Նման Բանակցողների Պարագայում Լարսի Յոյսին Ենք Մնալու

Ալիեւեան Ատրպէյճանը չի բաւարարւում 2020-ի նոյեմբերին գրանցած յաղթանակով, չի բաւարարւում հայկական տարածքներ մխրճուելով ու այդ տարածքներում տեղակայուելով, չի բաւարարւում Արցախի օկուպացմամբ ու Արցախի հայաթափմամբ։ Նրանց նպատակը Հայաստան պետութեան չէզոքացումն է։ Խօսքը ոչ թէ պետութեան վերացման, այլ տարածաշրջանում մեր երկրի դերի զրոյացման, ինքնիշխանութեան ամէնացածր մակարդակի վրայ պահելու ու Պաքուի թելադրանքներին հնազանդեցնելու մասին է։

Այս պատճառով էլ անընդհատ նորանոր պահանջներ են հնարում, որոնց կատարումը կարող է Հայաստանի ինքնիշխանութեան եւ արժանապատուութեան հաշուին լինել միայն։

Նրանք ականապատ դաշտերի քարտէզներ էին պահանջում, որոնց դիմաց պէտք է ազատ արձակէին հայ գերիներին։ Քարտէզները ստացան, շատ գերիներ, բայց, Ատրպէյճանում են։ Նրանք Հայաստանի Սահմանադրութիւնը փոխել են պահանջում, որն, իբր, հաշտութեան պայմանագիրը ստորագրելու խոչընդոտ է։ Նրանք պահանջում են դատել Հայաստանում նրանց, ովքեր մասնակցել են Ատրպէյճանի դէմ պատերազմին։ Նրանք, Հայաստանի վերահսկողութիւնից դուրս, Սիւնիքով դեպի Նախիջեւան միջանցք են պահանջում։ Ցանկանում են հատել Հայաստանի սահմանը, երթեւեկել Հայաստանի տարածքով եւ չհանդիպել Հայաստանի սահմանապահներին, մաքսաւորներին ու ոստիկաններին։ Յղում են կատարում 2020-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կէտին, որի միւս բոլոր կէտերն իրենք խախտել են հիմնովին։ Իրենց պահանջի կատարումը տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիների բացում են անուանում։ Ակնարկում են, թէ դա կարող է Հայաստանի ապաշրջափակման նախապայման լինել։

Պաքուի կեցուածքն ու Պաքուի վերջնագրեր յիշեցնող պահանջները ցոյց են տալիս, որ Ատրպէյճանը հաշտութեան գնալու տրամադրուած չէ բոլորովին, որ Սիւնիքով իր պահանջած միջանցքը ստանալու դէպքում անգամ (եթէ, իհարկէ, ստանայ) Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղութեամբ քայլ չի անելու։ Հակառակը՝ աւելին է խորացնելու այն՝ ներառելով նաեւ Իրան-Հայաստան հատուածը։

Թուրքիան անընդհատ կրկնում է, որ Հայաստանի հետ սահմանը կը բացի եւ նորմալ յարաբերութիւններ կը սկսի, երբ կը կարգաւորուեն հայ-ատրպէճանական յարաբերութիւնները: Իսկ Ատրպէյչանը նորանոր պահանջներ առաջ քաշելով, կրկնելով յօրինուածքը, թէ Հայաստանը Ատրպէյճանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունի, սահմանային կրակոցների մասին կեղծ տեղեկութիւններ տարածելով, լոկալ կամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը թարմ պահելով, սադրանքների դիմելով, յարաբերութիւնների կարգաւորման չի գնալու ու աւելի է խորացնելու լարուածութիւնը։ Ամէն ինչ անելու է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու հիմք չլինի, եւ Հայաստան-Թուրքիա սահմանը չբացուի։ Որ Հայաստանով անցնող ճանապարհներ չլինեն։ Որ Հայաստանը դէպի աշխարհ դուրս գալու հնարաւորութիւն չունենայ, որ լաւագոյն դէպքում Լարսի յոյսին մնայ։

Եթէ հեռատես գործիչներ ունենայինք ու մինչեւ 2020 թուականը գնայինք Ատրպէյճանի հետ հաշտութեան, ապա չէր լինի պատերազմը, չէր լինի պարտութիւնը, ու այս վիճակը չէր լինի։ Կը պայմանաւորուէինք որպէս երկու հաւասար հարեւաններ, որոնք հակամարտութեան լուծման ճանապարհն են ընտրում: Կ՛ունենայինք բաց սահմաններ եւ զարգացող երկիր։ Անգամ 2020- ի պատերազմից ու պարտութիւնից յետոյ էր հնարաւոր ունենալ շատ աւելի շահեկան վիճակ, քան ունենք այսօր: Դրա համար պէտք էր գործել արագ ու լինել շրջահայեաց։ Պէտք էին կարող բանակցողներ։ Կար Արցախը, կար Հայաստանի հետ կապը, ընթանում էին բանակցութիւններ, եւ Ատրպէյճանը դեռ չէր յանգել հարցն ուժով փակելու մտքին։ Նման լուծումը հնարաւոր համարեցին 2021-ի արտահերթ ընտրութիւններից յետոյ միայն, երբ տեսան, որ դրանց արդիւնքում Հայաստանը շարունակում են ներկայացնել նրանք, ովքեր բանակցել չեն կարողանում, աջակիցներ ձեռք բերել չեն կարողանում, իրենց երկրի շահը ձեւակերպել ու ներկայացնել չեն կարողանում։ Ովքեր մոլորուած են ու անպաշտպան։

Այսօր էլ մոլորուած ու անպաշտպան վիճակը շարունակւում է ու Ալիեւին հնարաւորութիւն է տալիս իրականացնելու հնազանդ Հայաստան ունենալու ծրագիրը։ Նրա այս ծրագիրը կը խափանուի, եթե հայկական կողմը կը կարողանայ, առանց Ատրպէյճանից հնչող համաձայնութեան, պայմանաւորուել Թուրքիայի հետ ու ճեղքել շրջափակումը։

Պարզ է՝ Հայաստանը միայնակ այս խնդիրը լուծել չի կարող: Դրա համար ծանրակշիռ աջակիցներ ու ծանրակշիռ միջնորդներ են պէտք։ Նըունուալու փոխարեն, այս կամ այն կողմից նեղանալու, յարաբերութիւններ խզելու եւ կրկին դրանք վերականգնեու փորձեր կատարելու փոխարէն, Արեւմուտքից Արեւելք ու Արեւելքից Արեւմուտք դեգերելու փոխարէն, վերացական ծրագրեր հնչեցնելու փոխարէն, ինչպէս էլ որ դրանք կոչուեն՝ «Խաղաղութեան խաչմերուկ», թէ այլ կերպ, ճիշդ կը լինի ներգրաւուած դերակատարներին, լինեն նրանք Արեւմուտքում, թէ Արեւելքում, այնպէս մատուցել մեր խնդիրները, այնպէս ներկայացնել, որ նրանք տրամադրուեն ու ներգրաւուեն դրանց լուծման գործին։ Որ մեր խնդիրների լուծումն իրենց շահերի համատեքստում դիտարկեն, իրենց գործը համարեն։ Իսկ նման գործ գլուխ բերելու համար կրկին լուրջ բանակցող ունենալու մտքին ենք վերադառնում։

Այս իշխանութիւնները պէտք է հասկանան, որ իրենք չեն կարողանում, պէտք է հասկանան վիճակի լրջութիւնը, վիճակի ճակատագրականութիւնն ու իրենց շրջանակից դուրս կարողացողներ փնտռեն, օգտուեն իրենց շրջանակից դուրս եղած հնարաւորութիւններից։ Կարո՞ղ են քաջութիւն դրսեւորել ու գնալ նման քայլի։ Քիչ հաւանական է, բայց եթե շարունակեն փորձել իրենք, ինչպէս փորձել են մինչեւ այսօր, էլ աւելի վատ վիճակ ենք ունենալու։

Վարդան Յարութիւնեան
ԱլիքՄետիա
17 Հոկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ