
Հայերէն գրողների համար երբեմն դժուարութիւններ են առաջ գալիս ձ-ծ-ց բաղաձայններ ունեցող մի շարք բառերի գրութեան ժամանակ, չնայած որ դրանք մարդկանց հիմնականում ծանօթ են դպրոցական տարիներից:
Ընտրել ենք ձ-ծ-ց-ի ուղղագրութեանն առնչուող «վթարային» 13 դէպք:
Կրկնում ենք բաց թողածը:
1. Փառապանծ «փառաւոր ու պանծալի» եւ սիգապանծ «սէգ եւ պանծալի, վեհօրէն գեղեցիկ» բառերի վերջում ծ է գրւում, թէպէտ շատերը սխալմամբ ձ են գրում: Համոզուած ծ գրելու համար յիշենք պանծալի բառը եւ չենք սխալուի:
2. Կցկտուր «կապ, կապակցութիւն չստեղծող՝ անկապ», «անաւարտ մասերից՝ կտորներից կազմուած, միասնական ամբողջութիւն չկազմող» բառը գրւում է ց-ով, թէպէտ ոմանք այստեղ էլ ծ գրելու գայթակղութիւն են ունենում (հաւանաբար կծկել բայի ազդեցութեամբ): Պիտի յիշենք կից, կցել բառերը ու կցկտուր-ը վստահ գրենք ց-ով:
3. Կծկել բայը ծ-ով է գրւում: Ոմանք շփոթում են կցկտուր-ի հետ ու կծկել-ը ց-ով գրում: Ծ-ն մտքում մէկընդմիշտ ամրակայելու համար հարկաւոր է մտաբերել կծիկ-ը:
4. Եթէ բաղադրիչների բաժանենք կաթնահունց բառը, ապա կ՛ունենանք կաթով հունցուած (խմորեղէն) կապակցութիւնը: Եւ երբեք ձ-ով չենք գրի. հունցել բայը «թոյլ չի տայ»:
5. Ճրագալոյց բառն ըստ բաղադրիչների մեկնաբանւում է «ճրագներ լուցանելը՝ վառելը»: Լուցանել գրաբարում նշանակում է «վառել» (յիշենք լուցկի-ն): Բառն առաւելաբար եկեղեցական նշանակութիւն ունի՝ «Ծննդեան եւ Զատկի նախատօնակներին եկեղեցիներում բազմաթիւ ճրագներ եւ ջահեր վառելը»: Ց-ով:
6. Փայծաղ (սա մարդու եւ ողնաշարաւոր կենդանիների արիւնաստեղծ գործարանն է) բառում ծ է, չնայած շատերը բառն արտասանում են ընդգծուած ց-ով, հարկ եղած դէպքում այդպէս էլ գրում (ոմանք վերջում անգամ խ են գրում): Միշտ ծ-ով է եղել, իսկ գրաբարում՝ ն վերջնահնչիւնով՝ փայծաղն: Եթէ բառը ճիշդ արտասանենք, ապա ճիշդ էլ կը գրենք:
Մի երիտասարդ ժամանակին ինձ ասաց, որ այս բառը ճիշդ գրելու համար յիշում է ծաղիկ բառը՝ ծաղ – փայծաղ: Բայց դրանց միջեւ, իհարկէ, ոչ մի կապ չկայ: Ուղղակի օժանդակող մի հնար է:
7. Մտացածին բառ ունենք, որ նշանակում է «մտքից ծնուած, մտքով հնարուած, երեւակայութեամբ ստեղծուած»: Ոմանք ծին արմատի ծ-ի ազդեցութեամբ ասում ու գրում են «մտածածին», որն անշուշտ սխալ է: Այստեղ ց է, քանի որ գրաբարեան միտք բառի սեռական հոլովաձեւն է մտաց: Մտացածին, այսինքն՝ մտքի ծնունդ:
8. Բաղադրյալ մի ածանց ունենք՝ -ուածք, որ կազմուած է դերբայական -ուած վերջաւորութիւնից և -ք մասնիկից՝ թխուածք, այրուածք, կազմուածք, կառուցուածք, սանրուածք, կոտրուածք եւայլն:
Սրանք չպիտի շփոթել լուացք, գնացք եւ նման ուրիշ բառերի հետ, որոնք բոլորովին ուրիշ կազմութիւն ունեն: Այստեղ –ք ածանցն աւելանում է լուաց եւ գնաց հիմքերին:
9. Հասարակած բառն աշխարհագրական տերմին է, նշանակում է «երկրի պտոյտի առանցքին ուղղահայեաց մեծ շրջագիծը, որ հաւասար հեռաւորութիւն ունի երկու բեւեռներից եւ երկրագունդը բաժանում է երկու հաւասար մասերի»: Գրաբարում նշանակել է ուղղակի «կէս», «հաւասար», հիմքն է հասարակ, որից բաղադրուած հասարակեալ / հասարակած-ը հաւասար կիսուածն են ցոյց տալիս:
Ակամայ յիշում ենք հայ դասական Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմուածքը: Այստեղ հասարակաց-ը նոյն հասարակ բառի հոլովաձեւն է, որ նշանակում է «ընդհանուրի, ամէնքի, բոլորի»: Սա ց-ով է: Նոյն հոլովաձեւով բաղադրուած հասարակաց տուն կապակցութիւնը նշանակում է «անառականոց»:
Այսպիսով՝ աշխարհագրական գիտաբառը՝ հասարակած, քարացած հոլովաձեւը՝ հասարակաց:
10. Հանդիպակաց «դիմացի» բառի վերջի ց-ն հեշտ բացատրելի է՝ հանդէպ+ա+կաց «դիմացը կանգնած». կենալ «կանգնել», «կանգ առնել», «մի տեղում, մի դրութեան մէջ մնալ», որից էլ՝ կաց (հմմտ. վեր կենալ – վեր կաց):
11. Ձ, ծ, ց ունեցող մի շարք բառերի գրութիւնը պարզապէս պիտի յիշել: Այսպէս. ուրց՝ ց-ով, դաղձ՝ ձ-ով (ուրցով թէյ, դաղձով թէյ), իսկ կուրծք-ը՝ ծ-ով (սրանից էլ՝ կրծքավանդակ, կրծքամիս, կրծոսկր):
12. Ոմանք բառերի գրութիւնը յիշում են նման հնչիւնակազմ ունեցող բառերի հակադրութեան միջոցով, ինչպէս՝ խուրձ, բայց պախուրց «սանձ, սանձափոկ», անցուդարձ, բայց ապաթարց (կէտադրական նշան. Աստղ մ’ալ ես կ’երթամ յաւելուլ երկնից – Պ. Դուրեան):
13. Ձուածեղ բառի կազմութեան տարբեր մեկնաբանութիւններից ամէնից հաւաստին սա է. ձուած եղ (իւղ). հարած ձուն լցնում են եռացող իւղի մէջ եւ տապակում: Թւում է՝ իւղն առատ է եղել, որ այդպէս են կոչել: Ոմանք գրում են «ձուաձեղ» (թերեւս բառասկզբի ձ-ի ազդեցութեամբ), այդպէս էլ արտասանում են: Ձուած-ի վերջի ծ-ն հաշուի առնելով՝ պիտի գրել ձուածեղ:
Իդէպ, արեւմտահայերէնի պէյրութեան երկհատորեայ բացատրական բառարանում ձուածեղ բառից յղում է արւում ձուազեղ-ին (զեղել նշանակում է «ածել, լցնել»): Բայց ժողովրդի բերանում այդ բառը չկայ:
Դաւիթ Գիւրճինեան
art365
4 Դեկտեմբեր 2024







Մեկնաբանէ