
Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնում վերջին երկու շաբաթուայ ընթացքում պաշտօնանկութիւնների ալիք է, որն ուղեկցուեց մի քանի նախարարների եւ պաշտօնեաների հրաժարականներով։ Որոշ պաշտօնեաներ արդէն փոխարինուել են նորերով: Սակայն այս հրաժարականների շուրջ ստեղծուած հանգամանքները վիճայարոյց են եւ սահմանադրական կարգի վերաբերեալ մտահոգութիւններ են առաջացնում:
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում Փաշինեանը խոստովանեց, որ բոլոր հրաժարականները տեղի են ունեցել իր յորդորով: Հրաժարական տուած պաշտօնեաների թւում են երկու նախարար եւ պետական կառոյցների չորս ղեկավար:
Ամէնավիճահարոյց հրաժարականը Բարձրագոյն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարէն Անդրէասեանինն էր: Իրաւագէտները պնդում են, որ այս գործողութիւնը սահմանադրական մի շարք դրոյթների խախտում է:
Հայաստանի Սահմանադրութիւնը սահմանում է իշխանութիւնների բաժանում՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական, որպէսզի ապահովուի զսպումների եւ հակակշիռների համակարգը: Դատական իշխանութիւնն անկախ ճիւղ է՝ պաշտպանուած գործադիրի միջամտութիւնից: Փորձագէտները Փաշինեանի՝ Անդրէասեանի հրաժարականի ուղղակի պահանջը դիտարկում են որպէս սահմանադրական սկզբունքների խախտում, այդ թւում՝ յօդուած 4-ի, որը սահմանում է իշխանութիւնների տարանջատման սկզբունքը եւ յօդուած 441-ի: Այս յօդուածը սահմանում է, որ պետական պաշտօնեաներին արգելւում է կատարել իրենց լիազօրութիւններից դուրս գործողութիւններ, որոնք էական վնաս են հասցնում հասարակության եւ պետության օրինական շահերին:
Փաշինեանն արտայայտել է իր դժգոհութիւնը դատական որոշ որոշումներից՝ որպէս Անդրէասեանի ազատման հիմնաւորում նշելով դատական համակարգի աւելի մեծ անկախութեան ձգտումը: Սակայն նրա գործողութիւնները կտրուկ հակասում են յայտարարուած տրամաբանութեանը: Անդրէասեանի հրաժարականը «խնդրելով»՝ Փաշինեանը վերազանցել է վարչապետի իր լիազորութիւնները՝ խաթարելով հենց այն անկախութիւնը, որի մասին ինքն էր պնդում: Այս միջամտութիւնը ընդգծում է Հայաստանի դատական համակարգի խոցելիութիւնը եւ արտաքին ճնշումների նկատմամբ դրա զգայունութիւնը:
Կարէն Անդրէասեանի նշանակումն այս պաշտօնում նոյնպէս զգալի հակասութիւններ էր առաջացրել՝ հաշուի առնելով Փաշինեանի կառավարութիւնում նախարարի նրա նախկին պաշտօնը եւ իշխող կուսակցութեան հետ կապը: Սա ոչ միայն մտահոգիչ էր, այլեւ խախտում էր իշխանութիւնների տարանջատման եւ դատական անկախութեան սկզբունքները:
Անդրէասեանի գործից բացի, Հակակոռուպցիոն կոմիտէի (նախկին Յատուկ քննչական կոմիտէ) ղեկավար Սասուն Խաչատրեանի հրաժարականը նոյնպէս մտահոգութիւններ է առաջացրել վարչապետ Փաշինեանի գործողութիւնների օրինականութեան վերաբերեալ: Նախորդ հրաժարականի նման, Փաշինեանն SMS է ուղարկել՝ «խնդրելով» Խաչատրեանի հրաժարականը: Կոմիտէն պատասխանատու է պետական պաշտօնեաների, այդ թւում՝ բարձրաստիճան պաշտօնեաների կողմից կատարուած յանցագործութիւնների քննութեան համար: Հաշուի առնելով Խաչատրեանի հրաժարականի շուրջ ստեղծուած հանգամանքները՝ լուրջ կասկածներ կան կոմիտէի՝ իր հիմնական մանդատը արդիւնաւէտ իրականացնելու կարողութեան վերաբերեալ, յատկապէս, երբ խօսքը վերաբերում է Հայաստանի իշխող քաղաքական թիմի անդամներին:
Այս զարգացումները կրկին ընդգծում են Հայաստանի ժողովրդավարական ուղու մտահոգիչ կողմը՝ թոյլ ինստիտուտները եւ իմաստալից ինստիտուցիոնալացման քաղաքական կամքի բացակայութիւնը: Անկախ հաստատութիւնների նկատմամբ իշխող կուսակցութեան բացարձակ վերահսկողութիւնը՝ զուգորդուած վարչապետի գերիշխող ազդեցութեամբ, լուրջ սպառնալիք է երկրի ժողովրդավարական կայացման հեռանկարների համար: Կառավարման այս անձնավորված ոճը պարարտ հող է ստեղծում ժողովրդավարական յետընթացի եւ իշխող կուսակցութեան ձեռքում իշխանութեան էլ աւելի մեծ կենտրոնացման համար:
Տիգրան Գրիգորեան եւ Տաթեւ Բաղդասարեան
Սիվիլնէթ
27 Նոյեմբեր 2024







Մեկնաբանէ