Թուրքական մամուլը յայտնում է, որ Հոկտեմբերի 22-ին Ազգայնական շարժում կուսակցութեան առաջնորդ Պահչելին խորհրդարանական խմբակցութեան նիստի ելոյթում հանդէս է եկել սենսացիոն յայտարարութեամբ. «Գլխաւոր ահաբեկչի (Քրտական բանուորական կուսակցութեան առաջնորդ Օճալանի) մեկուսացումը հանուած է: Թող նա աղաղակի, որ ահաբեկչութեանը լիակատար վերջ է տրուած, կազմակերպութիւնը (ՔԲԿ-ն) կազմալուծուած է: Եթէ նա նման իմաստնութիւն դրսեւորի, կը բացուի իրաւական կարգաւորման եւ «յոյսի իրաւունքի» ճանապարհը»:

ՔԲԿ առաջնորդը, ինչպէս յայտնի է, դատապարտուած է ցմահ ազատազրկման եւ պատիժը կրում է Իմրալի կղզու բանտում: Ո՞վ եւ ե՞րբ է նրա «մեկուսացումը հանել», ԱՇԿ առաջնորդ Պահչելին չի մանրամասնել: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան առաջնորդ Օզգյուր Օզէլի գնահատմամբ՝ ըստ երեւոյթին գաղտնի բանակցութիւններ են ընթանում: Օզէլը ողջունել է ներթուրքական երկխօսութեան գաղափարը եւ ասել, որ եթէ կայ հնարաւորութիւն, որ թուրքերը եւ քրտերը եղբայրանան, ապա ԺՀԿ-ն բոլոր հնարաւորութիւններն ի սպաս կը դնի, որպէսզի Թուրքիան հասնի հանրային համերաշխութեան:

Քրտամէտ DEM կուսակցութեան ներկայացուցիչ Թիւլայ Օրուչը Պահչելիի յայտարարութեան առթիւ ասել է, որ երկար տարիներ իրենք պայքարել են Օճալանի մեկուսացումը վերացնելու համար, ժողովրդավարական հանրութիւնը մշտապէս ասել է, որ մեկուսացումը պէտք է վերացուի: Օրուչն աւելացրել է. «Մենք ասել ենք՝ թող նա ֆիզիքապէս ներկայանայ եւ ելոյթ ունենայ: Անցեալ շաբաթ մենք ասել ենք՝ եկեք փորձենք, տեսնենք նա ինչ կ՛ասի, նոյնը կրկնում ենք հիմա»:

Ամէնաուշագրաւն այն է, որ Պահչելիի ելոյթին արձագանքել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրտողանը: «Մենք ակնկալում ենք, որ բոլորը կը հասկանան՝ Թուրքիայում ահաբեկչութիւնը տեղ չունի: Մենք ցանկանում ենք, որ այդ բացեւած պատուհանը չզոհաբերուի (քաղաքական) հաշուարկներին: Մեր ձգտումն է կառուցել Թուրքիա, որտեղ ահաբեկչութիւնը տեղ չի ունենայ»:

Եթէ նկատի ունենանք, որ նախագահական վերջին ընտրութիւններում Էրտողանը երկրորդ փուլում յաղթել է նաեւ շնորհիւ Ազգայնական շարժում կուսակցութեան աջակցութեան, որի հետ իշխող Արդարութիւն եւ զարգացումը խորհրդարանում կոալիցիոն գործընկեր է, ապա Քրտական բանուորական կուսակցութեան առաջնորդի «մեկուսացումը հանելու» մասին քննարկումներ չէին սկսուի առանց Էրտողանի համաձայնութեան:

Ըստ էութեան՝ իրավիճակին նրա տուած գնահատականն անուղղակիօրէն վկայում է, որ Էրտողանը քննարկում է Օճալանի հետ բանակցութիւնների տարբերակը եւ, գուցէ, կը համաձայնի նրան պատժի հետագայ կրումից ազատել, եթէ ՔԲԿ-ն լուծարուի եւ նրա ռազմական թեւը զէնքը վայր դնի:

Բայց սա, երեւի, չափազանցուած լաւատեսութիւն է: Մեծ է հաւանականութիւնը, որ Թուրքիայի նախագահը պարզապէս հանդուրժողականութեան եւ ներքին կեանքի բարեփոխման պատրաստակամութեան իմիտացիա է անում, իսկ իրականում նախապատրաստւում է ՔԲԿ դէմ պատերազմի՝ ինչպէս Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն է խնդիր դրել մեկառմիշտ արմատախիլ անել ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլան»:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եթէ անգամ Օճալանը բանտից կամ խորհրդարանի ամպիոնից յայտարարի, որ ՔԲԿ-ն լուծարւում է, քրդերն այլեւս Թուրքիայի դէմ զինուած պայքարի չեն մղի, նրա կոչը քրտական շրջանակներում կը մնայ չպահանջուած: Եւ դրանում առաջինը շահագրգռուած կը լինի Էրտողանը:

Այդ դէպքում նա աշխարհին կը ներկայանայ «չհասկացուած խաղաղարարի» կերպարով եւ կը լեգիտիմացնի ոչ միայն իր երկրի տարածքում, այլեւ Իրաքում եւ Սիրիայում «քուրտ ահաբեկիչների դէմ յատուկ ռազմական գործողութիւն իրականացնելու իրաւունքը»:

Թուրքիայի նախագահի ընտրութեան շուրջ հնարաւոր կը լինի աւելի հանգամանալի դատել, եթէ իշխող Արդարութիւն եւ զարգացումն ու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը նոր սահմանադրութեան հարցով քննարկումներ սկսեն՝ ինչպէս աւելի վաղ պայմանաւորուել են Էրդողանը եւ Օզէլը: Մինչ այդ բարդ է կողմնորոշուել, թէ իրականում ի՞նչ է մտադրուել Ռեճէփ Թայիպ Էրտողանը:

Վահրամ Աթանէսեան
1in.am
23 Հոկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ