Հնդկաստանի ներկայութիւնը տարածաշրջանում չի սահմանափակւում միայն Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութեամբ։ Հնդկաստանի կառավարութեանը մօտ գտնուող վերլուծական կենտրոնի՝ Տելիում տեղակայուած Observer Research Foundation-ի յօդուածում նշւում է, որ Երեւանի հետ սերտ համագործակցութիւն է իրականացւում նաեւ հետախուզութեան ոլորտում։ Վերլուծաբանները կարծում են, որ նման փոխգործակցութիւնը կարող է «օգնել իրացնել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների ողջ ներուժը»։

Յօդուածում նշւում է, որ Ուքրաինայի դէմ ակրեսիայի արդիւնքում նուազել է Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցութիւնը, որը հանդիսանում էր Հարաւային Կովկասի «անվտանգութեան աւանդական երաշխաւորը»։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան վերահսկողութեան համար հետագայ բազմակողմ պայքարում Հայաստանը ձգտում է վերանայել իր ռազմավարական դիրքը՝ հեռանալով իր յետխորհրդային ինքնութիւնից։ Այս տեղաշարժը հաստատեց Երեւանի համար ռազմավարական գործընկերների աւելի մեծ բազմազանութեան անհրաժեշտութիւնը, եւ Հնդկաստանը վայելում է Հայաստանի վստահութիւնը։ Երկկողմ պաշտպանական համագործակցութիւնը սկսել է ամրապնդուել 2020 թուականից։ Այս համատեքստում Հնդկաստանի հետ անվտանգութեան սերտ կապերը, յատկապէս հետախուզութեան ոլորտում, առանձնայատուկ նշանակութիւն են ստանում, ասւում է հրապարակման մէջ.

«Կոնկրէտ հարցերի շուրջ հետախուզական տուեալների փոխանակումը կը հասնի երկու հիմնական ընդհանուր նպատակի. նախ, դա կարող է աւելի մեծ կշիռ տալ երկկողմ յարաբերութիւններին։ Երկրորդ, դա թոյլ կը տայ երկու երկրների քաղաքական գործիչներին կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում գործընկերութեան շրջանակում բացայայտել մերձեցման ոլորտները, հնարաւորութիւնները եւ սպառնալիքները», – նշում է Observer Research Foundation-ը:

Հնդկական ուղեղային կենտրոնն այնուհետեւ գրում է, որ 2022 թուականի վերջին Հայաստանի կառավարութիւնը սկսեց վերակազմաւորել եւ բարեփոխել իր հետախուզական համայնքը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Ազգային անվտանգության ծառայութեանը (ԱԱԾ): Փոփոխութիւնները պայմանաւորուած են ինչպէս աւելի մեծ հետախուզական հսկողութիւն ապահովելու, այնպէս էլ ենթադրեալ ռուսական պառակտիչ գործունէութիւնը յետ մղելու ցանկութեամբ: Փոփոխութիւնները ենթադրում են հնդկա-հայկական հետախուզութեան աւելի սերտ համագործակցութեան մեծ ներուժ:

«Ամէնանշանակալից փոփոխութիւնը 2022 թուականին ՀՀ արտաքին հետախուզութեան ծառայութեան (ԱՀԾ) ձեւաւորումն էր։ ԱՀԾ-ի  ստեղծումը արտացոլում է Հայաստանի ցանկութիւնը՝ դիվերսիֆիկացնել իր ռազմավարական գործընկերութիւնները՝ փոփոխուող տարածաշրջանային կարգի համատեքստում: Պատմական եւ մշակութային ուղեբեռից ազատ արտաքին հետախուզութեան նոր ծառայութեան ձեւաւորումը պայմանաւորուած էր ղարաբաղեան երկրորդ պատերազմում Հայաստանի տարածքի անվտանգութիւնը Ռուսաստանի կողմից չապահովելու ձախողմամբ եւ Մոսկուայի արմատաւորուած գործակալների հետ կապուած մտահոգութիւններով», – նշում են հնդիկ վերլուծաբանները:

Observer Research Foundation-ի վերլուծութեամբ, հնարաւոր համագործակցութիւնը կարող է ներառել փոխըմբռնման յուշագրերի ստորագրում հետախուզական տուեալների փոխանակման համար: Յօդուածում նշւում է նաեւ, որ Հայաստանի հետախուզական համայնքում իրականացուող բարեփոխումները նաեւ մեծացնում են Հնդկաստանի կարողութիւնը՝ ամրապնդելու իր դիրքը՝ որպէս Հայաստանի հետախուզական գործընկեր։ Չնայած այս բարեփոխումները ցոյց են տալիս ռուսական ազդեցութիւնից հեռացում, աշխարհառազմավարական հանգամանքները պահանջում են հայկական եւ ռուսական հետախուզական ծառայութիւնների միջեւ յետադարձ կապի որոշ ուղիների պահպանում: Հնդկաստանի հետ հետախուզութեան սերտ համագործակցութիւնը թոյլ կը տայ Հայաստանին բարեփոխումներ իրականացնել իր ներքին հետախուզական համայնքում:

«Հայաստանը, նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական հանգոյց, Հնդկաստան փնտռում է փորձագիտական գիտելիքներ, նիւթական ռեսուրսներ, ինչպէս նաեւ ռազմավարական ոլորտներում արտադրութեան եւ նախագծման հնարաւորութիւններ, ինչպիսիք են կիսահաղորդիչները եւ տիեզերական տեխնոլոգիաները: Նոյնկերպ, հնդկական ընկերութիւնները ձգտում են օգտուել Հայաստանի արագ զարգացող, բայց համեմատաբար չօգտագործուած ներքին տեխնոլոգիական շուկայից: Այս ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման եւ երկկողմ համագործակցութեան ապահովումն առանցքային է, եւ հետախուզական համագործակցութիւնը կարեւոր գործիք է այս համագործակցութեան մէջ»,- նշւում է յօդուածում։

Հնդկական վերլուծական կենտրոնը նաեւ ընդգծում է, որ հետախուզութեան ոլորտում Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան աճը կարող է իրականացուել միայն ընդհանուր արտաքին անվտանգութեան սպառնալիքների համատեքստում։ Սա ներառում է Թուրքիա-Փաքիստան ռազմավարական առանցքը եւ դրա ազդեցութիւնը Հարաւային Կովկասի վրայ։

Ըստ հրապարակման, Թուրքիա-Փաքիստան-Ատրպէյճան առանցքի առաջացումը համընկել է Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման հետ։ Փաքիստանի հետ Թուրքիայի սերտ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ Անգարայի աջակցութիւնը Քաշմիրի հարցում Իսլամապատի դիրքորոշմանը՝ վատթարացրել են Անգարայի եւ Տելիի յարաբերութիւնները: Իր հերթին, Փաքիստանը մշտապէս աջակցել է Ատրպէյճանի դիրքորոշմանը ղարաբաղեան հարցում եւ երբեք դիւանագիտական յարաբերութիւններ չի հաստատել Հայաստանի հետ։ Հնդկաստանը, ընդհակառակը, սկսեց սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ ընդդէմ Փաքիստանի, Թուրքիայի եւ Ատրպէյճանի: 

Observer Research Foundation-ը նշում է, որ Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ առկայ յարաբերութիւնները բարենպաստ շրջանակ են ստեղծում երկու երկրների արտաքին հետախուզական ծառայութիւնների համագործակցութեան եւ տեղեկատուութեան փոխանակման համար։ Հայաստանի հետ Հնդկաստանի հետախուզական համագործակցութիւնն ուղղուած է լինելու Փաքիստանի եւ Թուրքիայի, ինչպէս նաեւ տարածաշրջանում նրանց գործունէութեան դէմ: Հետախուզական համագործակցութեան մէկ այլ ուղղութիւն, ինչպէս նշում է հնդկական վերլուծական կենտրոնը, տարածաշրջանային կապի խնդիրներն են, որոնք գնալով աւելի կարեւոր դեր են խաղում երկկողմ անվտանգութեան յարաբերութիւններում։

«Հնդկաստանն աւելի ու աւելի է ձգտում նուազեցնել իր տնտեսական եւ տարանցիկ կախուածութիւնը Թուրքիայից եւ թուրքական դաշնակիցներից, ինչպիսին է Ատրպէյճանը՝ Հայաստանը պրոյեկտելով որպէս այլընտրանքային տարանցիկ հանգոյց այնպիսի նախագծերում, ինչպիսին է Հիւսիս-Հարաւ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Հնդկաստանը եւրոպական շուկաներին: Նման պայմանաւորուածութիւնները տնտեսական օգուտներ բերեցին ինչպէս Հնդկաստանին, այնպէս էլ՝ Հայաստանին, ընդ որում, Հնդկաստանն օգտագործում էր իր ներդրումները Իրանի Չապահար նաւահանգստում՝ հեշտացնելու հայկական առեւտուրը նաւագնացութեան ուղիներով: Դա նաեւ խաթարում է Թուրքիայի կարողութիւնը՝ օգտագործելու իր աշխարհառազմավարական ազդեցութիւնը՝ որպէս տարածաշրջանում տարանցիկ հանգոյց: Այս ֆոնին կենսական նշանակութիւն ունի, որ Հնդկաստանի եւ Հայաստանի հետախուզութեան պաշտօնեաները կանոնաւոր կերպով համագործակցեն ռազմավարական հարցերի շուրջ», – նշւում է յօդուածում։

Հրապարակ օրաթերթ
22 Հոկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ