Վրաստանում արդէն 12 տարի իշխանութիւնը գտնւում է Վրացական երազանք կուսակցութեան ձեռքում, որը դեռեւս 2012 թուականին հիմնել է Բիձինա Իվանիշվիլին: Անցած 12 տարիների ընթացքում Վրաստանը սերտ յարաբերութիւններ է կառուցել ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ: 2017 թուականին Վրաստանի քաղաքացիները Եւրոպա՝ Շենգենեան գօտի են մուտք գործում առանց վիզաների: 2022 թուականի Մարտի 3ին Վրաստանը պաշտօնական յայտ է ներկայացնում Եւրոմիութեանն անդամագրուելու համար: 2023 թուականի Դեկտեմբերի 14ին Եւրոմիութիւնը Վրաստանին տալիս է ԵՄ անդամութեան թեկնածուի պաշտօնական կարգավիճակ: Իսկ այսօր, 2024ի Նոյեմբերի 28ին, Վրաստանը 12 տարի կառավարած նոյն քաղաքական ուժը հրաժարւում է ԵՄ մուտք գործելու բանակցութիւններից եւ դրանք յետաձգում է մինչեւ 2028 թուական (ԱՄՆ յաջորդ ընտրութիւններ): Նաեւ հրաժարւում է ընդունել ԵՄ կողմից տրամադրուելիք ցանկացած դրամաշնորհ: Տարօրինակ չէ՞ այս ամէնը, ի՞նչ է փոխուել անցած 12 տարիներին մեր տարածաշրջանում: Թերեւս գլխաւոր փոփոխութիւնը Ղարաբաղի բռնազաւթումն է: Միւս հանգամանքը իհարկէ Ուկրաինական պատերազմն է: Ուկրաինայի ճակատագիրը Ամերիկան փորձելու է ռուսների հետ լուծել առանց միջնորդների, որովհետեւ ի սկզբանէ այդ երկու երկրներն են ծրագրել եւ սկսել ամէն ինչ: Ուկրաինական պատերազմը առաջին հերթին Եւրոմիութեան դէմ էր եւ է: Ուկրաինան պատերազմական գօտու վերածելով ամերիկացիները Եւրոմիութիւնը անջատեցին ցամաքային Ասիայից, որպէսզի Չինաստանը Ռուսաստանով ճանապարհ չունենա դէպի Եւրոպա: Եւրոմիութեան տարածումը դէպի հիւսիս արգելափակւում է, Եւրոմիութիւնը զրկւում է ռուսական ռեսուրսներից, ԵՄ-ի ու Ռուսաստանի արանքում փլատակների վերածուած Ուկրաինան է: Մինչեւ ուկրաինական հարցի սրացումը ԵՄ-Ռուսաստան յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ էին, Եւրոմիութիւնը մինչ 2022 թուականը Ռուսաստանի թիւ մէկ առեւտրային գործընկերն էր: Վրաստանը, Հայաստանն ու Ատրպէյճանը ռուս-թուրք-պարսկական տիրապետութեան տակ թողնելով, ԱՄՆ-ը նաեւ այս ուղղութեամբ է արգելափակում Եւրոմիութեան ընդլայնումը: Թուրքիան ԵՄ անդամութեան թեկնածու է, բայց Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ ի ազդեցութեան տակ գտնուելով, այդպէս էլ չի կարողանում շրջուել դէպի Եւրոպա: Ամերիկացիները Թուրքիան շրջապատել են բազմատեսակ կոնֆլիկտներով, միայն Սիրիական պատերազմի պատճառով Թուրքիան ստացաւ մօտ հինգ միլիոն փախստական: Իրանին ձեռընտու է Վրաստանի եւ Հայաստանի ինտեգրումը Եւրոմիութեանը, բայց դա հակասում է Թուրքիայի շահերին, քանզի այս դէպքում վերջինս մնում է խաղից դուրս վիճակում: Վրաստանի եւ Հայաստանի ինտեգրումը Եւրոմիութեանը, մեծ հաշուով ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ Ուկրաինայով դէպի Եւրոպա դուրս գալու անհնարինութեան դէպքում շատ օգտակար կը լինի հարաւում ի դէմս Վրաստանի ունենալ սահմանակից Եւրոմիութեան անդամ երկիր: ԱՄՆ-ը ամէն ինչ անելու է, որպէսզի աշխարհում ոչ մի հզօր միութիւն չկայանայ, դա սպառնալիք է իր գոյութեանը: Վրացիների որոշումը մինչեւ 2028 թուականը ձեռընպահ մնալ ԵՄ անդամութեան շուրջ տարուող բանակցութիւններից, ստիպուած քայլ է: Ոչ ոք չի կարող ասել, ամերիկեան ծրագրերը տարածաշրջանը ի՞նչ փոփոխութեան կ։ենթարկեն: Չորս տարի աշխարհին խաբելով ամերիկացիները կրկին իշխանութեան ղեկն յանձնեցին Թրամփին, նա անփոխարինելի թեկնածու է: Բայդենն իր առջեւ դրուած առաջադրանքները կատարեց գերազանց, Ամերիկան ստացաւ խաղի լայն հնարաւորութիւն: Իսրայէլի ու Լիբանանի միջեւ երէկ կնքուած զինադադարից ժամեր անց իրավիճակը կտրուկ լարւում է Սիրիայում, որի մասին արդէն 3-4 տարի գրեթէ մոռացել էինք… Հայաստանն իհարկէ Վրաստանից շատ աւելի բարդ վիճակում է: Արտաքին քաղաքական վեկտորներ փոխելով, կամ փոխելու իմիտացիա անելով հարցերը չեն լուծուի: Մեր միակ փրկութիւնը ներսից մաքրուելն է, ուժեղ պետութիւն կառուցելը, որպէսզի կարողանանք դիմակայել արտաքին մարտահրաւէրներին: Ցաւօք հայկական ողջ քաղաքական միտքն ու համակարգը ինչպէս անցեալում, այնպէս էլ հիմա, յոյսը դրել է զուտ արտաքին ուժերի վրայ, պետութիւն կառուցելու նոյնիսկ պատկերացում չունենք: Երկրի ղեկավարը մայթերին թափուած մետաղի ջարդոնից, արագաչափերից, քաչալ անուադողերից ու աւտոլուացման կէտերի փրփուրներից է խօսում: Ընդդիմութիւն չկայ… Ռուսները թողեցին Ղարաբաղը, կէս ոտքով Հայաստանում են, այստեղ մնալ չմնալու հարցը նրանց համար երրորդական, զուտ ժամանակ շահելու նշանակութիւն ունի: Ոչ միայն Հայաստանից, ռուսները հեռանալու են ողջ նախկին ԽՍՀՄ տարածքներից: Պէտք է հասկանալ սա եւ ռէալ Հայաստանի զարգացման մասին մտածել: Համացանցում Վրաստանի մասին տեսահոլովակներ դիտելիս ամօթ եմ զգում: Քանի՞ քանի խոշոր ենթակառուցուածքային ծրագրեր են մարդիկ իրականացրել եւ իրականացնում, իսկ մեր երէկուայ կիսատ պռատ նորոգուած ճանապարհներն արդէն քանդւում են: Այո, ռուսներ ինչքան շուտ գնան այդքան լաւ, ինչքան շուտ մենք կտրուենք մեր սին յոյսերից ու տեսնենք մեր երկրի իրական վիճակն, այդքան լաւ: Այսպէս շարունակել չի կարելի, սա ինքնասպանութիւն է…

Արա Արայեան
Ֆէյսպուքեան Գրառում

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ