2020 թուականի սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիեւի գլխաւորութեամբ Ատրպէյճանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով մի շարք միջազգային նորմեր եւ սկզբունքներ.

1. ՄԱԿ-ի Կանոնադրութիւն

ՄԱԿ-ի Կանոնադրութեան 2-րդ յօդուածի 4-րդ կէտը պարտաւորեցնում է պետութիւններին զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից կամ դրա կիրառման միջոցով ցանկացած պետութեան տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան դեմ ոտնձգութիւնից, ինչպէս նաեւ այլ գործողութիւններից, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի նպատակների հետ։

2. 1994 թուականի Պիշքէքի հրադադարի համաձայնագիր

1994 թուականին ստորագրուած Պիշքէքի արձանագրութիւնը հաստատում է հրադադար Հայաստանի, Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։ Ռազմական գործողութիւնների վերսկսումը այս համաձայնագրի խախտում է։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտաւորութիւններ

Ատրպէյճանը եւ Հայաստանը համաձայնել են ներգրաւուել խաղաղ բանակցութիւններում՝ Մինսքի խմբի հովանու ներքոյ։ Ռազմական գործողութիւնների սկսումը հակասում է այս պարտաւորութիւններին եւ խաթարել է բանակցային գործընթացը։

4. Միջազգային հումանիտար իրաւունքի խախտումներ

Ռազմական գործողութիւնների ընթացքում, ինչպէս նաեւ նոյեմբերի 9-ից յետոյ, խախտուել են միջազգային հումանիտար իրաւունքի նորմեր, ներառեալ քաղաքացիական բնակչութեան դէմ յարձակումները եւ արգելուած զինատեսակների կիրառումը։

5. Մարդու իրաւունքների խախտումներ

Ռազմական գործողութիւնների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրաւունքների զանգուածային խախտումներ, ներառեալ խոշտանգումներ, գերի պահուած զինուորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունք։ Դրանք հակասում են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի եւ Ժնեւեան կոնվենցիաների դրոյթներին։

6. ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւեր

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1990-ական թուականներին ընդունուած 822, 853, 874 և 884 բանաձեւերը կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ սկսել բանակցութիւններ, 2020 թուականի պատերազմի ընթացքում դրանց պահանջները չպահպանուեցին։

7. Բնակչութեան տեղահանում

Պատերազմի ընթացքում եւ արդիւնքում հազարաւոր մարդիկ դարձան տեղահանուած, ինչը խախտում է միջազգային իրաւունքի նորմերը, մասնաւորապէս՝ 1951 թուականի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան եւ ներքին տեղահանուած անձանց իրաւունքների մասին ՄԱԿ-ի ուղեցոյցները։

8. Ռազմական յարձակումներ մշակութային ժառանգութեան օբյեկտների վրայ

Միջազգային նորմերով, այդ թւում՝ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգութեան պահպանման մասին կոնվենցիայով, արգելւում է մշակութային եւ կրօնական օբյեկտների դէմ ռազմական յարձակումները։ 2020 թուականի պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ հաղորդումներ են եղել մշակութային ժառանգութեան օբյեկտների վնասման մասին։

9. Քիմիական եւ արգելուած զինատեսակների կիրառում

Ռազմական գործողութիւնների ընթացքում օգտագործուել են ֆոսֆորային զինատեսակներ, ինչը խախտում է 1980 թուականի Ոչ սովորական զինատեսակների մասին կոնվենցիան։

_______________

Փորձենք թուարկել այս յանցագործութիւնների համար հնարաւոր պատիժները

– Միջազգային մեկուսացում – Պետութիւնը կարող է բախուել միջազգային մեկուսացման, ինչը նշանակում է տնտեսական, քաղաքական եւ դիւանագիտական սահմանափակումներ։

-Տնտեսական պատժամիջոցներ – Գլոբալ տնտեսական պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել բանկային աքթիւների սառեցում, առեւտրային սահմանափակումներ եւ ներդրումային արգելքներ։

-Ազատազրկում – Ալիեւը, այդ թւում նաեւ Ատրպէյճանի քաղաքական եւ ռազմական առաջնորդները, որոնք ուղիղ մասնակցութիւն են ունեցել 44 օրեայ պատերազմին կարող են ենթարկուել ազատազրկման ՄՔԴ-ի (Միջազգային քրէական դատարանի) որոշմամբ։

-Ռազմական միջամտութիւն (սա յատկապէս պատերազմից վախեցող եւ հայաստանցիներին պատերազմով վախեցնող Հայաստանի իշխանութիւնների համար) – Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ լայնամասշտաբ յարձակման դէպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշմամբ, հնարաւոր է ռազմական միջամտութիւն։

-Միջազգային դատավարութիւն – Վերոնշեալ յանցագործութիւններից ցանկացածի հետ կապուած միջազգային քրէական դատարանների կողմից դատական գործեր, որոնք կարող են յանգեցնել քրէական պատասխանատուութեան եւ ազատազրկման։

-Միջազգային ճնշում եւ դիւանագիտական միջոցառումներ – Միջազգային հանրութեան ճնշում՝ ներառեալ դիւանագիտական միջոցառումներ, տնտեսական պատժամիջոցներ, մարդասիրական օգնութեան սահմանափակումներ եւ այլ միջազգային պատժամիջոցներ (սրանք մասնակի կիրառում ունեցել են)։

____________

Ինչպէս Փութինի դէպքում, ի դէմս Ալիեւի, մենք գործ ունենք միջազգային յանցագործի հետ, որը, ի տարբերութիւն մեզ, լաւ հասկանում է իր արած քայլերի դիմաց հնարաւոր պատիժների խստութիւնն ու դրանց հետեւանքները։ Ալիեւը հասկանում է նաեւ պատժի անխուսափելիութեան մասին։ Նա հասկանում է, որ եթէ ոչ Հայաստանի այս իշխանութիւնները, ապա առնուազն յաջորդները, իրենց իրաւունքները վերականգնելու համար գնալու են Ատրպէյճանին պատասխանատուութեան կանչելու ճանապարհով։ Դա է պատճառը, որ նա ամէն ինչ անելու է Հայաստանը լուծարման տանելու համար, որպէսզի չլինի միջազգային իրաւունքի սուբյեկտ, որը պահանջներ կ՛ունենայ իրենից կամ իր սերունդներից։ Խոստանալ «ներել» նրա յանցագործութիւնները՝ ինչ-որ վերացական «խաղաղութեան խաչմերուկ» սարքելու անուան տակ, Ալիեւի նման յանցագործի համար գրոշ չարժէ։ Նա կը սարքի այդ խաչմերուկը Հայաստանի տարածքում, բայց Հայաստանը կը դադարի գոյութիւն ունենալ որպէս ինքնիշխան պետութիւն։

Մեր պետականութիւնը առաջին հերթին մեզ պէտք է յուզի։ «Խաչմերուկ» կւ լինի այստեղ, թէ «շրջանաձեւ երթեւեկութեան գօտի», էական չէ։ Էականը այն է, թէ որքանով է Հայաստանի Հանրապետութիւնը համապատասխանում իր հռչակած արժէքներին՝ արդեօք մարդը Հայաստանի Հանրապետութիւնում բարձրագոյն արժէք է, եւ պաշտպանուած են նրա հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, արդոօք իշխանութիւնների տարանջատման սկզբունքը գործում է, արդեօք դատական համակարգը անկախ է, արդեօք մրցակցային եւ համագործակցային միջավայրը ազատ է, ու էդպիսի «արդեօք»-ների մի ամբողջ շարք կարելի է թուարկել։

Սակայն, ակնյայտ է, որ այսօր՝ քաղաքական մտքի սնանկութեան պայմաններում, երբ քաղաքականութեան մէջ յայտ ներկայացրածների քաղաքական օրակարգը մի կողմից եռաչափ աշխարհում «երկչափ խաչմերուկից» աւելի չի կարողանում առաջարկել, իսկ միւս կողմից ամէնատարրական հոգեւորսութիւն է յիշեցնում, մենք այլ բան չունենք անելու, քան փորձել մէկտեղել մեր նիւթական ու մտաւոր ներուժը եւ կայացնել նոր գաղափարական քաղաքական միջավայր՝ արժէհամակարգային առումով ազգային ու պետական նոր գործիչներ ու ուժեր ծնելու կարողութեամբ նոր միջավայր։

Հնարաւո՞ր է դա անել՝ այո, հնարաւոր է։ Կարո՞ղ ենք դա անել՝ այո, կարող ենք։ Պէ՞տք է դա անել՝ պարտաւոր ենք… Եւ ով եթէ ոչ մենք միասին պիտի անենք դա։

Մենք պարտաւոր ենք եւ կը ստեղծենք Հայաստանի Հանրապետութիւն, որը յենւում է բարձրագոյն արժէքների վրայ, որտեղ իւրաքանչիւր մարդ պաշտպանուած է, եւ մեր պետականութիւնը օրինակ է միջազգային ասպարէզում։ Համոզուած եղէք, որ միասին մենք կարող ենք յաղթահարել բոլոր մարտահրաւէրները եւ կառուցել մեր երազանքների երկիրը։ Հակառակը՝ չի կարող լինել։

Գարեգին Միսկարեան
Ֆէյսպուքեան Էջ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ