
Պետական մտածողութիւնը համարեայ հիմնայատակ քանդուել է մեր մէջ։ Պատճառները տարբեր են՝
1․ Դարերի ընթացքում կառավարական վերնախաւերի պարբերական վերացում սպանութիւնների միջոցով։
2․ Դաշինքներ կազմելու նպատակով միջպետական ամուսնութիւնների միջոցով վերնախաւի նոր սերնդի օտարում սեփական պետութիւնից։
3․ Կրօնական վերնախաւի գլոբալիզացման պատճառով այդ խաւի մօտ պետական մտածողութեան անկում։
4․ Ռազմական վերնախաւի մօտ սպառողական մտածողութեան ձեւաւորման արդիւնքում օտարների համար նրանց վարձկան դառնալու գործընթացների խորացում։
5․ Վաճառական վերնախաւի երկար ժամանակ բնօրրանից կտրուած լինելու արդիւնքում օտարացում եւ նիւթականով խնդիրներ լուծելու մեխանիզմների արմատացում նրանց հոգեկետրուածքի մէջ։
6․ Վերոնշեալ խաւերի ընդհանուր ծուլացում։
7․ Ռամիկ խաւի եւ վերնախաւի միջեւ հոգեւոր եւ տեսակային կապի գրեթէ վերացում։
եւայլն․․․
Հիմա, ի՞նչ է պետական մտածողութիւնը եւ ընդհանրապէս ի՞նչ է պետութիւնը։
Պետութիւնը՝ իրեն ձեւաւորող ժողովրդի, կամ ազգի կողմից ինքնակազմակերպման գերագոյն ձեւն է, որը ապահովում է իր անվտանգութիւնը, սոցիալական ապահովութիւնը, ինքնութեան պահպանումն ու զարգացումը, ինչպէս նաեւ ստեղծում է տուեալ ժողովրդի կամ ազգի ինքնադրսեւորման եւ իր իղձերի/առաքելութեան իրակամացման համապատասխան միջավայր։ Այս ամէնը պրոյեկտւում է նաեւ տուեալ ժողովրդի կամ ազգի ներկայացուցչի, անհատի վրայ։ Այսինքն անհատը ձգտում է պետականաստեղծ գործունէութիւն ծաւալել, քանի որ կարիք ունի ինչոր մեխանիզմով ապահովել իր անվտանգութիւնը, սոցիալական ապահովութիւնը, իր ինքնութեան պահպանումն ու զարգացումը, ինքնադրսեւորումը եւ իր իղձերի/առաքելութեան իրականացումը։
Կան ժողովուրդներ եւ ազգեր որոնք չեն ձգտում պետականութիւն ունենալուն, քանի որ կամ վերոնշեալի ի կատար ածման համար ներուժ չունեն, կամ վերոնշեալի մասնակի ապահովումը իրականացնելով այլ պետութիւնների կազմում բաւարարւում են այդքանով։
Հայ ժողովուրդը դեռ հազարամեակներ առաջ հասել է պետականաստեղծման ինքնակազմակերպման բարձր մակարդակի, եւ կարծում եմ հենց դրա արդիւնքում է նաեւ, որ ժողովրդից վերածուել է ազգի։
Պատասխանենք նաեւ հետեւեալ հարցերին՝ ի՞նչ է ժողովուրդը, ազգը, հայրենիքը։
Ժողովուրդը տուեալ տարածաշրջանում բնակուող սոցիումն է, որը դարերի ընթացքում ձեւաւորելով միասնական գենոֆոնդ, համատեղ պատմութիւն, միասնական լեզուամտածողութիւն եւ մշակոյթ եւ հասնելով ինքնակառավարման որոշակի մակարդակի վեր է ածւում ազգի։ Արդիւնքում այս գործընթացների իրականացման տարածաշրջանը դառնում է նրա հայրենիքը, որի հետ նա կապւում է նաեւ յուզական առումով։ Հայրենիք հասկացութիւն իր մէջ ներառում է ոչ միայն տարածքը, այլեւ վերոնշեալ ողջ նկարագրուածի հաւաքականութիւնը։ Եւ դրա պահպանման ու զարգացման ձեւը դա պետութիւն ունենալն է։ Այլ ձեւ մարդկութիւնը դեռ չի յօրինել։ /միգուցէ լինենք առաջինը…/
Հիմա՝ ինչպէ՞ս վերականգնել մեր խեղուած հաւաքական պետական մտածողութիւնը։
Քանի որ հաւաքականութիւնը ձեւավորւում է անհատներից, հաւաքական մտածողութիւնը եւս պիտի ձեւաւորուի անհատների մտածողութիւնից։ Այսինքն պիտի աշխատել անհատի հետ։
Անհատի հետ պիտի աշխատեն ազգի այն հատուածները, որոնք ինչոր չափով պահպանել են, կամ վերագտել են պետական մտածողութիւնը։ Իսկ դրա համար նրանք պիտի անհատին առաջարկեն պետութեան այնպիսի մոտէլ, որը գրաւիչ կը լինի անվտանգութեան եւ սոցիալական ապահովման, ինքնութեան պահպանման եւ զարգացման, ինքնադրսեւորման եւ իղձերի/առաքելութեան իրականացման պայմանների ապահովման տեսանկիւնից։ Մտածենք պարոնայք։
Մենք՝ ընկերներով մտածել ենք, եւ այժմ աշտատում ենք պետականաշինութեան մէկ կարեւոր բաղադրիչի ձեւաւորման վրայ։ Այն է ստեղծել այնպիսի համակարգ, որը վեր կը հանի խնդիրները, կը մշակի դրանց լուծման ուղիներ եւ որպէս քաղաքացիական ազդեցիկ լծակ կ՛ազդի ցանկացած իշխանութեան վրայ դրանց իրականացման համար։ Մեր հարթակը վերքաղաքական կառոյց է, որը չձգտելով գալ իշանութեան, ազդելու է ցանկացած իշխանութեան վրայ։ Նաեւ այս հարթակի միջոցով ենք փորձելու վերականգնել հայի պետական մտածողութիւնը։
Տիգրան Արեգունի
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ