
2019 թուականի Յունիսին՝ իշխանափոխութիւնից մէկ տարի անց, վարչապետ Նիկոլ Փաշինեանը այցելեց Ոստիկանութեան զօրքերի գլխաւոր վարչութիւն, որտեղ, մասնաւորապէս, ասաց.
«Սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտ ձեւաւորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպէս թուլութիւն: Որեւէ մէկի մօտ կասկած չառաջանայ, թէ կառավարութիւնը երկչոտութեան որեւէ դրսեւորում կ՛ունենայ կամ կամքի որեւէ պակաս կ՛ունենայ սահմանադրական կարգը, քաղաքացիների իրաւունքը, ինքնիշխանութիւնը, ՀՀ քաղաքացիների ազատութիւնը, ժողովրդավարութիւնը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանուի եւ մեր ձեռքը չի դողայ բոլոր նրանց հետ յարաբերութիւններում, ովքեր կը փորձեն Հայաստանում վերածնել բռնութեան քարոզչութիւնը եւ բռնութեան գործելակերպը: Մեր ձեռքը չի դողայ, մեր կամքը չի սասանուի»:
2018 թուականի Դեկտեմբերին Նիկոլ Փաշինեանն աւելի ուղիղ էր խօսել.
«…Յանկարծ չշշկռուէք, սա ձեզ համար Սերժ Սարգսեանի թուլամորթ ու թուլակամ իշխանութիւնը չէ։ Այդպիսի մի քանի դէպք եղել է, եւ այդպէս մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մէկին խորհուրդ չեմ տայ գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»:
Իսկ այս բառերը վարչապետն ասել է կառավարութեան նիստում՝ 2024 թուականի Նոյեմբերի 15-ին.
«Նոյն մարդիկ, որ տարիներ շարունակ ճռռիկներ-վռռիկներ էին անում, շարունակում են նոյնն անել: Ես կարող եմ մի քանի տարի համբերել, բայց իմ համբերութեան բաժակը լցուել է՝ դատական, իրաւական, ուժային համակարգերի ներկայացուցիչներ, բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կը ներէք, բայց ոնց որ քեասիբի ռատիօ լինեմ։ Սրա վերջն եկել է, ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել էք, տուել եմ:
Ո՞նց կարայ պետութեան դէմ որեւէ մէկը թպրտայ, ո՞նց կարայ տենց բան լինի։ Ինձ այլեւս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարայ թոյլ տամ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, թէ վարչապետի ասածն է՝ «դէ հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարայ տենց բան լինի»»:
Իրականում սա ոչ այլ ինչ է, քան սեփական ֆիասկոյի արձանագրում: Էլ չեմ խօսում այն մասին, թէ որքանով ճիշդ է, երբ աշխարհաքաղաքական եւ անվտանգային բարդագոյն խնդիրների յորձանուտում գտնուող գործիչն ինքն իրեն «քեասիբի ռատիօ» է անուանում՝ ակնյայտ հրճուանքի առիթ տալով հարեւաններից առնուազն երկուսին:
Աւարտում էի սիւնակը, երբ աչքովս ընկաւ այս լուրը. «Դատարանը որոշեց Ռոպէրթ Քոչարեանին, Եուրի Խաչատուրովին եւ Սէյրան Օհանեանին բերման ենթարկել՝ յաջորդ դատական նիստին նրանց ներկայութիւնն ապահովելու համար»:
Փաստօրէն, դատական համակարգը ուշադիր հետեւել է կառավարութեան նիստին: Բայց Փաշինեանի ողբերգութիւնը հենց նրանում է, որ իր ասած «ճռռիկներ-վռռիկներ» անողները, միեւնոյն է, իր ասածները բանի տեղ չեն դնելու՝ եթէ համբերութեան բաժակը 6.5 տարի է լցւում, այն կարելի է դատարկել ու նորից անշտապ լցնել:
Արա Թադեւոսեան
Մետիամաքս
15 Նոյեմբեր 2024







Մեկնաբանէ