
Մտորումներ Սօսի Թաթիկեանի անպատասխանատու գրառման առիթով
Ռուսամոլութեան եւ Արեւմտամոլութեան քաղցկեղը Հայաստանում մեծ աւեր է գործում, սպառնում է երկրի գոյութեանը, մոլորեցնում է հանրութեանը եւ օտարի հաշուին վնաս է հասցնում Հայաստանի ինքնիշխանութեանն ու պետական շահին։
Ռուսաստանում միլիարդներ դիզած հայ վերնախաւը այդպէս էլ հայկական պետականութեանը սատարող ուժի չվերածուեց, այլ ընդհակառակը՝ ինչպէս 1915 թուականի պոլսահայ վերնախաւը, սեփական շահի գերին դարձած՝ վերածուեց ՌԴ֊ի հակահայ քաղաքականութեան գործիքի, որն աջակցում է ՀՀ֊ում ՌԴ֊ի 5֊րդ շարասեանը։
Միւս կողմից մինչ 2018 թուականի թալանի, կոռուպցիայի, կամայականութիւնների եւ օրինախախտումների դէմ շարժումն առաջնորդած Փաշինեանը, իր երիտասարդ եւ անփորձ թիմով, առանց երկրի կայունութեանը վնաս հասցնելու եւ տնտեսութիւնը կաթուածահար անելու՝ փորձում է քայլ առ քայլ ինքնուրոյն պետականութիւն կառուցել եւ ժողովրդի մօտ արմատաւորել սեփական պետականութեան կարեւորութեան նշանակութիւնը, իր շրջապատում ոմանք իրենց Հռոմի Պապից աւելի կաթոլիկ երեւալու փափաքով, միջազգային չակերտեալ եւ երեւակայական դեմոկրատիայի ռահվիրաներ, արեւմտամոլներ են դարձել եւ փորձում են անձրեւից պատսպարուած ժողովրդին դէպի կարկուտ առաջնորդել։ Նրանք ամէն օր կարող են աղաղակել ռուսական բանակի կողմից Ուկրաինայի այս կամ այն քաղաքի ռմբակոծման մասին, բայց համր են, սարսափում են Ատրպէյճանի իսկական զինակից Իսրայէլ բառը արտասանելուց, որ ՀԱՄԱՍ֊ի ահաբեկչութեան դէմ պայքարի անուան տակ մասսայականօրէն ոչնչացնում է Կազայի անզէն ժողովրդին ռմբակոծելով հիւանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, սպանելով 40 հազարից աւելի երեխա, կին, ծեր, լրագրող, բժիշկ… Արեւմտամոլները չգիտես ինչու համր են նաեւ Թուրքիայում քրտերի մասսայական սպանդի, պետական մակարդակով ահաբեկչութեան նկատմամբ, Սիրիայում Թուրքիայի կողմից Դաիշներին, Թահրիր ալ-Շամներին աջակցելու, հայկական համայնքի անվտանգութեանը լրջօրէն սպառնալիք հանդիսացողների նկատմամբ. լուռ են նաեւ (երբեմն նոյնիսկ դատապաշտպանի դեր են ստանձնում) ժողովրդավար Եւրոպայի՝ Պաքուի իշխանութեան հետ սիրաբանութիւնների, ռուսական կազը Եւրոպային վաճառելու փաստի նկատմամբ, բայց ենթադրեալ ժողովրդավարութեան (իմա արեւմուտքի) հաշուին առիթը բաց չեն թողնում քննադատել Իրանին, որ ՀՀ֊ն արտաքին աշխարհին կապող գրեթէ միակ շնչափողն է։
Թերեւս ՌԴ-ում եթէ հայ ռուսամոլները իրենց ծառայութեան դիմաց միլիարդներ են դիզում, նախորդները (իսկական միամիտ հայի օրինակով) արեւմուտքի համար կամաւոր զինուորներ, ծառայողներ են, յաճախ կոպէկների դիմաց։
Այս գրութեան առիթը Սօսի Թաթիկեանի անհեթեթ գրառումն է, ով թուրքերի եւ ատրպէճանցիների վայրագութիւնները, մասսայական սպանդը, պետական ահաբեկչութիւնը դատապարտելու փոխարէն, այսօր առնուազն երեւութապէս բացակայ «հայկական ահաբեկչութիւնն» է դատապարտում, որովհետեւ ժամանակին «թուրք դիւանագէտների կանանց» է սպանել, որ «եւրոպացիներ է սպանել» եւ ըստ Թաթիկեանի «միայն իմանայիք, թե այդ վնասակար եւ անմիտ գործողութիւնները ինչքան են վնասել հայերի հեղինակութեանը Եւրոպայում»։
Թաթիկեանը, ով 2023 թուականին Ատրպէյճանի Արցախում էթնիկ զտման եւ օկուպացիայի դէմ հրապարակել էր լայնածաւալ գովելի հետազօտութիւններ, որոնք արժանացան նաեւ իմ գործընկերների կողմից թարգմանութեան եւ հրապարակման եւս մէկ լեզուով, կատարել է սխալներով լի եւ թրքահաճոյ անպատասխանատու յայտարարութիւն։
Տարակուսելի է, թէ ինչո՞ւ է ԱՍԱ.ԼԱ֊ի ծննդեան ճիշդ 50֊ամեակին Թաթիկեանը կատարում նման գրառում։ Արդեօ՞ք դա օտարների կողմից պատուէր է, թէ՞ առանց պատուէրի՝ սեփական ծառայութեան մատուցում, քանի որ նման գրառման շահառուները ոչ այլոք են, քան թուրքերն ու ատրպէճանցիները, իսկ Թաթիկեանն էլ ձեւացնում է 2025 թ.-ի շեմին է հասկացել, որ հիմա «Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու»։
Տիկին Թաթիկեա՛ն, դուք ինչպէ՞ս էք յանդգնում, արհամարհել, ահաբեկչութիւն անուանել 1975 թուականին՝ այսինքն Հայկական անկախ պետութեան ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՆ պայմաններում, 1915 թուականի Ցեղասպանութեան վերապրողների` Սփիւռքի 3֊րդ սերնդի, քաղաքական եւ ռազմական այն հրաշքը, որ ցնցելով աշխարհը, յուսահատութեան, անկման եզրին հասած եւ ինքնութիւնը կորցրած տարասփիւռ հայութեան ազգային ինքնագիտակցութեան վերածննդի պատճառ դարձաւ, իսկ աշխարհի տասնեակ պետութիւնների՝ որոնցից որոշների մեղսակցութեամբ էր իրականացուել Ցեղասպանութիւնը, մղեց դրա դատապարտմանը։ Չէ՞ որ մինչեւ 1975 թուականը հայերին երբեմն յիշում էին միայն Կիւլպէնկեանով ու Միկոյեանով, չէ՞ որ մինչեւ 1975 թուականը ո’չ մի երկիր չէր դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը (բացառութեամբ 1965 թուականին աշխարհի միւս ծայրում գտնուող բարեկամական Ուրուկէույից), եթէ տասնեակ երկրների Ցեղասպանութեան ճանաչումը ԱՍԱ.ԼԱ-ի պայքարի եւ քաղաքական յարաբերութիւնների արդիւնքը չէ՞ր, ապա ինչի՞ արդիւնք էր, ՀՀ արտաքին քաղաքականութեա՞ն, Քոչարեան-դաշնակների Հայ Դատի գրասենեակների՞։ Մինչեւ 1975 թուականը հայութիւնը քաղաքականապէս բացակայ էր ոչ միայն Եւրոպայում, այլ ամէնուրեք։ Մինչ այդ հայերն ընկալւում էին միայն որպէս որբերից վերապրողներ, ովքեր ունակ չէին իրենց ողնաշարը շտկելու, սեփական իրաւունքների մասին բարձրաձայնելու, դրանք պաշտպանելու։
Իսկ Հայկական ազգային ինքնագիտակցութիւնն ու Հայոց ցեղասպանութեան առաջին անգամ որպէս քաղաքական հարց արծարծումն այդ պայքարի միակ նուաճումները չէին, բայց դա այլ հարց է, որին կարելի է անդրադառնալ առանձին։
Իսկ թուրք դիւանագէտի կնոջ (ըստ Թաթիկեանի կանանց) կեանքի համար սրտաճմլիկ ելոյթի փոխարէն Թաթիկեանը թող յիշի հազարաւոր անպաշտպան հայ կանանց ողջակիզման մասին, որբացած ու պարտադրաբար կրօնափոխ դարձած՝ իսլամացած, հազարաւոր հայ երեխաների մասին (ի դէպ Թաթիկեանի ակնարկած թուրք դիւանագէտի կինը սպանուել է Աթէնքում, Մոնթէ Մելքոնեանի վրիպած փամփուշտի պատճառով, երբ բացի դիւանագէտը սպանուել է նաեւ նրա կինը)։
Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում անհրաժեշտ է հետեւեալ կէտերի պարզաբանումը.
1 – 1991 թուականին ՀՀ անկախացումից ի վեր, ԱՍԱ.ԼԱ-ն յայտարարել է, որ ոչ մի պաշտօնական ներկայութիւն չունի ՀՀ տարածքում։ Չի միջամտում ՀՀ ներքաղաքական գործընթացներին։ Հետեւաբար բորոր այն յայտարարութիւնները որ 3֊րդ կողմերը, երբեմն հայ արկածախնդիրները մինչ օրս այդ կազմակերպութեան անունից հրապարակել են ՀՀ կամ օտարերկրեայ մամուլում դաւադիր խաղեր են մի կողմից վնասելու Հայաստանի Հանրապետութեանը, իսկ միւս կողմից վնասելու այդ կազմակերպութեան վարկին։ Կազմակերպութեան տեսակէտները տեղադրւում են նրա պաշտօնական կայքում։
2 – Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն ընտրւում են ՀՀ քաղաքացիների կողմից եւ իշխանութիւնը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ իշխանութիւնները յաւակնութիւն չունեն որ ներկայացնում են նաեւ Սփիւռքին: ՀՀ իշխանութիւնների բացարձակ իրաւունքն է մշակել ՀՀ իշխանութեան ներքին ու արտաքին քաղաքականութիւնը եւ հաշուետու է միայն ՀՀ տարածքում ապրող քաղաքացուն։ ՀՀ իշխանութիւնը չի պարտադրում, չունի նաեւ լծակ պարտադրելու իր որդեգրած քաղաքականութիւնը Սփիւռքին։ Հետեւաբար, ՀՀ իշխանութիւնը չունի նաեւ ո’չ մի պատասխանատուութիւն Սփիւռքի քաղաքական կազմակերպութիւնների գործունէութեան նկատմամբ։
Յիշեցնենք, որ Հայ-թուրքական ֆուտպոլային քաղաքական տարիներին, երբ դաշնակները ամբոխավար մի բաժակ ջրի մէջ փոթորիկ էին ստեղծել, 2010 թուականին եւ այնույետ եւս ԱՍԱ.ԼԱ-ն յայտարարել է, որ դա ՀՀ-ԹՀ (Հայաստանի Հանրապետութիւն-Թուրքիայի Հանրապետութիւն) յարաբերութիւններ են եւ ո’չ թէ հայ-թուրքական։
3 – Հայկական հարցերով հետաքրքրուող սփիւռքահայերի մեծամասնութիւնն աջակցում է ՀՀ պետականութեանը, առաւել եւս 2018 թուականից ՀՀ օրինական իշխանութիւններին, բացի ծայրայեղ դաշնակցականները, որ փորձում են Սփիւռքին ներքաշել ՀՀ քաղաքական ներքին պայքարում։
Իմ համոզմամբ Սփիւռքի մեծամասնութիւնը նոյնպէս գիտակցում է, որ ՀՀ իշխանութիւններն անում են հնարաւոր առաւելագոյնն ապահովելու ՀՀ անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, հզօրացնելու երկրի տնտեսութիւնը, ապահովելու բարձրորակ կրթութիւն, առողջապահութիւն, կենսամակարդակի բարձրացում եւայլն, այդ թւում ՀՀ-ն երանելի երկիր դարձնելու նաեւ սփիւռքահայերի` այնտեղ ապրելու համար։
4 – Ինչպէս Սփիւռքն իր ինքնուրոյն գործունէութեամբ, առանց միջամուխ դառնալու ՀՀ ներքաղաքական կեանքին՝ ունի բարոյական իրաւունք տեսակէտներ յայտնելու, քննարկումներ կատարելու եւ աջակցելու Հայաստանի Հանրապետութեանը, ՀՀ քաղաքացիները եւ քաղաքական կուսակցութիւնները եւս ունեն նոյն իրաւունքները եւ բարոյական իրաւունք մշակութապէս աջակցելու Ցեղասպանութիւնից ճողոպրած տարագիր հայութեանը։
Եզրակացութիւն.
Քաղաքական շրջահայեացութիւնը թելադրում է, որ ՀՀ-ը եւ Սփիւռքը իրար մօտենան առաւելագոյն զսպուածութեամբ եւ փոխըմբռնումով։ Եթէ կողմերի յայտարարութիւնները միմիանց աջակցելու մասին չեն, ապա պէտք է հնարաւորինս խուսափեն մէկը միւսին վարկաբեկելուց, վնասելուց կամ հեղինակազրկելուց։ Ինքնուրոյն, բայց՝ ներդաշնակ գործունէութիւնը ՀՀ֊Սփիւռք յարաբերութիւններում լաւագոյն ձեւաչափն է։
Յ.Գ.
1 – ՀՅԴ-ի կողմից ՀՀ-ում մասնաճիւղ ստեղծելը, աղաւաղել է ՀՀ-Սփիւռք յարաբերութիւնները, դա նման է, որ ՀՀ գործող կազմակերպութիւնները եւս մասնաճիւղեր ստեղծեն Սփիւռքում։ ՀՅԴ-ի այդ քայլը մի կողմից արկածախնդրութեան մէջ է ներքաշում Հայաստանին (դրօշ այրել եւայլն), վնասում է ՀՀ ինքնիշխանութեանն ու նրա միջազգային վարկին, իսկ միւս կողմից՝ Սփիւռքին ներքաշում ՀՀ քաղաքական ներքին պայքարում եւ խաչաձեւում նրանց օրակարգերը։
2 – Ի պատասխան, Թաթիկեանի այն նշմանը, որ «դադարէք այն [Սփիւռքի ՆԱԱ Պայքարը] համեմատել Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթի սպանութեանը, բացարձակապէս որեւէ ընդհանրութիւն չեմ տեսնում, լրիւ տարբեր բնոյթի աքթեր են», նշեմ, որ նման համեմատութիւն միայն կարող է անել բանից անտեղեակ անձը։ Շահան Նաթալիի եւ Գրիգոր Մերճանոֆի կազմակերպած պատժիչ անձնաւորուած թիրախներ էին, մինչ ԱՍԱ.ԼԱ-ի գործունէութիւնը հետապնդել է քաղաքական որոշակի նպատակ։
3 – ՀՅԴ-ի՝ կողմից Թուրքիայի դէմ իրականացուած զինյալ ակտերը ԱՍԱ.ԼԱ֊ի գործողությունների հետ նոյն նժարում դնելը, բխում է Թաթիկեանի՝ թեմայից անտեղեակ լինելուց։ ՀՅԴ-ը նման քայլերի է դիմել խոչընդոտելու ԱՍԱ.ԼԱ-ի պայքարը, իր երիտասարդ անդամների հոսքը դէպի ԱՍԱ.ԼԱ կանխելու համար։ Թուրքիայի հետ համատեղ, ՀՅԴ-ը ամէնամեծ վնասն է հասցրել ԱՍԱ.ԼԱ-ին։
4 – ԱՍԱ.ԼԱ֊ի նախկին անդամների Արցախեան շարժման մէջ դերակատարութիւնը (Մոնթէ Մելքոնեան, հանգուցեալ Գէորգ Գիւզէլեան եւայլն..) իրականացուել է անհատական նախաձեռնութեամբ։ Աղաղակել, որ ԱՍԱ.ԼԱ-ն որպէս կազմակերպութիւն մասնակցել է Արցախեան շարժմանը, դա ատրպէճանական ջրաղացին ջուր լցնել է եւ բոլորովին իրականութեան չհամապատասխանող։
5 – Թաթիկեանի կողմից ԱՍԱ.ԼԱ-ի շուրջ 300 գործողութիւններից, միայն Օռլի օդանաւակայանի թուրքական աւիաուղիների դէմ գոծողութեան յիշատակումը, մեղմ ասած զարմանք եւ տարակուսանք է առաջացնում։
Մովսէս Քէշիշեան
Araxnews
31 Դեկտեմբեր 2024
All reactions:
88







Մեկնաբանէ