
Այո´, որպէս պետութիւն պարտուեցինք, բայց որպես ազգ` ոչ: Սակայն դա բնաւ չի նշանակում, որ որպէս ազգ չենք կարող չպարտուել: Մենք պարտուեցինք որպէս պետութիւն, քանզի երեսուն եւ աւելի տարիներ չցանկացանք ունենալ հենց այդ պետութիւնը, չգիտակցեցինք դրա կարեւորութիւնն ու այն բացառիկ հնարաւորութիւնը, որը տրուեց այս պահին ապրող սերունդներին:
Պետութիւնը չդարձաւ այդ դաստիարակն ու ուղղորդող փարոսը: Ճիշտ հակառակը` իշխանութիւն ստացած ուժերն ամէն գնով ջանացին, որպէսզի հայկական անկախ ու ինքնաբաւ պետականութիւն քարտէզի վրայ գոյութիւն չունենայ, քանզի գլխաւոր խնդիրն ու յանձնառութիւնը ոչ թէ սեփական պետութեան շահն էր, այլ դրսից պարտադրուածն ու թելադրուածն անցկացնելը ու վերահսկելը, որ յանկարծ չունենանք մերը, ինքնուրոյնը, մաքուրն ու անխոցելին:
Մենք պարտուեցինք որպէս պետութիւն, որովհետեւ պետութեան անվտանգութեան համար պատասխանատուները բնաւ կապ չունեին այդ պետութեան հետ: 2016-ի քառօրեան ու 2020 թ. 44-օրեայ պատերազմը լաւագոյնս ապացուցեցին, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ մարդկային ռեսուրսն ու կապիտալը ամէնաքիչ գնահատուածն է, իսկ գնահատման հիմնական միաւորը վատ ու շատ վատ լինելն է: Հենց այդ պետութեան շահերի ու անվտանգութեան դէմ դուրս գալով է կանաչ ճանապարհ ապահովւում մի ամբողջ ազգի ու հասարակութեան ապագայի ու ճակատագրի համար որոշումներ կայացնողներին:
Բանակը պարտուեց այն ժամանակ, երբ ամէն տարի մեր զինուորներն ու քաղաքացիական անձինք անցնում էին թշնամու կողմը ու այնտեղ երկրի ղեկավարութեան հասցէին հայհոյախօսութիւններով հրճուալից հարցազրոյցներ էին տալիս` հայկական բանակի համազգեստով: Չցանկացանք պարզել, թէ ո՞վ էր մեղաւորը, զինուորները, թէ՞ հրամանատարությունը: Մենք չտեսանք ատրպէճանցի զինուորների ու սպաների, ովքեր կ՛անցնեին հայկական կողմ: Չկար այդպիսի հրահանգ ու յանձնառութիւն, թէկուզ հակառակ դրուագն ունենալու համար:
Մենք պարտուեցինք, երբ մեր դեսպանները դեսպաններ չէին, իսկ հայ դիւանագէտի հիմնական խնդիրը եղաւ ծառայութեան անցած երկրի քաղաքացիութիւն ստանալն ու տեղում պիզնէս սկսելը:
Մենք պարտուեցինք, քանի որ բանակը վերածեցինք ոչ թէ պետութեան անվտանգութեանը երաշխաւորող հիմնական ու անփոխարինելի ինստիտուտի, այլ ծնող հարստահարելու միջոցով եկամուտ ու գերշահոյթ ապահովող միջոցի:
Մենք պարտուեցինք, որովհետեւ տակաւին հոգեւորն ու աշխարհիկը չենք կարողացել զատել, կարեւորել առաջնայինը երկրորդականից, չկարողանալով յստակ սահմանազատել աւանդականն ու արդիականը:
Մենք պարտուեցինք, որովհետեւ շարունակեցինք ապրել սովետական անուրջներով ու չվստահեցինք պետականութիւն կերտելու մեր հնարաւորոթեանը, որը տեսիլք չէր, այլ շատ իրական էր: Մենք, որպէս պետութիւն ու Սփիւռք հաճոյքով շարունակեցինք չվստահել միմիանց ու ամէն առիթով հաշիւներ ու բացատրութիւններ պահանջել միմիանցից: Դա արուեց, քանի, որ համահայկական օրակարգ ստեղծելու ոչ նպատակ կայ, ոչ էլ ցանկութիւն:
Մենք պարտուեցինք, որովհետեւ «Արցախ-յաղթանակը» տարէցտարի վերածեցինք «Արցախ-աքիլլէսեան գարշապարի» ու շատ հեշտօրէն յաղթանակի մեր խորհրդանշանները վերածոեցին ատելութեան ու քամահրանքի խորհրդանշանների: Դա մենք արեցինք, մեր իսկ ձեռքերով, որովհետեւ տարէցտարի աւելի շատ փող ու եկամտի աղբիւր էինք ման գալիս, այլ ոչ թէ անվտանգութեան հնարաւորութիւններ:
Մենք պարտուեցինք, որովհետեւ չցանկացանք գիտակցել, որ թէ´ Արցախի ու թէ՛ Սփօւռքի համար յենման կէտն ու հիմնական պատուարը հենց Հայաստանի Հանրապետութիւնն է` Երեւան մայրաքաղաքով: Չգիտակցեցինք, որ երեխային ծնողից առաջ չեն դնում ու ծնողի հեղինակութեան հաշուին երեխայ չեն փառաբանում ու գովաբանում:
Մենք պարտուեցինք, որովհետեւ պետութեան հիմնական գործառոյթը դարձաւ խաբելն ու խաբեբայութեամբ զբաղուելը, մարդ միաւորին ստորացնելն ու նսեմացնելը, քաղաքացուն հարստահարելն ու նրա իրաւունքները ոտնահարելը:
Մենք պարտուեցինք, քանզի չունենք անկախ ապրող, անկախ մտածող ու սեփական արժանապատուութիւնը գիտակցող մտաւորական-ինտելեկտուալ խաւ, որն իր լռութեամբ ու կեղծ օրակարգեր սպասարկելով ընդամէնը բացայայտեց պատեհապաշտ սպասարկուի իր հիմնական ինքնութիւնը:
Մենք պարտուեցինք, քանի որ սովորեցինք, որ պետութիւնը մեզ պէտք է խաբի ու ապատեղեկացնի: Ու այդ համակարգային ստի հետ մենք հեշտութեամբ համակերպուեցինք: Մենք չցանկացանք իմանալ ճշմարտութիւնը տասնեակ չբացայայտուած սպանութիւնների, Հոկտեմբեր 27-ի, Մարտի 1-ի դէպքերի կապակցութեամբ ու մեզ պահեցինք սպանդանոցի դրանը կանգնած ու ճակատագրի հետ հաշտուած խառնամբոխի պէս: Հենց այդտեղ էլ երկնեցինք Նիկոլ Փաշինեանին, ով ընդամէնը մեր մեղքերի հետեւանքն ու ցուցիչն է, ոչ աւելին…
Բոլոր վհատուածներին ու յուսահատուածներին մի խորհուրդ եմ ընդամէնը տալու. յիշէ՛ք, որ պատմութեան ընթացքում շատ աւելի դաժան ժամանակաշրջաններ ենք յաղթահարել: Հիմա ժամանակն է խնդիրներ ձեւակերպել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը: Մի´ ենթարկուէք բթացման պարտադրուող օրակարգերին: Մենք այս պահին ընդամէնը շնագայլերով շրջապատուած կենդանու ենք նման ու բոլորը կը ցանկանան թռցնել իրենց հասանելիք մսի կտորը: Զղջացողներ ու կարեկցողներ չեն լինելու:
Պատմութիւնն ու դրա դասերը շատ դաժան են… Այն, ինչին մենք ականատես եղանք ու վերապրեցինք, հնարաւոր է յաղթահարել միմիայն դաժանագոյն պատժի իրագործման արդիւնքում: Իսկ համազգային պատիժը որպէս միակ ու անփոխարինելի մեկնակէտ նոր ճանապարհ բռնելու համար, պահանջում է արիւն, մեծ արիւն` սթափուելու ու առաջ գնալու համար…
Հայկ Տեմոյեան
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ