զսպող գործօն BRICS-ի՝ որպէս կազմակերպութեան զարգացման համար դարձաւ Չինաստանի եւ Հնդկաստանի (այսօր աշխարհի ամէնամեծ բնակչութիւն ունեցող երկիրը) միջեւ մրցակցութիւնը: Չինաստանը շատ աւելի հարուստ է, քան Հնդկաստանը, բայց այն ապրում է ժողովրդագրական անկում (ինչպէս եւ Ռուսաստանը), մինչդեռ Հնդկաստանում բնակչութեան եւ աշխատուժի թիւը շարունակում է աճել:
Բացի այդ, Չինաստանը եւ Հնդկաստանն ունեն ընդհանուր վիճելի սահման Հիմալայներում, որտեղ նրանց զինուած ուժերը պարբերաբար բախումներ են ունենում: Իրավիճակը բարդանում է Չինաստանի՝ Փաքիստանի հետ աւանդական բարեկամութեամբ: Աւելին, Չինաստանի հետ կապուած մշտական անհանգստութիւններն պատճառներից մէկն են, թէ ինչու է Հնդկաստանն ընդհանրապէս միացել BRICS-ին: Թէեւ այս երկիրը խուսափում է պաշտօնական դաշինքներից, նոյն պատճառով այն ակտիւացրել է մասնակցութիւնը «the Quad» խմբում (որը ներառում է ԱՄՆ-ը, Ճափոնիան եւ Աւստրալիան):
BRICS-ին նոր երկրների անդամակցութիւնը այդ խումբն աւելի ուժեղ չի դարձնում, այլ միայն նոր հակամարտութիւններ է ներմուծում: Եգիպտոսը եւ Եթովպիան վիճում են ջրամբարի պատճառով, որը Եթովպիան կառուցում է Նեղոս գետի վրայ, իսկ Իրանը երկարատեւ տարաձայնութիւններ ունի ԱՄԷ-ի եւ Սաուտեան Արաբիայի (BRICS-ի հաւանական անդամ) հետ: Կազմակերպութեան ներսում այս նոր տարաձայնութիւնները չեն բարձրացնի նրա արդիւնաւէտութիւնը, այլ միայն կը դանդաղեցնեն նրա աշխատանքը: Զարգացող երկրների 77-ի խմբում նոյնիսկ աւելի շատ անդամներ կան, եւ նրա գործունէութիւնը քրոնիկ արգելափակւում է ներքին տարաձայնութիւններով:
2024-ին BRICS+ գագաթնաժողովում քննարկւում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսութեան եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութիւնը, մշակութային փոխանակման զարգացումը, ենթակառուցվածքների եւ կայուն տնտեսութեան զարգացման համատեղ նախագծերը: Սակայն նման խօսակցութիւնները սովորաբար նշանակալի արդիւնքներ չեն բերում: 2014-ին այս խումբը հիմնադրեց Զարգացման նոր պանք՝ Շանկհայում կենտրոնակայանով, բայց առայժմ այս հաստատութիւնը էական արդիւնքների չի հասել:
BRICS-ը յայտարարում է նաեւ տոլարից ազատուելու եւ իր անդամների միջեւ երկկողմ առեւտրում սեփական արժոյթներով հաշուարկներ կատարելու մտադրութեան մասին, սակայն ձեռք բերուած առաջընթացը փոքր է: Տոլարը որպէս կլոպալ պահուստային արժոյթ փոխարինելու ցանկացած լուրջ փորձ պահանջում է, որ Չինաստանը ստեղծի եուանի աջակցութիւն խորը, ճկուն քափիթալի շուկայի եւ իրաւական պետութեան տեսքով, բայց նա խիստ հեռու է այս պահանջները կատարելուց:
Այսպիսով, ինչի՞ համար է պէտք BRICS-ը: Որպէս դիւանագիտական մեկուսացման յաղթահարման գործիք, այն, անկասկած, օգտակար է Ռուսաստանին: Որպէս զարգացող աշխարհում առաջնորդութիւնը ցուցադրելու դիւանագիտական գործիք, այն օգտակար է Չինաստանին: Որպէս Չինաստանին հակազդելու ուղի, այն մասամբ օգտակար է Հնդկաստանին: Որպէս ազգային զարգացման յաջողութիւնները ցուցադրելու համեստ բեմ, այն երբեմն օգտակար է Պրազիլիային եւ ՀԱՀ-ին: Բայց այն վերածւո՞ւմ է արդեօք համաշխարհային քաղաքականութեան նոր կենտրոնի այս բոլոր գործառոյթների շնորհիւ: Ես կարծում եմ՝ ոչ:


Ճոզեֆ Նայ
ամերիկացի քաղաքագէտ
Սիվիլնէթ
2 Դեկտեմբեր 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ