2018-ից ի վեր Հայաստանն առաջընթացի անուան տակ` յետընթաց է արձանագրում բոլոր ասպարէզներում, յատկապէս` ազգային օրակարգերի հետապնդման իմաստով: Հայաստանի շուրջն այսօր ստեղծուած անվտանգային համակարգն ուղղակիօրէն Ազրպէյճանի եւ Թուրքիայի ազդեցութեան տիրոյթում է:

Հայաստանի Հանրապետութեան ներկայ իշխանութիւնները հրաժարուելով Արցախից` շարունակում են հրաժարուել ազգային առաջնահերթութիւններից: Անկախութեան հռչակագրի վախերը թերեւս դրա վառ ապացոյցն են: Ազրպէյճանի կողմից պատերազմի սպառնալիքի եւ ճնշման տակ Հայաստանը շարունակում է ոչ միայն զիջել տարածքներ, այլեւ իր` որպէս իրաւական պետութեան իրաւունքը:

Անկախութեան հռչակագրում յստակ արձանագրուած են ազգային եւ պետական առաջնահերթութիւններն ու պարտաւորութիւնները. «11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

Արդեօ՞ք Հայաստանի Հանրապետութեան ներկայ իշխանական վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կասկածի տակ դնելը հրաժարումն է ազգային պահանջատիրութիւնից եւ առաջնահերթութիւնից, եւ արդեօ՞ք Արցախի կորուստը հանդուրժելուց յետոյ սա էլ կը հանդուրժուի:

Անզօր, տկար եւ սեփական օրակարգը չթելադրող, ազգային շահերը ոտնահարող, պատմական արդարութիւնն ու սեփական իրաւունքը զիջող վարչակարգը չի կարող կասկածի տակ դնել հայոց բազմադարեայ հերոսական պատմութիւնն ու պահանջատիրութիւնը:

Հայաստանի ժողովուրդը 1990-ին պատմական որոշում կայացրեց` անկախութիւնն ընտրելով որպէս միակ հնարաւոր ելք եւ երկրի զարգացման առաջնահերթութիւն: Հայաստանի անկախութեան հռչակագիրը Հայաստանի ժողովրդի միասնական կամքն էր, որով իմաստաւորեց հայկական երկու պետականութիւնների կերտումը եւ արցախեան առաջին պատերազմում յաղթանակը: Հռչակագրով սահմանուել է հայոց պետականութեան վերաստեղծման նպատակն ու ուղին, որից հրաժարուելով` ընդհանրապէս հարցականի տակ է դրւում պետականութեան գոյափիլիսոփայութիւնը:

Այսօր կասկածի տակ դնել պետութեան հիմնադրման առանցքային փաստաթուղթը, որի հիմքում ազգային պահանջատիրութիւնն ու այդ ճանապարհին արձանագրած յաղթանակներն են, նշանակում է հրաժարուել արդարութեան իրաւունքի հետապնդման օրակարգից եւ նուիրական պայքարից:

Ազգային իրաւունքի համար պայքարը պետութեան կենսունակութեան շարժիչ ուժն ու յարատեւման բանալին է: Եթէ վճռական ենք հայ ժողովրդի լինելիութեան հաստատմանը, բացի պայքարի ուղղուց` այլ ելք չունենք:

Հ. ՇԻՆԴԵԱՆ

Ապառաժ
Նոյեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ