
Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի տարեվերջեան «ուղիղ գծի» եւ մամուլի ասուլիսի «մեխը» Արեւմուտքին նետած հրթիռային մենամարտի «ձեռնոցն» էր: Նա ասաց, որ Արեւմուտքը կարող է Քիեւում ցանկացած թիրախ ընտրել, դրա շուրջ կենտրոնացնել իր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանութեան գերժամանակակից միջոցները, միեւնոյն է՝ Ռուսաստանին կը յաջողուի «Օրեշնիկով» խոցել այն:
Փութինի այդ մարտահրաւէրը հնչեց արեւմտեան մամուլում «Օրեշնիկ» հրթիռի իրական կարողութեան շուրջ բազմաթիւ հրապարակումներից յետոյ: Փորձագէտները նաեւ կասկածում են, թէ արդյեօք Ռուսաստանը նման սպառազինութեան բաւարար քանակ ունի՞: Ուժային կենտրոնների դիմակայութեան բաղադրիչներից մէկն էլ քարոզչական պատերազմն է: Ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ «Օրեշնիկի» մասին արեւմտեան ռազմական փորձագէտների թերահաւատութիւնը ստոյգ տուեալների վրայ է կառուցուած: Զինատեսակի առաւելութիւնը կամ թերութիւնը ստուգւում է մարտադաշտում:
Բայց Փութինի չափազանց ռիսկային յայտարարութիւնից ընդամէնը երեք օր անց, դելտեմբերի 21-ին ժամը 07-ից մինչեւ 09-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանը երեք անգամ երեք ուղղութիւններից ենթարկուել է «ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի յարձակման»: Ինքնավար հանրապետութեան ղեկավարի աշխատակազմից մամուլին յայտնել են, որ ԱԹՍ-ներից մէկը հարուածել է արդիւնաբերական ձեռնարկութեան, մէկը՝ ընկել գետը, վեցը՝ խոցել բնակելի տարածքներ: Այլ աղբիւրներ յայտնում են, որ Կազանում իրականացվում է բնակչութեան մասնակի վերատեղաւորում:
Որքանով հասկացւում է, խօսքը ռազմական արդիւնաբերութեան ձեռնարկութիւններին մօտ գտնուող հատուածներից քաղաքացիական բնակչութեան տարհանման մասին է: «Ռոսաւիացիան» յայտարարել է Կազանի եւ Իժեւսկի օդանաւակայանների ժամանակաւոր փակման մասին: Իժեւսկի դէմ ԱԹՍ-ների յարձակման մասին տեղեկութիւն չկայ: Ուդմուրտիայի մայրաքաղաքը, սակայն, Կազանից ուղիղ գծով ոչ աւելի, քան 270 քիլոմեթր հեռաւորութեան վրայ է: Բաց աղբիւրների տեղեկութիւններով՝ Իժեւսկում ռազմարդիւնաբերական համալիրի տասնեակ խոշոր ձեռնարկութիւններ կան:
«Պատերազմի ուսումնասիրութեան ինստիտուտի» տեղեկացուածութեամբ՝ անցեալ շաբաթ ուքրաինական կողմն առաջին անգամ ռազմաճակատի մի հատուածում «ռոբոտ-գնդացրորդներ եւ ականազերծման հեռակարավարուող սարքաւորումներ է կիրառել, որ նախագծուել եւ արտադրուել են Ուքրաինայում»: Ճիշդ է, դա «փորձնական բնոյթի մարտ էր»: Ուքրաինական բանակի մի շարքային զինուոր ասել է, որ «ռուսները խուճապի են մատնուել»:
Ռուսաստանի ռազմա-արդիւնաբերական համալիրի համեմատ, իհարկէ, ուքրաինական նորարարութիւնները ներշնչող չեն: Բայց փաստ է, որ դեկտեմբերի 21-ի վաղ առաւօտեան ուքրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու ութ թռչող սարքեր յաղթահարել են Ռուսաստանի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանութեան համակարգերը եւ Կազանում թիրախներ խոցել: Ընդ որում, Ռուսաստանի նոյնիսկ պաշտօնական աղբիւրներն են խոստովանել, որ առնուազն մէկ ԱԹՍ հարուածել է «արդիւնաբերական ձեռնարկութեան»:
Այլ դէպքերում ՌԴ ՊՆ-ն պատճառած վնասները համարում էր «խոցուած անօդաչու թռչող սարքի բեկորների հետեւանք»: Այս անգամ նման «հիմնաւորում» չի արուել: Դա նշանակում է, որ ՀՕՊ համակարգը չի աշխատել: Այսինքն, ուքրաինական ԱԹՍ-երն ռուսաստանեան ՀՕՊ-ի տեղորոշիչ սարքերից չեն նկատուել: Հակառակ դէպքում պէտք է ենթադրել, որ ՀՕՊ-ը «դասալքել է», ինչի հաւանականութիւնը գրեթէ զրոյական է:
Ուքրաինական կողմի վերջին շրջանի գործողութիւններում դիտարկւում է Ռուսաստանի իսլամադաւան ինքնավարութիւնները թիրախաւորելու միտում: Կազանում «արտակարգ դրութիւն է յայտարարուել» նաեւ նոյեմբերի սկզբներին՝ ՊՐԻՔՍ-ի գագաթաժողովին ընդառաջ: Վերջին երկու ամսում երրորդ անգամ ԱԹՍ-երի յարձակման է ենթարկուել Չեչնիայի մայրաքաղաք Կրոզնին, գրեթէ միաժամանակ՝ Տաղստանի Կասպիյսկ քաղաքը: Պարբերաբար յարձակման է ենթարկւում Կարաչաևօ-Չերկեսիան: Դեկտեմբերի 21-ին տագնապ է յայտարարուել նաեւ Ուդմուրտիայում: Չի՞ հետեւում, արդեօք, որ Վլատիմիր Փութինը զգուշացւում է, որ զանգուածային հարուածների դէպքում իսլամադաւան ինքնավարութիւնները «կարող են ապստամբել»:
Վահրամ Աթանէսեան
1in.am
22 Դեկտեմբեր 2024







Մեկնաբանէ