Արցախի հետ պատահածը յաճախ են համեմատում Նախիջեւանի կորստի հետ։ Բայց մեծ մոլորութիւն կայ դրանում։
Նախիջեւանի կորուստը եղել է աստիճանական՝ պատմական որոշակի ընթացքով ու անյաղթահարելի գործօնների ազդեցութեամբ։ 1919-ի գարնանը բրիտանացիների օգնութեամբ Հայաստանը մտաւ Նախիջեւան, բայց իր իշխանութիւնն այնտեղ հազիւ երկու ամիս կարողացաւ պահպանել։ Թաթար բնակչութեան ապստամբութիւնը հնարաւոր չեղաւ յաղթահարել։ Նախիջեւանի բնակչութեան ընդամէնը մեկ-երրորդն էր հայ։ 1923-ին Նախիջեւանի ինքնավարութեան ստեղծումից առնուազն մէկ դար հայերն այնտեղ արդէն մեծամասնութիւն չէին։ Ի տարբերութիւն Արցախի մելիքութիւնների՝ Նախիջեւանում հայերը շատ վաղուց պետականակերպ որեւէ միաւոր չէին ունեցել։
Թէեւ Լեռնային Ղարաբաղը եւս թողնուել է Խորհրդային Ատրպէյճանի կազմում՝ հայերն այնտեղ մշտապէս մեծամասնութիւն են եղել։ Ղարաբաղն իր կազմ մտցնելու Ատրպէյճանի բազմաթիւ ջանքերն արժանացել են Ղարաբաղի հայերի բազմաթիւ համագումարների մերժումներին ու նաեւ զինուած դիմադրութեանը։ 1991-ից սկսած՝ երեք տասնամեակ Արցախը անկախ պետականութիւն էր։ Լեռնային Ղարաբաղ քաղաքական միաւորի գոյութիւնը՝ անկախ դրա հետագայ կարգավիճակից, ընդունուել է բոլորի կողմից՝ թէ՛ միջնորդների, թէ՛ անգամ Ատրպէյճանի։ 1994-ից ի վեր կարգաւորման տարբեր առաջարկները ենթադրել են լայն ինքնավարութիւն (1997), դէ ֆակտօ սուբյեկտայնութիւն՝ կարգավիճակի հարցը թողնելով ապագային (1997), Ատրպէյճանի հետ ընդհանուր պետութիւն (1998), միացում Հայաստանին (2001) եւ միջազգայնօրէն ճանաչուած միջանկեալ կարգավիճակ եւ անգամ անկախութեան հնարաւորութիւն՝ ռեֆերենդումի միջոցով (2007)։ Այս վերջինը որպէս կարգաւորման լաւագոյն տարբերակ պահ է տրուել ԵԱՀԿ դեպոզիտարիային, որը վկայում է դրանում ամրագրուած սկզբունքների միջազգային լեգիտիմութեան մասին։
Արցախի կորուստը անխուսափելի չի եղել։ Արցախի կորուստը անխուսափելի է դարձրել Նիկոլ Փաշինեանը՝ նախ խաթարելով բանակցային լեգիտիմ գործընթացը, շատ հանգիստ դիտարկելով պատերազմի տարբերակը, յանցաւոր ամբարտաւանութեամբ (ինքը դա հայրենասիրութիւն է կոչում) չգնահատելով հնարաւոր ստանալիքը եւ Հայաստանի դէմ լարելով Թուրքիային ու Ատրպէյճանին՝ չափազանցուած ակնկալիքներ ձեւաւորելով Ռուսաստանից, երբ այդ երկիրը 2015-ից սկսած յստակ շարադրել էր իր շահերի սահմանագիծը՝ ի դէմս Լավրովի պլանի (որը չընդունեց Սերժ Սարգսեանը, որովհետեւ զբաղուած էր սահմանադրական աճպարարութեամբ ու վերարտադրութեամբ, եւ չընդունեց Նիկոլ Փաշինեանը, որովհետեւ հաւատում էր «թաւշեայ յեղափոխութեան արտահանմանը»):
Պատերազմում յաղթում են կամ չեն պարտւում նախեւառաջ քաղաքական կոմպետենտութեամբ։ Ինչպէս աւելի ուշ պարզուեց, պատերազմը էապէս նուազ կորուստներով կանգնեցնելու ռուսական առաջարկի փոխարէն Նիկոլ Փաշինեանը կոչ էր անում «կամաւորական ջոկատներ ձեւաւորել ու յաղթել»։ Փաշինեանի այդ կոչը լաւագոյնս է բնութագրում քաղաքական առաջնորդութեան նրա որակները ոչ միայն պատերազմի, այլեւ նրա կառավարման ամբողջ ժամակահատուածի համար։
2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախի փրկութեան թէկուզ ոչ մեր երազած, բայց միակ շանսն էր։ Այդ փաստաթղթի կէտերը ինքը՝ Նիկոլ Փաշինեանը սկսեց խախտել՝ պայմանական ասած՝ «թռնելով բազարից», որն իրեն փրկել էր։ Թէ ում վրայ էր դրել յոյսը, շատ դժուար է հասկանալ։
2022-ի դեկտեմբերին, երբ Ատրպէյճանը սկսեց Արցախի շրջափակումը, պայմանը շատ պարզ էր՝ ճանապարհ էր ուզում՝ մօտաւորապէս այնպէս, ինչպէս Լաչինի միջանցքը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյեանը հարկ չհամարեց մեկնել Բայրամովի հետ հանդիպմանը ու փորձել բացել Արցախի կեանքի ճանապարհը։
Նիկոլ Փաշինեանը Արցախի կորստի գլխաւոր մեղաւորն է։ Որքան շատ նա փորձի խեղաթիւրել պատմութիւնը, փաստերն ու իրականութիւնը, այնքան աւելի է ծանրանալու նրա մեղքը հայ ժողովրդի ու հայոց պատմութեան առջեւ։
Արցախի կորստի համար մեղաւոր են նաեւ իշխանամերձ այն քարոզիչներն ու քաղաքագէտները, որոնք փորձում են ապացուցել դրա անխուսափելիութիւնը՝ մեղադրելով բոլորին ու լռելեայն մեղսազերծելով Նիկոլ Փաշինեանին, Արարատ Միրզոյեանին, Արմէն Գրիգորեանին ու այլոց։
Նիկոլ Փաշինեանին կամայ կամ ակամայ մաքրագործում են նաեւ նրանք, ովքեր Ղարաբաղի կորուստը դիտարկում են բացառապէս լաւ չզինուելու, լաւ պետութիւն չձեւաւորելու տրամաբանութեամբ՝ անտեսելով քաղաքական մտքի կամ դրա իսպառ բացակայութեան պարտութիւնը, որը լաւագոյնս արտայայտուած է վերեւում մէջբերուած կոչում։
Նիկոլ Փաշինեանին մեղսազերծում են բոլոր նրանք, ովքեր ասում են՝ «մենք բոլորս ենք մեղաւոր»՝ կոլեկտիւ պատասխանատուութեան մոլորութեան մէջ գցելով բոլորիս։ Ծպտեալ կամ լատենտ նիկոլականութեան այդ աղանդը լրջագոյն վտանգ է արդէն իսկ բզկտուած երկրի համար։
Արցախի հայաթափման համար մեղաւոր են նաեւ Արցախի ղեկավարները, որոնք շրջափակման ժամանակ սին յոյսեր էին կապում Փաշինեանի, ռուսների, միջազգային հանրութեան եւ չգիտեմ էլ ում հետ։
Հիմա Նիկոլ Փաշինեանն ու նրա սազանդարները գիշեր-ցերեկ խօսում են ինքնիշխանութիւնից, երբ այդ ինքնիշխանութիւնը իջեցրել են Պաքուի պարտադրանքով Անկախութեան հռչակագրից հրաժարուելուն, սահմանադրութիւն փոխելուն, Արարատ ջնջելուն եւ ազգայինը պետականից անջատելու անհեթեթ մղումներին։
Յոյս ունենանք, որ 2025-ին քաղաքական ողջախոհութիւնը ի վերջոյ կը յաղթանակի։


Կարէն Յաչութիւնեան
Սիվիլնէթ
29 Դեկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ