
Աւարտուեց ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ կազմակերպութեան, որը Հայաստանի համար մնում է տնտեսական կայունութեան եզակի երաշխիքներից մէկը: Մի քանի կարեւոր որոշում ընդունուեց. Իրանը դարձաւ դիտորդ, ստորագրուեցին ազատ առեւտրի ու մաքսային տարանցման համաձայնագրեր:
Գագաթնաժողովը նշանաւորուեց ոչ այնքան որոշումներով, որքան՝ Նիկոլ Փաշինեանի հերթական «նուաճումով»: Աւելի շուտ՝ նրա բացակայութեամբ: Հեռավար մասնակցութիւնը հայկական դիւանագիտութեան նոր նորմ է: ԵԱՏՄ պարագայում դա յատկապէս տարօրինակ է թւում: Միութիւնից Հայաստանի համար տնտեսական դիվիդենդները ակնյայտ են:
ՌԴ-ն պարբերաբար հացահատիկի արտահանման համար մաքսատուրքեր է սահմանում, բայց Հայաստանը՝ որպէս ԵԱՏՄ երկիր, դրանցից ազատուած է։ Իսկ մնացած երկրների համար այդ մաքսատուրքերի դրոյքաչափը լողացող է ու վերջին շրջանում զգալիօրէն աճել է (մէկ տոննայի դիմաց մինչեւ 10-11 տոլար, այսինքն՝ հացահատիկի ներկայիս արժեքի գրեթէ 5%-ը): Բացի այդ, Ռուսաստանից ներկրուող ցորենը նախկինի պէս համեմատաբար էժան է: 2022 թուականին Հայաստանի համար ռուսական ցորենի մէկ տոննան միջինում 280 տոլար արժէր, մինչդեռ այլ երկրների ցորենի արժէքը հիմնականում 350 տոլարից բարձր էր։ 2023 թուականին ռուսական ցորենի գինը Հայաստանի համար նուազել է մինչեւ 180 տոլար մէկ տոննայի դիմաց։ Իսկ մենք, ի դէպ, հացահատիկի աւելի քան 90%-ը ներկրում ենք հե՛նց ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից։
Մեր ապրանքները, աշխատաշուկան, տարանցումը՝ այս ամէնը միութեան հետ է կապուած: Ցորենի օրինակը ԵԱՏՄ համատեքստում Հայաստանի համար տնտեսական օգուտի ողջ սպեկտրի միայն չնչին մասն է։ Սակայն մեր գործող իշխանութիւնների համար քաղաքական երկխօսութիւնը գործընկերների հետ տաբու է անգամ այդ ֆոնին: Հարց. սա ռազմավարութի՞ւն է, թէ՞ հերթական ձախողումը: Երեւանը փորձում է միաժամանակ երկու տիրոջ ծառա լինել. ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից փող աշխատել, իսկ քաղաքական հարցերը Արեւմուտքի հետ լուծել: Եթէ այդպէս է, ապա տրամաբանական հարց է ծագում. դաշնակիցները դեռ որքա՞ն կը հանդուրժեն նման դիրքորոշումը:
ԵԱՏՄ երկրների առաջնորդները հաստատեցին Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ինչը նոր հնարաւորութիւններ է բացում փոխադարձ առեւտրի համար ու խթանում է տնտեսական փոխգործակցութիւնը: Եւ այստեղ առաջ է գալիս ամէնապարադոքսալ բանը: Մենք՝ որպէս երկիր, պէտք է առաջինը լինենք, ով կ՛աջակցի Իրանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին: Դա աշխարհագրական, տնտեսական, լոգիստիկ տեսանկիւններից ձեռընտու է մեզ: Բայց դրա փոխարէն մենք պասիւութիւն ենք նկատում: Թէ՞ վախ: Ի՞նչն է Հայաստանին խանգարում նման նախագծերի օգտին ակտիւօրէն հանդէս գալ: Գուցէ՝ Արեւմուտքի դժգոհութեան հանդէպ վա՞խը: Թէ՞ պարզապէս կարճաժամկէտ շահից այն կողմ տեսնելու հասարակ անկարողութիւնը: Մինչդեռ այլ երկրները գործում են: Իւզբէկստանն իր շուկան է բացում, Իրանն ինտեգրւում է, իսկ մենք հեռավար «հետեւում ենք»:
Անհնար է չնշել ակնյայտը. նման խուսավարումները խաթարում են Հայաստանի հանդէպ վստահութիւնը: Դաշնակիցները տեսնում են, որ Հայաստանը դադարել է յուսալի գործընկեր լինել: Մենք կամաց-կամաց վերածւում ենք իներցիայով հանդուրժուողի: Ու դա մտահոգիչ է: ԵԱՏՄ-ում մենք այլեւս սուբյեկտ չենք, այլ՝ օբյեկտ, որին հազիւ թէ լուրջ վերաբերուեն: Դեռ որքա՞ն ժամանակ է պէտք, որ մեզ հետ պարզապէս դադարեն հաշուի նստել: Զարմանալի է, որ դա դեռ տեղի չի ունեցել:
Բայց խնդիրը միայն Նիկոլը չէ: Նրա հեռավար «յայտնութիւնը» աւելի խորը հիւանդութեան ախտանիշ է: Մենք՝ որպէս երկիր, Համագործակցութեան շրջանակներում հրաժարուել ենք ակտիւօրէն մասնակցել որեւէ նշանակալի նախաձեռնութեան։ Դրա վառ ապացոյցը ԱՊՀ վերջերս կայացած գագաթնաժողովն էր, երբ Փաշինեանն առհասարակ այդ ձեւաչափին չմասնակցեց: Աշխարհաքաղաքական մարտահրաւէրների ֆոնին, երբ այլք նոր դաշինքներ են կազմում, Հայաստանը գիտակցաբար մի կողմ է քաշւում: Անկախութի՞ւն: Թէ՞ մեկուսացում: Ժամանակակից աշխարհում չէզոքությունը շքեղութիւն է, որը մենք մեզ թոյլ տալ չենք կարող:
Ու այստեղ գլխաւոր հարցն է. ի՞նչ կը լինի յետոյ:
Կը շարունակենք խաղալ «համ ձեզ, համ մեզ» խա՞ղը: Թէ՞ օրերից մի օր կը գիտակցենք, որ նման քաղաքականութիւնը մեզ ոչ թէ դէպի անկախութիւն է տանում, այլ՝ միջազգային ուղու վրայ մեր դիրքերի իսպառ կորստի:
Արտակ Սարգսեան
paradigma
30 Դեկտեմբեր 2024







Մեկնաբանէ