Իսրայէլի նախագահ Հերցոքը մասնակցելու է Պաքւում կայանալիք Cop29-ի գագաթնաժողովին: Հերցոքն այդ մասին յայտարարելուց զատ արել է մէկ այլ ուշագրաւ յայտարարութիւն: Նա ասել է, որ բացի բուն առիթով մեկնելուց, մեկնում է նաև տարածաշրջանային գործակցութիւն կառուցելու համար, մի ժամանակաշրջանում, երբ «չարիքի առանցքը» փորձում է շրջափակել Իսրայէլը բոլոր կողմերից: Հերցոքը «չարիքի առանցք» ասելով նկատի ունի Իրանին: Փաստօրէն, Իսրայէլի նախագահը յայտարարում է, որ Կլիմայի գագաթնաժողովի առիթով մեկնելով Պաքու, իրականում եւ գործնականում մեկնում է հակաիրանական օրակարգով:

Մի կողմ թողնենք նրա յայտարարութիւնը, թէ Իրանը փորձում է շրջափակել Իսրայէլը բոլոր կողմերից: Գործնականում, Իսրայէլն է փորձում բոլոր հնարաւոր կողմերից թիրախաւորել Իրանն ու ներքաշել ռեգիոնալ այնպիսի ռազմական բախման մէջ, որը անմասն չի թողնի նաեւ Միացեալ Նահանգներին: Իսրայելն այդ կերպ փորձում է Նահանգներին թոյլ չտալ ռեգիոնալ քաղաքականութեան ռազմավարական վերանայում, որը, թերեւս, անխուսափելիօրէն ենթադրելու է Իսրայէլի բացառիկութեան սահուն չեղարկում, երբ Ուաշինկթընն իր ռեգիոնալ գործակցութիւնը կը կառուցի մերձաւորարեւելեան մեծ ռեգիոնում ուժերի նոր բալանսի, հետեւաբար նաեւ նոր դերակատարների վրայ, այդ թւում՝ արաբական պետութիւնների:

Ատրպէյճանն Իսրայէլի այդ նպատակների համատեքստում «սեւ օրուայ համար» պահուած ռեսուրսն է, եւ Իսրայէլի նախագահի յայտարարութիւնը՝ Cop29-ի մեկնելու առիթով, ըստ էութեան՝ ստեղծում է տպաւորութիւն, որ Թէլ Աւիւն աւելի գործնական է մտածում «սեւ օրուայ համար պահածը» գզրոցից հանելու եւ օգտագործելու մասին: Գուցէ հնչի փոքր-ինչ կտրուկ, բայց Հերցոքը, թերեւս, մեկնելու է Պաքու՝ յետգագաթնաժողովային արկածախնդրութեան հրամանն արձակելու համար, կամ առաջարկ անելու, որից՝ Իսրայէլի կարծիքով, Ալիեւը հրաժարուել չի կարող:

Ռիսկերի ուժգնացման մասին խօսել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը հերթական այցն է կատարել Սիւնիք, Ներքին Հանդ, լրագրողների հետ զրոյցում ասելով, թէ կայ Սիւնիքի ուղղութեամբ Ատրբպէյճանի յարձակումների կրկնութեան վտանգ: Նախօրէին Ատրպէյճանի նախագահի օգնական Ամիրբէկովը հանդիպումներ էր ունեցել Լոնտոնում, այդ թւում՝ անվտանգութեան ոլորտի պաշտօնեաների հետ: Հնարաւոր է, որ կուտակուող լիցքերն է քննարկել Հայաստանի անվտանգութեան խորհուրդը, որը Հոկտեմբերի 30-ին նիստ է անցկացրել Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ըստ պաշտօնական հաղորդագրութեան՝ քննարկել ներքին ու արտաքին հարցեր:

Իլհամ Ալիեւը կը մնայ Ռուսաստան-Իրան Հիւսիս-հարաւ առանցքո՞ւմ, թէ՞ կը միանայ «չարի առանցքի» դէմ Իսրայէլի առաջարկին, որ կը ներկայացուի Պաքուին Cop29-ի ընթացքում: Հերցոքի յայտարարութիւնը, յամենայն դէպս յուշում է, որ Իսրայէլը պահանջելո՞ւ է Արցախի դէմ 44-օրեայ պատերազմի համար Ալիեւի պարտքը:

Յակոբ Պատալեան
1in.am
31 Հոկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ