
Արուեստը…Տիեզերքի անձնագիրն է, որի ձեւին ու բովանդակութեանը նայելով միայն, կարելի կը լինի բնութագրել գոյութեան սկիզբն ու վերջը, եւ վերջից յետոյ՝ նաեւ անվերջութեան քարտէզը։ ԱՐՈՒԵՍՏԸ՝ Մեծ պայթիւնից, մինչեւ յաւերժութիւն ձգուող ճանապարհն է, որտեղ ապրում է հազուագիւտ Մարդը։ Մարդը… Բեմից դուրս կամ բեմում, բացում է բերանը եւ նրա հոգին, ձայնի միջոցով տիեզերքի բոլոր ընծաները վերադարձնում է տիեզերքին…Եւ դա կոչւում է երգ …Ներդաշնա՜կ, խորապէս յուզող, բիւրաւոր այլ հոգիների հետ մտերմացող, ընկերացող, ազդո՛ղ… Նոյնն է անում խօ՛սքը…Բառը…Միտքն ու զգացումը համատեղա՛ծ խօսքը, որը բանաստեղծութիւն է կամ պատմուածք, վէպ է կամ էսսէ, եւ բոլորը՝ արեւի տակ, մեծ պայթիւնից ցաք ու ցրիւ եղած բջիջների, գազերի, ջրերի, հողերի, եղէգների, բաց կապոյտ մանր դաշտածաղիկների աշխարհ են ստեղծում…Տաղանդաւոր հանճարները կամ հանճարեղ տաղանդաւորները, աւելի մօ՛տ են լինում կրակ- արեւին, աւելի մօ՛տ՝ մեծ պայթիւնի պատմութեան առաջին տողերին, եւ աւելի՛ շատ ու շուտ են եռում նրանք, եռման ջրի պէս գոլորշիանում, վերադարձնելով տիեզերքին՝ տիեզերքի հոգին… Ու յանկարծ հնչում է մի սիմֆոնիա…Չունի՛ մրցակից տիեզերքում…Ոչ մի նիւթեղէն հոգի կամ հոգեղէն նիւթ մարդուց բացի՝ արուեստ չի կարող ստեղծել, սիմֆոնիա չի՛ կարող ստեղծել եւ չի՛ կարող ողջ կենդանական աշխարհից՝ ովկիանոսների յատակից, ջրերի մակերեսից, գետերից, լճերից, լեռներից ու ձորերից, անխտիր բոլոր տեսակի ոչ-մարդ բնակիչներից իրար կողք-կողքի բերել մի խմբի, որն ունակ կը լինի սիմֆոնիա նուագել՝ զգալ նո՛յն ռիթմը, զգալ երաժշտութիւնն իր շերտերով, զգալ ապրո՛ւմը, զգալ մեղմութիւնն ու յանդգնութիւնը, զգալ տիեզերքի բաբախող սրտի լացն ու ծիծաղը, սէրն ու կիրքը, կարօտն ու հրաժեշտը, ծնունդն ու մահը… ՄԵծ պայթիւնից թափուած մանր ու անտեսանելի թուացող այս էակները ստեղծել են մի բան, որը տիեզերքի մասին պատմող բազմահատոր բառարան է, գոյութեան սկզբն ու վերջը իրար կապող շղթայ, առանց որի, սկիզբը կը կորցնի իր վերջը եւ վերջը կ՛ուրանայ իր սկզբին։ Ի սկզբանէ էր ո՞ր բանը…Եւ արդեօք միեւնո՞յն է, թէ ո՞ր բանն էր ի սկզբանէ… Արուեստը հենց ա՛յդ հարցն է բարձրացնում…Մի կտոր կտաւի վրայ մի քանի գոյն, վրձինը թաթախում ես ներկի մէջ ու յանկարծ՝ ներսդ փոխում է սովորական էակի իր ապրելակերպը եւ սկսում է ահռելի փոփոխութիւն կրել. տակնուվրայ է ներաշխարհը։ Յուզւում է նկարիչը։ Ականջների մէջ սիմֆոնիա կայ, կայ բանաստեղծութիւն, կայ երգ, կայ ձեւի ու բովանդակութեան համատեղումը եւ դրանց արձանագրումը կտաւի, թղթի, քարի, մաշկի կամ գետնի վրայ… Որեւէ մոլորակ կը սկսէր կեանքի համար նպաստաւոր լինել, եթէ այնտեղ եւս ի սկզբանէ լիներ բանը՝ բանալի՛ն, բան ու գո՛րծը…Գո՛րծը՝ ստեղծաԳՈՐԾԸ… Իսկ մարդը բան է, երբ ստեղծում է արուե՛ստ…Մարդը բան է, երբ այնպիսի՛ փոփոխութիւններ է առաջացնում իր եւ իր նման հարիւր, հազար, տասնեակ հազար, հարիւր հազար, միլիոնաւորների միտք-հոգու բջիջներում, այնպիսի՛ ալիքներ բարձրացնում, կամ այնպիսի՛ ալեկոծութիւններ հանդարտեցնում, այնպիսի՛ աղաղակներ լռեցնում եւ լռութիւններ՝ վերածում աղաղակների, որ ի սկզբանէն շարունակւում է, ապրում, սնւում, հասակ առնում, աշխատում, ստեղծում, կեանք անում… ԱՐՈՒԵՍՏԸ…ԲԱՆԱԼ-ին է կեանքի դրան, որը երբ բացւում է՝ անմահութիւնն է սկսւում։
Նուշիկ Միքայէլեան
Ֆէյսպուքեան Էջ







Մեկնաբանէ