Լուսանկարում օրեր առաջ փրկուած ականաւոր պատմաբան ու հնագէտ Գէորգ Տիրացեանի շուրջ 500 միաւորից բաղկացած լուսանկարչական արխիւն է: Այն փրկուեց շատ պատահականօրէն, երբ ինչ որ մէկը որոշել էր ազատուել յիշողութեան այդ «բեռից» եւ ողջ լուսանկարչական արխիւը նետել էր յարակից աղբարկղ: Երջանիկ պատահականութեամբ այդ նոյն աղբարկղը քրքրող անօթեւան մէկը, տեսնելով այս լուսանկարները, որոշում է այն իրացնել Վերնիսաժում, որտեղից ծանօթ հնավաճառներն առաջինը կապնուեցին ինձ հետ: Պատահական դիպուածի արդիւնքում այս լուսանկարները չեն յայտնւում Նուբարաշէնի աղբանոցում: Լուսանկարներում առկայ են նաեւ պեղման աշխատանքների ու պեղածոյ իրերի բազմաթիւ լուսանկարներ: Լուսանկարները նուիրատուութեան կարգով յանձնել եմ Հայաստանի պատմութեան թանգարանին: Որոշ կրկնօրինակներ կը յանձնուեն ՀՀ ԳԱ Հնագիտութեան ու ազգագրութեան ինստիտուտին:

Ցաւօք, ականաւոր պատմաբան-հնագէտի նամականին չյաջողուեց փրկել, քանի որ այն արդէն ոչնչացուել էր: Խնդիրը չափազանց լուրջ է եւ առաջին հերթին վերաբերւում է մեր յիշողութեան ու մշակութային ժառանգութեան հանդէպ անհատական մակարդակից մինչեւ գերատեսչականը եղած կրաւորական ու մերժողական կեցուածքին: Մշակութային քաղաքականութիւնը սեփական վիճելի ձեւակերպումներով աշխարհայեացքը պարտադրելը չէ, ոչ էլ քաղաքական ժամանակավրէպ օրակարգերին ծառայեցնելը: Հայկական մշակոյթի ու մշակութային ժառանգութեան մարգինալացման ու ամբոխահաճոյ միջոցառումների կազմակերպման փոխարէն, արժէր մշակել իրական քաղաքականութիւն այս ու նմանատիպ նախճիրներից ապահովագրուելու համար:

Մինչդեռ ԿԳՄՍ-ն զբաղուած է ֆեստիվառների ու անճաշակ միջոցառումների կազմակերպմամբ` պետական բիւջէի միջոցները մսխելով տարբեր տրամաչափի յաջողակ ժուլիկների ատկատային գաղափարներն իրականացնելով: Սա մերօրեայ ողբերգութեան մէկ այլ դրսեւորում է, որտեղ առաջնայինը սեփական բիւջեն հեշտ ու արագ, սակայն օրինականին մօտ ձեւակերպումներով հարստացնելն է: Բեմեր տեղադրելն ու քանդելը, հրավառութիւններով Երեւանի շէնքերը վթարային դարձնելը այլեւս կարելի է համարել հայկական մշակութային քաղաքականութիւնը ներկայացնող սպորտաձեւ: Այս կեղծ թոզփչոցին նոր չէ, այն վաղուց մշակուած կոռուպցիոն սխեմա է իր բոլոր բաղադրիչներով, որը գնալով աւելի ու աւելի է զարգանում իրական մշակութային քաղաքականութեան փոխարէն:

Ո՞վ է Գէորգ Տիրացեանը

1940-ականներին ընտանիքի հետ Ռումինիայից հայրենադարձուելով, Գ. Տիրացեանը 1952 թ. ընդունւում է Գիտութիւնների ակադեմիայի պատմութեան ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Բորիս Պիոտրովսկին։ Գ. Տիրացեանը Կարմիր բլուրի եւ Գառնիի հնագիտական արշաւախմբերի անդամ է եղել: Նրա հետազօտութիւնների անկիւնաքարն են դարձել հին Հայաստանի մայրաքաղաք Արմաւիրի պեղումները, որոնց վերաբերեալ պատմաբանը հրատարակել է շուրջ քառասուն գիտական աշխատութիւններ։ 1957 թ. Գէորգ Տիրացեանին շնորհւում է պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի եւ բաղնիքի պեղումներին նուիրուած ատենախօսութեան համար։ Գիտութիւնների ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959 թուական) մինչեւ իր կեանքի վերջը Գէորգ Տիրացեանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում որպէս աւագ գիտաշխատող, այնուհետեւ՝ հին Հայաստանի հնագիտութեան բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), ապա տնօրէն (1988-1993)։

Հայկ Տեմոյեան
Ֆէյսպուքեան էջ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ